Համացանցը հնարավորությունների անսահմանափակ տիրույթ է, ուր եթե հատկանշական ասելիք ունես, ապա անպայման գնում-հասնում է որոնողին: Լինելով գրող, թարգմանիչ եւ խմբագիր՝ ֆեյսբուքյան իմ օգտահաշիվն ակամա վերածել եմ այնպիսի հարթակի, ուր հաջողվել է ստեղծագործություններս, հոդվածներս հասցնել ոչ միայն ընթերցողների լայն շրջանակի, այլ նաեւ ստեղծել մասնագիտական փոխներգործուն այնպիսի դաշտ, ուր ստանում եմ առաջարկներ, ձեւավորում կապեր գրականության շուրջ՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մեր երկրից դուրս:
Գրողական զգացողությամբ համագործակցում եմ այնպիսի արվեստագետների հետ, որոնք ընթացքի մեջ են, ունեն ինքնատիպ ձեռագիր, թարմ մտածողություն եւ արհեստավարժ աշխատելաոճ:
Այսպիսին է նաեւ թարգմանիչ, գրական խմբագիր եւ ոճաբան Անի Հովսեփյանը, որն ապրելով Իրանում՝ ընթերցասեր հանրությանն է ներկայացնում հայերենից պարսկերեն հատընտիր թարգմանություններ՝ ոչ միայն հայ դասական գրողներից, ինչպիսիք են՝ Սիամանթոն, Ակսել Բակունցը, Րաֆֆին, Հրանտ Մաթեւոսյանը, Պարույր Սեւակը, Մկրտիչ Արմենը, Վրեժ Իսրայելյանը, այլ նաեւ ժամանակակից՝ Վարդան Ֆերեշեթյանը, Հուսիկ Արան, Էդուարդ Հարենցը, Նարեկ Կիրակոսյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Աննա Դավթյանը, Զառա Բաբայանը, Աղավնի Գրիգորյանն ու այլք:
Առանց երկմտելու, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ ապավինելով բանաստեղծական իմ ոճին, լեզվամտածողությանը՝ մի քանի բանաստեղծություն էլ ես ուղարկեցի Անիին՝ խնդրելով թարգմանել պարսկերեն (հիմնականում գրողները նույն կերպ են վարվում, բայց թաքցնում են՝ չգիտես ինչու): Օրեր անց Անին արդեն իմ բանաստեղծություններից թարգմանել եւ հասցրել էր հրապարակել Վանկուվեր քաղաքի «Շահրգան» կայքէջում:
Անբռնազբոս ընձյուղվեց Անիի եւ իմ ծանոթությունը, երեւույթ, որը քիչ է պատահում արտակենտրոն արվեստագետների միջեւ:
Ո՞վ է Անի Հովսեփյանը:
Ծնվել է Թեհրանում, Իրանի թարգմանիչների ասոցիացիայի անդամ է, 2023 թ.ից մինչ այսօր Թեհրանի «Նարիման» հրատարակչության հայ գրականության բաժնի քարտուղարն է եւ հրատարակչության խմբագիրը: Խմբագրել է ավելի քան 35 գիրք, կատարել թարգմանություններ հայերենից պարսկերեն, պարսկեներից հայերեն:
2025 թ. դեկտեմբերին որպես հրավիրյալ պատվո խմբագիր կազմել եւ խմբագրել է Իրանում հրատարակվող պարսկալեզու գրական, գեղարվեստական եւ մշակութային «Նեվեշթա» եռամսյա միջազգային հանդեսի 65-րդ համարը, որն ամբողջովին նվիրված է հայ դասական եւ ժամանակակից գրականությանը՝ մի շարք իրանահայ եւ պարսիկ թարգմանիչների, լեզվաբանների համագործակցությամբ:
Անդրադառնալով թարգմանչի կատարած ծավալուն գործունեությանը, որի մի փոքր մասն եմ միայն ներկայացնում այս ակնարկում, ներքին ուրախություն եմ ապրում. շարունակվում են հայ-իրանական կապերը նաեւ այսպես, որոնք դարերի ընթացքում եղել են բազմաշերտ՝ ներառելով քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրոնական փոխազդեցություններ: Պարսկաստանը եղել եւ մնում է Հայաստանի հարեւանն ու բնական դաշնակիցը, իսկ հայերը մեծ դեր են խաղացել հարեւան այդ երկրի մշակութային ու տնտեսական կյանքում:
Գրականության մասին մեր զրույցներում Անիի հետ փորձեցինք համեմատել իրանական եւ հայ ժամանակակից գրականությունը: Թարգմանիչը գտնում է, որ ժամանակակից պարսիկ գրողներին ավելի հեշտ է հաջողվում դուրս գալ միջազգային գրական շուկա, իսկ ժամանակակից հայ գրողների մի մասը թեմայի ընտրության առումով դեռ պատրաստ չէ ձերբազատվել ներանձնային մտորումներից, ինչն էլ քիչ հետաքրքրական է դառնում միջազգային հրատարակիչների ու թարգմանիչների համար: Վերջինս հիմնականում վերաբերում է պոեզիային: Ըստ Անիի, իրանցի գրողներն ի սկզբանե գրում են նաեւ թարգմանվելու համար, այդ է պատճառը, որ ավելի դյուրին է թարգմանել նրանց ստեղծագործությունները, քան հայ ժամանակակից պոետները: Մյուս կողմից, գոյություն ունեն անհաշվելի պարսկական հին առակներ, բանահյուսությունը հարուստ է իմաստուն ասացվածքներով, որոնք փոխանցում են բարոյական ու սոցիալական արժեքներ եւ կիրառվում են ժամանակակից իրանական գրականության մեջ: Այս դեպքում թարգմանական պրոցեսը դժվարություններ է ներկայացնում՝ ասելիքը ճիշտ ու բնագրին մոտ ներկայացնելու առումով: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր այբուբենի որոշ տառեր պարսկերենում պարզապես գոյություն չունեն, սա էլ իր հերթին է թարգմանիչների շրջանում ստեղծում դժվարություններ, որպեսզի կարողանան խուսափել անիմաստ, ճապաղ ձեւակերպումներից: Թարգմանիչը նշում է, որ միեւնույն ժամանակ հայ գրականության մեջ երեւան են գալիս սյուրռեալիստական բացառիկ արձակ գործեր, եւ հայ հեղինակներն ավելի խորն են ստեղծագործում պատմվածքի, հատկապես պիեսի ժանրերում, քան իրանցի ժամանակակից գրողները: Իրանցի գրողներն էլ առանձնանում են նովելի ու վիպագրության ժանրերում: Հետաքրքրական էր Անիի դիտարկումն այն մասին, որ օտարի աչքով իրանական գրականությունը ճանաչելու համար ճիշտ է սկսել դասական հեղինակներից, իսկ հայ գրականության մասին նախնական պատկերացում կազմելու համար խորհուրդ է տալիս հակառակը՝ սկսել ժամանակակից գրողներին ընթերցելուց, հետո անցնել դասական հեղինակներին: Իմ հարցին, թե ինչո՞ւ է այդպես կարծում, թարգմանիչը պատասխանեց, որ իրանական ժամանակակից գրողները իրենց ստեղծագործությունները շատ են բխեցնում դասական գրականության ակունքներից:
Անի Հովսեփյանի համար թարգմանչական աշխատանքը զուգորդվում է նաեւ տվյալ լեզուն ներկայացնող երկրի մասին որոշակի պատկերացման, աշխարհընկալման ձեւավորումով, ազգային, մշակութային առանձնահատկություններին հաղորդակցմամբ: Հոլիստիկ այս մոտեցումից շահում են եւ՛ հեղինակը, եւ՛ թարգմանիչը:
Հայ հեղինակներին ընտրելիս՝ ստեղծագործությունները հավանության արժանացնելուց հետո, թարգմանիչը զրուցում է նրանց հետ, բացահայտում է լեզվամտածողությունը, կյանքի հանդեպ ունեցած խոհափիլիսոփայական հայացքները, անհանգստությունները, որոնք օգնում են թարգմանության ոչ դյուրին ընթացքը մոտեցնել ստեղծագործական վերելքի, ինքնաբավ զգացողության՝ հետեւաբար նաեւ առավելագույն արդյունքի: Անին հեղինակներին ընտրելիս առաջնորդվում է անխախտ սկբունքով. գրողը պետք է ունենա ստեղծագործական ուրույն մտածողություն եւ ոճ, չկրկնօրինակի այլ գրողի, նաեւ, ինչն ինձ համար զարմանալի է՝ լինի լավ մարդ:
Բոլորովին վերջերս Անի Հովսեփյանի թարգմանությամբ լույս է տեսել Հոսեյն Աթեշփարվարի «Տասնչորս տարեկանում ձյան մեջ» գրքի հայերեն թարգմանությունը («Ակտուալ արվեստ» հրատարաչկչություն): Հոսեյն Աթեշփարվարին իրանցի ժամանակակից անվանի գրող է, որը թեեւ հեղինակել է քիչ թվով գրքեր, սակայն բոլոր գրքերը հաստատուն ճանապարհ են անցել ու հեղինակին մեծ հայտնիություն են բերել:
Շնորհավորում եմ թարգմանչին նոր գրքի լույսընծաման առթիվ՝ շնորհակալությամբ, որ լինելով երիտասարդ՝ կարողացել է իր ավանդն ունենալ հայ եւ իրանական գրականության պարարտ անդաստանում՝ թողնելով մշակութային հարուստ ժառանգություն արհեստական բանականության արագընթաց ժամանակներում, երբ թարգմանիչների աշխատանքը թվում է՝ դյուրին է դառնում, բայց իրականում՝ սկսում է քիչ պահանջարկ ենթադրել, քանի որ բնական բանականն ու արհեստական բանականը նույն կշեռքի նժարի երկու թաթերին մարտնչողներն են դարձել:
ԱՐՈՒՍ ՍՈՒՐԵՆ
գրող, թարգմանիչ, ՀԳՄ անդամ