Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը մինչեւ այժմ չի ստորագրվել: Բաքուն Երեւանին նորանոր վերջնագրեր է ներկայացնում՝ հասկանալով հարեւանի անհույս վիճակը: Ռազմական եւ քաղաքական փորձագետ Յակով Կեդմին համոզված է՝ Հայաստանն այլեւս չունի այնպիսի դաշնակիցներ, որոնք իրեն կարող են պաշտպանել:
Մանրամասների համար՝ ստորեւ ռուսական «RuNews24»-ի հոդվածը:
Հանգստության պատրանքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ադրբեջանի հետ խաղաղությունն անվանել կատարված փաստ: Նրա տրամաբանությունը պարզ է. ակտիվ ռազմական գործողություններ չեն կատարվում արդեն երկու եւ կես տարի: Սակայն սահմանին լռությունը չի նշանակում դիմակայության ավարտ: Ադրբեջանը, զգալով Երեւանի դիրքորոշման թուլությունը՝ անցել է քաղաքական ճնշման:
Բաքուն Հայաստանից պահանջում է վերանայել սահմանադրությունը: Հիմնական պահանջը վերաբերում է նախաբանին, որտեղ հիշատակվում է անկախության հռչակագիրը եւ հղում է արվում Լեռնային Ղարաբաղին: Բացի այդ, Ադրբեջանը պնդում է տարածքային պահանջներից հրաժարվելը եւ «Զանգեզուրի միջանցք» (չակերտը մերն է- Գ. Մ.) ստեղծելը…
Բացի այդ, առաջարկվել էր պահանջների հետկանչ միջազգային դատարաններից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Նախագահ Իլհամ Ալիեւը չի թաքցնում իր հավակնությունները՝ բացահայտ հայտարարելով «հայերից տասն անգամ ավելի ուժեղ լինելու» անհրաժեշտության մասին:
Ախորժակն ուտելիս է բացվում
Ռազմաքաղաքական փորձագետ Յակով Կեդմին ներկայիս դինամիկան օրինաչափ է համարում: Նրա կարծիքով, Երեւանի զիջումները չեն հանգեցնի երկար սպասված խաղաղությանը: Ընդհակառակը, դրանք միայն գրգռում են Բաքվի ախորժակը:
«Ադրբեջանը նորանոր պահանջներ է ներկայացնում, եւ կարեւոր չէ՝ ինչ պատրվակներով: Երբ դրանք բավարարվում են, Բաքուն նոր պահանջներ է ներկայացնում. պատրվակ մի՛շտ կգտնվի: Ադրբեջանում Հայաստանի վրա ճնշումը շարունակելու ցանկությունն ինչպես կար, այնպես էլ մնացել է»,- բացատրում է փորձագետը:
Եթե Լեռնային Ղարաբաղն այլեւս արդիական չէ, նրանք մեկ այլ բան կմտածեն… Կեդմին հիշեցնում է. ախորժակն ուտելիս է բացվում: Ադրբեջանի ախորժակը Հայաստանի նկատմամբ անսահման է:
Մասնագետը կասկածում է, թե Երեւանն ի վիճակի է դեմառդեմ դիմակայել Բաքվին: Ադրբեջանի թիկունքում հզոր Թուրքիա է կանգնած՝ պատրաստ աջակցելու իր եղբայրական երկրին ամեն նախաձեռնությունում: Իսկ Հայաստանը հույսը դնում է Եվրոպայի վրա, բայց վերջինս խրված է իր սեփական խնդիրների մեջ եւ ընդունակ չէ պաշտպանելու նոր բարեկամներին:
Միայնակություն համաշխարհային ասպարեզում
Իրավիճակը կկարողանային փոխել ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը, բայց Վաշինգտոնը Հարավային Կովկասով չի հետաքրքրվում, իսկ Մոսկվայի հետ բոլոր կամուրջները Փաշինյանն անձամբ է այրում: Վրաստանը նույնպես չի խառնվի հակամարտությանը: Վերջին հաշվով, փորձագետի կարծիքով, այժմ մեկը չկա, որ կանգնեցնի Ադրբեջանին:
«Ադրբեջանն իրեն համարում է գլխավոր պետությունը Կովկասում: Ալիեւը վստահ է, որ ոչ ոք իրեն չի կանգնեցնի: Իսկ հետո նրանք որոշում են անել այն ամենը, ինչ կցանկանան: Եվ ո՞վ կկանգնեցնի ադրբեջանցիներին Կովկասում: Չէ՞ որ մեկ այլ երկիրը, որն այնտեղ հսկայական դեր ունի, եղբայրական Թուրքիան է: Վրաստանը գործոն չէ այս հարցում. այն մտադրություն չունի միջամտելու: Ռուսաստա՞նը: Հայաստանի հետ ներկայիս հարաբերությունների պայմաններո՞ւմ: Հայաստանի ղեկավարի ցուցաբերած… վարքագծից հետո՞: Եվ այն ամենից, ինչ նա հիմա անո՞ւմ է: Ոչ ոք չի կարող կանգնեցնել Ադրբեջանին: Եթե միայն ինչ-ինչ պատճառներով ԱՄՆ-ի նախագահը չցանկանա ինչ-որ բան անել: Բայց առայժմ ես նման պատճառներ չեմ տեսնում»,- եզրափակում է Կեդմին:
Հայաստանը հայտնվել է բարդագույն իրավիճակում, որտեղ դիվանագիտական զիջումները միայն նոր պահանջներն են մոտեցնում: Հարցը, թե արդյոք Երեւանը կկարողանա՞ գտնել իր շահերի իրական պաշտպաններ, թե՞ ստիպված կլինի համակերպվել ղեկավարվող լինելու դերին, մնում է բաց:
Պատմությունը մեզ սովորեցնում է մի պարզ ճշմարտություն. չի կարելի երկրի անվտանգությունը կառուցել պատրանքների եւ հեռավոր հովանավորների խոստումների վրա: Երբ ղեկավարը հանուն այսրոպեական շահի երես է դարձնում փորձած դաշնակիցներից, նա իր ժողովրդին դեմառդեմ է թողնում շատ ավելի ուժեղ եւ ավելի հավակնոտ հարեւանի հետ:
Վախով թելադրված զիջումները երբեք խաղաղություն չեն բերում. դրանք միայն գրգռում են նրա ախորժակը, ով ավելին է պահանջում: Իսկական անկախությունը հիմնվում է ոչ թե եվրոպական արժեքների մասին գեղեցիկ խոսքերի, այլ սթափ հաշվարկի, ուժեղ բանակի եւ հուսալի, ժամանակով ստուգված գործընկերների վրա:
Այն ժողովուրդը, որն իր երկրի ճակատագիրը վստահում է այնպիսի քաղաքական գործիչների, որոնք կամուրջներ են այրում նրանց հետ, ովքեր կարող են իսկապես պաշտպանել, իրեն ենթարկում է մի օր կոտրած տաշտակի առջեւ հայտնվելու վտանգին: Եվ այդ պատճառով մեզանից յուրաքանչյուրը պետք է հիշի. առաջնորդների սխալների համար միշտ վճարում է հասարակ մարդը, իսկ պատմությունը չի ներում թեթեւամտությունը ազգային անվտանգության հարցերում:
Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ