2024 թվականին Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունը երկրորդ հրատարակությամբ լույս ընծայեց Ռումինիայում հայկական թեմաներին նվիրված՝ երբեւէ հրատարակված ամենաարժեքավոր աշխատություններից մեկը՝ Տիգրան Գրիգորյանի «Հայ ժողովրդի պատմություն եւ մշակույթ» գիրքը: Այն առաջին անգամ հրատարակվել էր 1993 թվականին «Գիտական հրատարակչությունում»: Ստորեւ կանդրադառնանք այս հատորի գլուխներին եւ ներկայացրած արժեքին, որն իդեալական համադրական աշխատություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել հայ ժողովրդին՝ նրա պատմությունից, արվեստից եւ գրականությունից մինչեւ բնական գիտություններ ու Սփյուռքի կյանք, ներառյալ Ռումինիայի հայ համայնքը: Պատահական չէ, որ այս աշխատության համար Գրիգորյանը 1995 թվականին արժանացել է Ռումինական ակադեմիայի մրցանակին:
Հեղինակը ծնվել է 1920 թվականին, Կոստանդնուպոլսում, մտավորական ընտանիքում: Ուսումը սկսել է Փարիզում, այնուհետեւ ընտանիքը հաստատվել է Բուխարեստում, որտեղ նա դարձել է հայկական դպրոցի սան: Հետագայում ուսանել է Գերմանական ավետարանական դպրոցում եւ Տնտեսագիտական ակադեմիայում: Եղել է հայ համայնքի ակտիվ անդամ. ղեկավարել է Հայ երիտասարդական կազմակերպությունը, դարձել «Նոր կյանք» շաբաթաթերթի (Բուխարեստ) գլխավոր խմբագիրը եւ աշխատել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունում: Մահացել է 2007 թվականին:
Գրիգորյանն օգտագործել է բազմալեզու հարուստ մատենագիտություն՝ հայերեն, ռումիներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Հետեւաբար այս գրքով մենք գործ ունենք ոչ թե թարգմանության կամ մի քանի աղբյուրից կազմված աշխատանքի, այլ բազմաթիվ աղբյուրներից համադրական ուսումնասիրության հետ: Գիրքը երկարատեւ հետազոտության արդյունք է. դա զգում է յուրաքանչյուր ընթերցող, ինչը հաստատում են նաեւ աշխատության թարգմանիչները՝ Արսեն Արզումանյանը եւ Մարիամ Գեւորգյանը:
Հեղինակի որդին՝ Ֆրանսիայում բնակվող Արամ Գրիգորյանը հիշում է, թե ինչպես էր հայրը երեկոները նվիրում ուսումնասիրություններին եւ գրառումներ կատարելուն, որոնք նրա համար պարտականություններ չէին, այլ ինքնաիրացման միջոցներ: Արխիվներ, փաստաթղթեր ուսումնասիրելը եւ նշումներ կատարելը նրա իսկական «հանգիստն» էին:
Աշխատության յուրաքանչյուր թեմա մշակվել է գիտական խստությամբ եւ քննարկվել տվյալ ոլորտների մասնագետների հետ, ինչը զգալիորեն բարձրացնում է աշխատության արժեքը: Ճարտարապետ դոկտոր Գեորգե Կուրինսկի-Վորոնան, որը մասնակցել է հայկական ճարտարապետությանը նվիրված ենթագլխի կազմմանը, գրել է նաեւ գրքի նախաբանը՝ բարձր գնահատելով հեղինակի մասնագիտական կարողություններն ու համադրական մտածողությունը.
«Հեղինակը հանդես է գալիս որպես իսկական հայագետ: Կան գործեր, որոնք ընթերցողին մի պահ երկմտանքի առաջ են թողնում՝ ինչո՞վ հիանալ առաջին հերթին. թեմայո՞վ, այսինքն՝ այն խնդիրներով, որոնք հեղինակին մղել են ծավալուն այդ աշխատանքին, թե՞ նրա մասնագիտական վարպետությամբ, որն օգնել է կողմնորոշվելու եւ ընտրություն կատարելու հսկայական ծավալի տեղեկատվության միջեւ: Հարկ է նշել, որ նման աշխատության հաջողությունը հիմնականում պայմանավորված է նրա բովանդակությամբ եւ թեմայով: Սակայն յուրաքանչյուր գիտական մեկնություն ինքնուրույն տեսական ստեղծագործություն է, որը լրացնում, մեկնաբանում եւ զարգացնում է ներկայացվող իրադարձություններն ու գործընթացները: Թերեւս համեստության դրսեւորումով՝ սույն աշխատության հեղինակը ձգտել է մնալ ստվերում, սակայն ընթերցողի համար գրեթե անհնար է անտեսել այն փաստը, որ աշխատությունը երկար տարիների նվիրված աշխատանքի արդյունք է, որը պահանջել է մանրակրկիտ ուսումնասիրություն, խորքային վերլուծություն, խիստ ընտրողականություն եւ ընդհանրացման վարպետություն: Հեղինակը, անդրադառնալով Հայաստանի աշխարհագրությանը, պատմությանը, մշակույթին եւ քաղաքակրթությանը, ստեղծել է իսկական հանրագիտարանային բնույթի գործ, որն, անկասկած, արժեքավոր ուղեցույց կդառնա բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայ ժողովրդի մշակույթով եւ քաղաքակրթությամբ»:
Գիրքը կազմված է յոթ գլխից: Առաջինը վերաբերում է Հայկական լեռնաշխարհի աշխարհագրությանը, նախնադարան համայնքներին, հայ ժողովրդի կազմավորմանը եւ հայերենի առանձնահատկություններին: Երկրորդ գլուխը ներկայացնում է Հայաստանի պատմությունը՝ առաջին պետական կազմավորումներից մինչեւ անկախության հռչակումը՝ անդրադառնալով մեծ թագավորություններին, մեր երկրի դեմ եղած ներխուժումներին եւ ներքին կյանքին: Հաջորդ երկու գլուխները նվիրված են դիցաբանությանը, ժողովրդական հավատալիքներին, լեգենդներին ու գրականությանը, ինչպես նաեւ պատմագրությանը, փիլիսոփայական մտքին, իրավունքին եւ գիտություններին: Հինգերորդ գլուխը անդրադառնում է նյութական մշակույթին՝ ճարտարապետություն, քանդակագործություն, գեղանկարչություն, մանրանկարչություն, կիրառական արվեստ, գորգարվեստ, խաչքարեր եւ երաժշտություն: Վեցերորդ գլուխը ներկայացնում է հայկական սփյուռքը, իսկ վերջին գլուխը՝ Ռումինիայի հայ համայնքին՝ շեշտադրելով պատմությունը եւ նշանավոր գործիչներին:
Եզրակացության մեջ հեղինակը բացատրում է աշխատանքի ստեղծման շարժառիթը. «Հայ ժողովրդի անցյալի եւ մշակույթի նկատմամբ Ռումինիայում աճող հետաքրքրությանն արձագանքելով եւ օգտագործելով վերջին հետազոտություններն ու հայտնագործությունները՝ մենք փորձել ենք ներկայացնել հնարավորինս փաստավավեր եւ համապարփակ պատկեր: Քանի որ քննարկվող թեման ընդգրկում է հայոց պատմության, սոցիալական կյանքի եւ մշակույթի ամենատարբեր ոլորտները, որոնց ուսումնասիրությունը պահանջում է խոր մասնագիտական գիտելիքներ, գործնականում անհնար է այս ամենը մեկ անձի կողմից ամբողջությամբ ներկայացնել: Ուստի, մենք գերադասեցինք յուրաքանչյուր գլխում խոսք տալ ամենահմուտ մասնագետներին: Այս կերպ, ընթերցողը կարող է վստահ լինել, որ ծանոթանում է ժամանակակից հայագիտության ուսումնասիրությունների ընթացիկ մակարդակին, մի բնագավառ, որը դեռեւս ամբողջությամբ ուսումնասիրված չէ եւ շարունակում է հետաքրքրել ինչպես գիտնականներին, արվեստագետներին, բանասերներին, այնպես էլ լայն հանրությանը՝ բազմերանգ մշակույթի անհագ ընթերցողին»:
Հեղինակը նաեւ ընդգծում է այն գործոնները, որոնք դարերի ընթացքում թույլ են տվել պահպանել հայկական ինքնությունը. «Այն փաստը, որ հայ ժողովուրդն, այնուամենայնիվ, պահպանել է իր առանձնահատկությունները որպես առանձին ազգ, անկասկած պայմանավորված է երկու հզոր հենասյուներով. մի կողմից՝ լեզուն, գիրը եւ մշակույթը, մյուս կողմից՝ գաղափարախոսությունը, հավատը, որն արտահայտված է իր ազգային ինքնավար Եկեղեցու միջոցով, որն անցյալում եղել է դիմադրության ազդեցիկ ուժ»:
Սույն աշխատության հայերեն թարգմանությունը («Արարատ» հրատարակչություն, 2025թ., 612 էջ) առաջնահերթորեն չի հետապնդում գիտական նպատակ, քանի որ հայկական գիտական շրջանակներում վաղուց գոյություն ունեն յուրաքանչյուր ոլորտին նվիրված խորը ուսումնասիրություններ, որոնք Գրիգորյանը ներառել է իր ընդարձակ աշխատության մեջ: Թարգմանության արժեքը կայանում է համահունչ եւ ընդգրկուն համադրության մեջ, որը հայ ընթերցողին հնարավորություն է տալիս մեկ գրքի շրջանակում անցնել իր ժողովրդի պատմությունն ու մշակույթը՝ ակունքներից մինչեւ 1991 թվական:
Արամ Գրիգորյանը հիշում է, որ գրքի խմբագրումը տեւել է ավելի քան մեկ տասնամյակ: Նրա՝ «առավոտից երեկո հայ» հայրը ցանկացել է նպաստել սփյուռքի եւ Հայաստանի հայերի մշակութային կյանքին: Անշուշտ, այս աշխատությունն արժանի է թարգմանվելու հնարավորինս շատ լեզուներով հայկական պատմությունն ու մշակույթը առավել լայն շրջանակների ներկայացնելու համար:
ԱՐՍԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ