ԱՄՆ ԿՀՎ տնօրենի այցը Ռուսաստան
Գերմանական հետախուզության նախկին ղեկավարը մեղադրվում է լրտեսության մեջ
Բիզնես, քաղաքականություն, հետախուզություն, ռազմական միջամտություն։ Դրանք ԱՄՆ-ում քայլում են ձեռք-ձեռքի տված եւ իրականացվում են նույն ուժերի կողմից։ Եվ իհարկե, այդ ուժերի ետեւում, իսկ միգուցե եւ անմիջապես կողքը կանգնած են «Թիկնոցի եւ դաշույնի ասպետները» («Рыцари плаща и кинжала», «Knights of the Cloak and Dagger»), այսինքն, հատուկ ծառայությունները, ավելի կոնկրետ՝ հետախուզությունները։
«Կենտրոնական հետախուզության վարչությունը» – («Central Intelligence Agency – C.I.A.») ԱՄՆ-ում հիմնվել է 1947թ․ եւ մինչեւ Կուբայում հեղաշրջման միջամտություն կազմակերպելու փորձի ձախողումը (1961թ․) ղեկավարվել է Ալլեն Դալլեսի կողմից։ Այդ գերատեսչության հիմնական խնդիրը եղել է, – պայքար կոմունիստական գաղափարախոսության, դրա տարածման եւ գործունեության դեմ։ Այդ կազմակերպությունում երկար տարիներ ծառայած անձինք, իրենց մեմուարներում գրում են, որ ծառայության առաջին իսկ օրերից զգում էին հատուկ «ընտանեկան» մթնոլորտը, որը իշխում էր հետախուզությունում։ Այդ մթնոլորտը ստեղծվում էր միմյանց հետ շփման ընթացքում եւ կարծես թե նրանք խոսում էին հատուկ կոդավորված լեզվով։
Օրինակ, միմյանց հետ շփվելիս նրանցից ոչ մեկը չէր օգտագործվում ԿՀՎ հապավումը, կամ հետախուզական գործակալություն, բոլորն անվանում էին իրենց գրասենյակը «Company» (ընկերություն)։ Եվ այդ կազմակերպության բոլոր աշխատակիցները գիտեին ու գիտեն, որ ԿՀՎ-ն դա ամերիկյան քաղաքականության շարունակությունն է բոլոր միջոցներով, որտեղ գրեթե չկան արգելված հնարքներ։
Եվս մի հետաքրքրական պահ։ Հայտնի ամերիկացի փիլիսոփա Ռալֆ Էմերսոնը իր հոդվածներում նշել է, որ Դալլեսը եւ նրա լրտեսական կազմակերպությունը ԱՄՆ-ում մի նոր սկզբունք հիմնադրեցին։ Երբ ԱՄՆ-ում թույլ է տրվում որեւէ քաղաքական սխալ (ներքին կամ արտաքին քաղաքականության մեջ) եւ այն հասնում է հսկայական չափերի, ապա ամերիկյան հասարակությանը այն մատուցվում է որպես նոր նվաճում։
***
Մարդկության զարգացման ամբողջ ճանապարհին հետախուզության եւ լրտեսության տեսակը (типаж – type) եւ առանձնահատկությունները փոփոխվում են։ Այլ խոսքով ասած՝ փոփոխվում են տեղեկատվություն ձեռք բերելու մեթոդները, միջոցները, հնարքները եւ դրանով աճում են հատուկ ծառայությունների գործունեության մասշտաբները։
Այս նախաբանից հետո (առանց հոգնացնելու ընթերցողիս) ուզում եմ անցնել հոդվածիս բուն թեմային։
Ս.թ. օգոստոսի 25-ին ԱՄՆ կենտրոնական հետախուզության ծառայության (CIA) ղեկավարը՝ Ջոն Ռեթքլիֆֆը ժամանեց Մոսկվա։
«Flight Radar 24» օդային սարքի տվյալներով՝ վերոհիշյալ ղեկավարը Մոսկվա էր ժամանել Ռիգայից (Լատվիա) ժ․ 07։04 (Գրինվիչի ժամանակով) եւ վերադարձել էր Ռիգա մինչեւ ժամը 17։00 (Գրինվիչի ժամանակով)։ Ինքնաթիռը, որով ժամանել էր Ռեթքլիֆֆը, բեռնատար Boeing C-17 Globemaster տիպի էր։ Ամերիկյան ռազմական բեռնատար ինքնաթիռը օդ է բարձրացել «Էնդրյուս» ռազմական բազայից (Կոլումբիայի շրջան) ժամանել է Ռիգա օգոստոսի 23-ին, իսկ օգոստոսի 25-ին՝ Մոսկվա։ Ընդգծենք, որ «C-17»-ը ռազմա-տրանսպորտային ինքնաթիռ է, որը նախատեսված է զորքերի, ծանր տեխնիկայի եւ բեռների տեղափոխման համար։ Այդ ինքնաթիռը միանգամյա թռիչքով կարող է տեղափոխել 77․500 կգ բեռ։
Այդ այցի վերաբերյալ առաջին արձագանքողներից մեկը Մոսկվայում (2019-2022 թթ ծառայող) Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ Ջոն Ֆորմանն էր։ Նա իր հարցազրույցում ընդգծեց, որ ամերիկացիները երբեք Մոսկվա չեն գործուղում որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի առանց նախնական համաձայնության։ Նա նշել էր նաեւ, որ այցը երեւի թե կապված է Մոսկվայում ամերիկացի կալանավորների ազատ արձակելու հարցին։ Ամենայն հավանականությամբ խոսքը գնում էր Մոսկվայում կալանավորված Քսենիա Կարելինայի, թղթակից Էվան Գերշկովիչի, ծովային հետեւակ Փոլ Ուելանի եւ լրագրող Ալսու Քուրմաշեւայի (ԱՄՆ քաղաքացիների) վերաբերյալ։
Ընդգծենք, որ անգլիացի հետախույզը ընդամենը ենթադրություն է արել, քանի որ նախագահ Թրամփի օրոք Մեծ Բրիտանիա-ԱՄՆ հարաբերությունները այնքան էլ ջերմ չեն, եւ ուրեմն հետախույզները այնքան էլ տեղեկացված չեն միմյանց ծրագրերով։ Մի բան էլ ընդգծենք, որ Ռեթքլիֆֆը առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ Թրամփի նախագահության 2-րդ ժամկետում ժամանեց Մոսկվա, ինչպես նաեւ նշենք, որ 5 տարի առաջ (2021թ.) ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ուիլյամ Բերնսը նույնպես ժամանել էր Մոսկվա հանդիպումների համար եւ դա այն ժամանակ, երբ Մոսկվայում արդեն մշակվում էր Ուկրաինայի վրա հարձակման ռազմական ծրագիրը։
Բերնսը ԿՀՎ-ի 31-րդ տնօրենը 2022թ. հուլիսի 15-ին ժամանել է նաեւ Երեւան (նայի՛ր իմ հոդվածը «ԱԶԳ» շաբաթաթերթում, հուլիս 22, 2022թ.)։ Սովորաբար հատուկ ծառայությունների ղեկավարների այցերը այլ պետություններ ունեն մեկ հիմնական նպատակ՝ համագործակցության ամրապնդում։ Իհարկե չեն բացառվում նաեւ հատուկ առաջադրանքները։ Ընդ որում, այդ այցից հետո անմիջապես Հայաստան այցելեց ռուսական հետախուզության պետ Նարիշկինը։ Դա հենց այն ժամանակներն էին, երբ Հայաստանւմ ԱԱԾ-ի կառույցից դուրս ստեղծվում էր արտաքին հետախուզության ծառայություն։

Շատ եւ շատ ենթադրություններ էին առաջ քաշվում լրագրողների կողմից, սկսած այն տարբերակից, որ Ռեթքլիֆֆը եւ ժամանակին Բերնսը զգուշացրել են ՌԴ-ի ղեկավարությանը Ուկրաինայի հետ պատերազմի ոչ ցանկալի լինելը, այդ ռազմական գործողությունների ընթացքում Մերձբալթյան երկրներին եւ Մեծ Բրիտանիային հնարավոր հարվածներ հասցնելու հետեւանքները, Լայպցիգում (Գերմանիա) ռուսական ռազմական դրոնի (անօդաչու սարք) հայտնաբերման մասին եւ այլն։ Դե իհարկե, այդ ենթադրությունները հիմքեր ունեն, քանի որ Ռուսաստանի ղեկավարը համարում է, որ ինքը անուղղակի պատերազմ է տանում ՆԱՏՕ-ի դեմ (եւ դա իրոք այդպես է) եւ Ուկրաինան այդ պատերազմում ընդամենը միջնորդ է։
Սակայն սրանք ենթադրություններ են, բայց ոչ օպերատիվ վարկածները։ Եթե որեւէ պետության հետախուզությունը ենթադրություններով է առաջնորդվում, ուրեմն վա՜յ այդ պետությանը։ Մի ուրիշ տարբերակ էլ կա, գուցե Ռեթքլիֆֆը հիշեցրեց իր ռուս գործընկերոջը՝ Սերգեյ Նարիշկինի (ՌԴ Արտաքին հետախուզության ղեկավարին, ում հետ նա հանդիպել է Մոսկվայում), որ ՆԱՏՕ-ի Համաձայնագրի V կետը ուժի մեջ է (փոխադարձ ինքնապաշտպանություն) եւ ԱՄՆ-ը չի անտեսում այդ կետը։ Չի բացառվում նաեւ, որ Ռեթքլիֆֆը հիշեցրել է Նարիշկինին, որ չի կարելի խախտել 81-ամյա տաբուն՝ մարտական գործողություններում չօգտագործել միջուկային զենքը։ Իսկ միգուցե ԿՀՎ-ի տնօրենը համոզել է ՌԴ-ն չպետք է համագործակցի Իրանի հետ ռազմական ոլորտում։ Սրանք ավելի մոտիկ են օպերատիվ վարկածներին, բայց նույնպես ենթադրությունների ոլորտից են։ Հատուկ կարող ենք նշել մի բան, որ այս հանդիպումը այսօրվա աշխարհի օպերատիվ-քաղաքական իրավիճակում սովորական երեւույթ չէ։
«ՏԱՍՍ»-ը հաղորդում է, Ռեթքլիֆֆը եւ Նարիշկինը բանակցությունների ընթացքում ոչ մի արտառոց հարց չեն քննարկել, այլ պարզապես պայմանավորվել են կանոնավոր հանդիպումներ ունենալ, հանդիպումներ կազմակերպել նաեւ իրենց գերատեսչությունների միջեւ եւ դրանով սատարել միջազգային կայունությանը եւ նվազեցնել հակասությունները երկկողմ հարաբերություններում (նկատի ունեն Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները)։
Եվ այսպես՝ չկա որեւէ ճշգրիտ, հավաստի տեղեկություն, թե ինչու ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարը հսկայական ռազմական բեռնատար ինքնաթիռով 10․000 մղոն օդային ճանապարհ է կտրում, ժամանում է Լատվիա, այնտեղից Մոսկվա «սովորական» բանակցություններ վարելու համար ՌԴ արտաքին հեռախուզության պետի հետ։ Եվ նույնիսկ չի հանդիպում նախագահ Պուտինի հետ (այդպես հայտարարեց Կրեմլի խոսնակ Դ. Պեսկովը)։ Մի՞թե ավելի հարմար չէր լինի սովորական ուղեւորային ինքնաթիռը։ Ի՞նչ կար այդ բեռնատարում, զե՞նք, զինամթե՞րք, հազիվ թե։ Սննդամթե՞րք, նույնպես անհավանական է, փող, նվերներ, բայց այդքան շա՞տ։ Ընդ որում ինքնաթիռում գտնվել է մի մարդ, որ այնքան էլ չի սիրում Ռուսաստանը եւ ամեն ինչով սատարում է Ուկրաինային։
Հայտնի է, որ ԱՄՆ հետախուզական մարմինները կարեւոր տեղեկատվություններ են փոխանցում Ուկրաինային ՌԴ-ի դեմ պատերազմում։ Նման տեղեկատվություններ ՌԴ-ն փոխանցում էր Իրանին ԱՄՆ-ի դեմ ռազմական կոնֆլիկտում։
Իսկ ի՞նչ կարող էր փոխանցել Ռեթքլիֆֆը Ռուսաստանին, որը չէին կարող փոխանցել արդեն հայտնի բանակցողներ Ջարեդ Քուշները եւ Սթիվ Ուիթքոֆֆը։
Մի խոսքով՝ բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չկան։
Այստեղ գլխավորը, որ մեզ պետք է հետաքրքրի, արդյո՞ք Հայաստանի հետ կապված որեւէ հարց կարող էր քննարկվել, երկու հետախուզությունների ղեկավարների միջեւ։ Կարծում եմ՝ ո՛չ։ Մեր խնդիրները այդ մեծությունների համար երկրորդական են։
***
Բոլորովին այլ իրավիճակ է վերջերս բացահայտված մի այլ լրտեսային գործարքի հետ կապված։
Ըստ գերմանական «Շպիգել» լրատվամիջոցի, պետության իրավապահները բացահայտել են երկրում լրտեսական մեծ ցանց։ Առնվազն 6 գերմանական բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվում են Ադրբեջանից կաշառքներ ստանալու եւ Ադրբեջանի հետախուզությանը կարեւոր գաղտնի տեղեկատվություններ փոխանցելու մեջ։ Այդ 6 հոգուց ընդգծենք երկուսին։
2026թ․ հոկտեմբերի 6-ին գերմանական հատուկ ծառայությունները ձերբակալել են Գերմանիայի արտաքին հետախուզության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգին (August Hanning) եւ նրա աշխատակազմի ղեկավար Մանֆրեդ Դ.-ին (Manfred D․).

Հաննինգը 80 տարեկան է, ձերբակալվել է North Rhine – Westphalia-ում։ Մանֆրեդը 64 տարեկան է, ձերբակալվել է Բավարիայում։
Հաննինգը ղեկավարել է գերմանական արտաքին հետախուզությունը (BND) 1998-ից մինչեւ 2005թթ․։ 2005թ․-ից մինչեւ 2009թ․ նոյեմբերը զբաղեցրել է բարձր պաշտոն երկրի ներքին գործերի նախարարությունում։ Այս ընթացքում Մանֆրեդը 2012թ-ից 2026թ․ մարտ ամիսը շարունակել է ծառայել «BND» -ում որպես աշխատակազմի ղեկավար։ Այս ընթացքում Մանֆրեդը Հաննինգին է փոխանցել մոտավորապես 2000 գաղտնի, հույժ գաղտնի եւ միայն «ծառայողական նպատակներով» փաստաթղթեր։ Այս փաստաթղթերը ստորագրվել են «BND»-ի ղեկավարության կողմից պետության ղեկավարներին զեկուցելու նպատակով։ Չնայած, որ դատախազությունը նշում է, որ դեռեւս չի հաջողվել պարզել վերջնականապես, թե ո՞վ էր նախատեսված Հաննինգից այդ փաստաթղթերը ստանալու համար (կասկածվող պետությունների թվում նաեւ Ռուսաստանն է), սակայն «Շպիգելը» նշում է, որ Հաննինգը կապված էր Ադրբեջանի հետախուզության հետ։ Դատախազությունը չի մեկնաբանում այս հայտարարությունը, իսկ Բաքուն, իհարկե, հիմնովին ժխտում է։
Ի միջի այլոց նշեմ, որ «BND» ղեկավարի պաշտոնը զբաղեցրած ժամանակ Հաննինգը այցելել է նաեւ Հայաստան։ Դե ի՞նչ, կարելի է միայն շնորհավորել Օրհան Սուլթանովին (Ադրբեջանի արտաքին հետախուզության պետին) եւ Գերմանիայում աշխատող ադրբեջանական ռեզիդենտուրային՝ նման հաջողության համար։ Նշեմ նաեւ, որ վերոհիշյալ 6 հոգու մեջ եղել է նաեւ Բունդեսթագի պատգամավոր։
Կաշառքների համար Ադրբեջանը ծախսել է միլիոնավոր դոլարներ։ Կարող ենք չկասկածել, որ ադրբեջանական հետախուզության համար Հայաստանն եղել է «թիրախների» առաջին համարներում, չմոռանանք նաեւ Իրանին եւ Ռուսաստանին։
Չգիտեմ, ո՞րն է ավելի հետաքրքիր՝ ԿՀՎ տնօրենի այցը Ռուսաստան, թե՝ բացահայտված գերմանական լրտեսական ցանցը։ Այս ոլորտով հետաքրքրվողների համար՝ երկուսն էլ։
Հոդվածի վերջում մի երկու խոսք ՌԴ-ի հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինի վերաբերյալ։ Վերջերս ռուս լրագրող Անդրեյ Զախարովը (էլեկտրոնային լրագիր «Проект»-ում հոդված էր գրել, որտեղ նշել էր, որ Սերգեյ Նարիշկինը Ադրբեջանի օգտին աշխատող պաշտոնյա է եւ կապված է ադրբեջանական հետախուզության հետ)։ Դե պարզ է, որ Նարիշկինին չեն ձերբակալի։
Այնուամենայնիվ. ընթերցողիս առաջարկում եմ նայել մեկ ուրիշ հոդված «Ազգ» շաբաթաթերթում (25․12․2020թ․) որտեղ ես վաղուց արդեն նշել էի Սերգեյ Նարիշկինի Մոսկվայում Ադրբեջանի շահերի լոբբիստներ Էլման Բայրամովի եւ լեռնային հրեա (ադրբեջանցի) Գոդ Նիսանովի կապերի մասին։
Զարմանալի ժամանակներ են հատուկ ծառայությունների համար…
Վերջ
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Անվտանգության հարցերով փորձագետ
1. August Hanning Գերմանաիայի ԲՆԴ տնօրեն 1998 թվականից մինչեւ 2005 թ. (BND)
2. Սերգեյ Նարիշկին Ռուսաստանի Արտաքին Հետախուզական Ծառայության տնօրեն (СВР РФ)
3. John Ratcliffe ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության տնօրեն (CIA)