Հայ-թուրքական սահմանի բացումն ու հայ-ադրբեջանական խաղաղությունը՝ դիվանագիտական օրակարգում

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր սպասումներ են ձևավորվել․ Արարատ Միրզոյանը չի բացառել, որ սահմանը կարող է բացվել նույնիսկ մինչև նոր հատուկ ներկայացուցիչների նշանակման հարցի լուծումը։ Միաժամանակ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Շվեյցարիան պատրաստ է աջակցելու դրա ստորագրմանն ու իրականացմանը։ Այս հարցերը քննարկվել են Երևանում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Իգնասիո Կասիսի այցի շրջանակում։

Թուրքիայի՝ Հայաստան արտահանման սահմանափակումները վերացնելու որոշումը, Անիի կամրջի համատեղ վերանորոգումն ու Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղությամբ աշխատանքները հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերջին գործնական քայլերից են։ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ գործընթացն այնքան է հասունացել, որ համապարփակ կարգավորումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի հետ համատեղ ասուլիսում նա չի բացառել, որ սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կհամաձայնեցվեն նոր հատուկ ներկայացուցիչների թեկնածությունները․

«Մի ընդունեք սա որպես պաշտոնական հայտարարություն, բայց անկեղծ ասած, դա դեռ հարց է՝ Թուրքիայի հետ շփումներում նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա, որովհետեւ կարող է սահմանի բացումը լինի ավելի շուտ լինել, քան նոր բանագնացների թեկնածության համաձայնեցումը»։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև շփումները գրեթե ամենօրյա են, իսկ բանակցությունները շարունակվում են։ Դրանց մանրամասները, որպես կանոն, հրապարակվում են, երբ համաձայնություններն արդեն ձեռք են բերված, և արդյունքներ են լինում։ Նախարարը նաև հիշեցրել է Կարսում անցկացված հայ-թուրքական գործարար համաժողովը, որի համար սահմանը ժամանակավորապես բացվել էր հայ գործարարների անցման համար։ Այժմ նախատեսվում է հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում՝ հնարավոր է՝ ավելի լայն մասնակցությամբ։ Միրզոյանը հույս է հայտնել, որ այս անգամ ևս սահմանը ժամանակավորապես կբացվի, և հայ գործարարները կկարողանան հատել այն․

«Թուրքիայում որոշեցին վերացնել Հայաստան արտահանման արգելքը, մենք միասին վերանորոգում ենք Անիի կամուրջը, մենք Գյումրի-Կարս երկաթուղու աշխատանքային խումբ ունենք, որը պարբերաբար հանդիպում է: Հայաստանում կանցկացվի Հայաստան-Թուրքիա գործարար համաժողով, հուսով եմ՝ այս անգամ ևս փակ սահմանը կբացվի և դրանով կանցնեն հայ գործարարները, ինչպես Կարսում անցկացված համաժողովի ժամանակ: Ուզում էին ասել, որ գործընթացն այնքան հասունացած է, որ շատ բնական կլինի ցանկացած օր ունենալ ամբողջական կարգավորում»։

Այնուամենայնիվ, երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը դեռ ամբողջությամբ կյանքի չի կոչվել։ Մյուս կողմից՝ առաջիկա օրերին Երևանում մեկնարկող COP17 համաժողովը տարածաշրջանային համագործակցության ևս մեկ հարթակ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիայից համաժողովին նախարարական մակարդակով մասնակցություն է նախատեսվում, մինչդեռ Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռ հաստատված տեղեկություն չկա․

«Ես գիտեմ, որ Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է։ Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ այս պահի դրությամբ դեռ հաստատված տեղեկատվություն չկա»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հաջորդ փուլին անդրադարձել է նաև Իգնասիո Կասիսը։ Շվեյցարիան ողջունում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ ձևավորված դրական դինամիկան և կողմերին կոչ է անում շարունակելու ջանքերը՝ հասնելու պայմանագրի ստորագրմանն ու իրականացմանը։ Կասիսի խոսքով՝ Շվեյցարիան պատրաստ է աջակցելու այդ գործընթացին, եթե Երևանն ու Բաքուն նման ցանկություն հայտնեն․

«Գրանցված հաջողությունները, կայուն խաղաղությունը, կարելի է ասել, արդեն հնարավոր է։ Ես խրախուսում եմ ձեր երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու դրա իրագործմանը»։

Կասիսն ընդգծել է՝ ԵԱՀԿ-ի առաքելությունը կողմերին նույն սեղանի շուրջ բերելն է, անգամ ամենահակադիր մոտեցումների դեպքում․

«Դժվարին իրավիճակներում երկխոսությունը թուլության նշան չէ, այլ ընդհակառակը՝ խիստ անհրաժեշտություն է»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը քննարկվել է նաև Բաքվում, ուր մեկնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ մասնակցելու Ասիայում գործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության գագաթնաժողովին։  

Leave a Comment