Հայկական երկաթուղին` ներդրումների սպասումով․ Երևանի և Մոսկվայի քննարկումները դեռ  անարդյունք են

Հայաստանի երկաթուղու ապագան մեծապես կախված է ներդրումներից, իսկ դրանց ապահովման հարցում Երևանի և Մոսկվայի մոտեցումները դեռ չեն համընկնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի նպատակը ռուսական կոնցեսիան վերցնելը չէ, այլ` երկաթուղին արդիականացնելը։ Վարչապետի խոսքով՝ ռուսական կողմն անհրաժեշտ ներդրումները տնտեսապես նպատակահարմար չի համարում, իսկ այլ ներդրողների ներգրավմանը խոչընդոտում են գործող կոնցեսիայի պայմանները։ Հոկտեմբերի 14-ին վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի հետ։  Հանդիպումից հետո, սակայն, ռուսական կողմը հայտնել է, որ կոնցեսիան այլ երկրին փոխանցելու հարց չի քննարկվել։

Հայաստանի նպատակը ռուսական կոնցեսիան վերցնելը չէ, այլ երկաթուղու արդիականացման համար անհրաժեշտ ներդրումներն ապահովելը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ եթե գործող կառավարման պայմաններում ներդրումներ չարվեն, ապա այլ լուծումներ գտնվելու անհրաժեշտություն կծագի։

Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հիշեցրել է, որ ապրիլի 1-ին ռուս գործընկերների հետ քննարկել են երկաթուղու վերականգնման հարցը։ Ըստ վարչապետի՝ ռուսական կողմը ներդրումները տնտեսապես նպատակահարմար չի համարել, իսկ այլ ներդրողների ներգրավման առաջարկն ընդունելի չի եղել։

«Ասել ենք՝ շատ լավ, ուրիշներին, ուրեմն, հրավիրենք, որ ներդրումներ անեն։ Իրենք ասել են, որ մեզ համար այդքան էլ ընդունելի չէ այդ տարբերակը։ Մենք ասել ենք՝ չի լինի, որ ոչ այս, ոչ այն տարբերակը․ կամ մեկը, կամ մյուսը պետք է լինի։ Հիմա, եթե շրջափակման պայմաններում մենք կարող ենք ասել՝ յոլա ենք տանում, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, մեծ հաշվով մեծ բան չի փոխվի։ Հիմա, երբ տարածաշրջանը բացվում է, մենք չենք կարող ասել՝ լավ, թող մեր երկաթուղին սենց վիճակում մնա։ Պետք է ներդրումներ անել, մեծ ներդրումների մասին է խոսքը»։

Փաշինյանի խոսքով՝ արևմտյան ընկերությունները պատրաստ են ներդրումներ անել, սակայն ռուսական կոնցեսիայի պայմանները խոչընդոտում են  նրանց ներգրավմանը։ Վարչապետի փոխանցմամբ՝ Հայաստանն առաջարկել է ռուսական կողմին կա՛մ ինքնուրույն ներդրումներ անել, կա՛մ կոնցեսիոն իրավունքը փոխանցել մեկ այլ ներդրողի։

«Մենք գնում ենք, Ռուսաստանին ասում ենք՝ լավ, եկեք, դուք ներդրում արեք։ Իրենք ասում են՝ գիտե՞ք ինչ, տնտեսապես նպատակահարմար չէ։ Ասում ենք՝ լավ, տնտեսապես նպատակահարմար չէ, ուրեմն վաճառեք, օտարեք կոնցեսիայի իրավունքը, ով նպատակահարմար կհամարի, կամ մենք գնանք մեր գլխի ճարը տեսնենք»։

Փաշինյանը շեշտել է, որ կոնցեսիայի փոփոխությունն ինքնանպատակ չէ․ եթե ռուսական կողմը պատրաստ լինի ներդրումներ անել, կամ այլ ներդրողներ համաձայնեն աշխատել գործող կառավարման պայմաններում, հնարավոր կլինի պահպանել ներկայիս մոդելը։

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի վարչապետը հանդիպել էր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության  գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակության հետ։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկաթուղու կառավարման արդյունավետությանը, ենթակառուցվածքների զարգացմանն առնչող հարցեր։ Պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։

Հանդիպումից հետո Բելոզյորովը հայտարարել է, որ կոնցեսիան պահպանելու կամ այն այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել։ Նրա խոսքով՝ քննարկման առարկա են  եղել գործող կոնցեսիոն պայմանագրի իրականացմանն առնչվող հարցերը։

«Մենք քննարկել ենք կոնցենսիոն համաձայնագրի իրականացումը, այն կատարվում է, և պայմանավորվեցինք միասին աշխատել: Բանակցությունների վերաբերյալ հայկական կողմը ավելի քան բովանդակային տեղեկություն կհրապարակի, ինչի համար շնորհակալ ենք: Մենք մեր կողմից բանակցությունները շատ արդյունավետ ենք համարում»։

Հայկական երկաթուղիների կառավարումը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիները», ստանձնել է 2008 թվականին՝ 30 տարով։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2038-ին, ուստի կառավարման հնարավոր փոփոխությունը պահանջելու է իրավական և ֆինանսական կարգավորումներ։

Leave a Comment