
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գրառումը․
«Կառավարությունը կայացրել է Հայաստանի էլցանցերը հանրային գերակա շահ ճանաչելու, փաստացի՝ սեփականատիրոջից խլելու որոշում։ Նիկոլ Փաշինյանն այդ որոշումը բնորոշել է «կոպեկ առ կոպեկ հետ բերելու» տրամաբանությամբ, կամ այլ կերպ ասած՝ «թալանը վերադարձնելու»։
Սա ոչ միայն քարոզչական մանիպուլյացիա է, այլ ըստ էության նաեւ բավականին անբարո արձանագրում։ Խնդիրն այն է, որ Էլցանցերը Սամվել Կարապետյանի սեփականության ներքո է հայտնվել ոչ թե իբրեւ թալան, այլ ՝ թալանի հետեւանքը վերացնելու համար։ Մինչեւ Սամվել Կարապետյանի սեփականություն դառնալը, ՀԷՑ–ը Ռուսաստանի պետական ընկերության սեփականություն էր՝ Ինտեր ՌԱՕ–ի։ Ինտեր ՌԱՈ–ն էլցանցերը կառավարել էր խայտառակ վատ, նաեւ իհարկե այն պարզ պատճառով, որ պետական ընկերություն է։ Պետական կառավարումը ամենավատ կառավարումն է, երբ խոսքը վերաբերում է տնտեսական խոշոր համակարգերին։ Ի դեպ, դա Հայաստանի քաղաքացիները տեսնում են նաեւ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո վերցրեց ՀԷՑ–ը Սամվել Կարապետյանի ձեռքից եւ դրեց պետական կառավարման ներքո։
Դրանից հետո անգամներով ավելացել են վթարներն ու համակարգային խնդիրները, հոսանքի անջատումները։
Վերադառնալով Ինտեր ՌԱՕ–ին։ Այդ ընկերությունն այն աստիճան վատ էր կառավարել էլցանցերը, որ դրանք հասել էին ֆինանսատեխնիկական ճգնաժամի։ Դրան հաջորդեց հոսանքի գինը բարձրացնելու մտադրությունը, որպեսզի ծածկվի ճգնաժամը։ Իսկ այդ որոշմանն էլ հաջորդեց Էլեկտրիկ Երեւանը։ Սամվել Կարապետյանը էլցանցերը ձեռք է բերել այդ ամենից հետո, երբ պարզապես կար էլցանցերը ճգնաժամից դեպի աղետ «անցումից» բառի գրեթե բուն իմաստով փրկելու անհրաժեշտություն։
Ըստ էության, Սամվել Կարապետյանն այդպիսով էլցանցերի համակարգը ոչ թե թալանել է, այլ համակարգը փրկել է նախկին սեփականատիրոջ թալանի հետեւանքից, այդպիսով դրա հետեւանքից զերծ պահելով ամբողջ էներգետիկ համակարգն ու հանրությանը՝ որպես այդ համակարգի սպառող։
Կարելի է Սամվել Կարապետյանի հանդեպ, նրա գործունեության հանդեպ, նրա քաղաքական դերակատարման հանդեպ ունենալ ամենատարբեր մոտեցումներ ու տեսակետներ, բայց չարձանագրել այն, որ նա փաստացի ձեռք բերելով ծանր վիճակում գտնվող էլցանցերը, ուղղակի կարողացել է համակարգը զերծ պահել կոլապսից, կայունացնել եւ բերել արդյունավետ կառավարման ռեժիմի, պարզապես մարդկայնորեն ամոթ է։
Եվ այստեղ արդեն հարցը նույնիսկ Սամվել Կարապետյանը չէ։ Հազիվ թե Կարապետյանը առանձնապես նեղսրտի, որ կառավարությունը նենգափոխում է պատկերը էլցանցի հարցում։ Խնդիրը այստեղ այն է, որ լայն իմաստով տեղի է ունենում մարդկային առաքինությունների նենգափոխում, դրանց արժեզրկում, երբ մարդկանց փոխանցվում են ազդակներ, որ նենգափոխման ու մանիպուլյացիայի ենթակա է ամեն ինչ, եթե պահանջվում է քաղաքական կամ իշխանական կոնյուկտուրայի բերումով։ Իսկ արվածը, աշխատանքը գնահատելը, դա մարդկային առաքինություն է։ Հենց դրա նենգափոխումն է խորքային խնդիրը ու վտանգը, որ հանրությանը սպառնում է այս դրվագների ներքո»։