Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ-ի անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարություն

Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունը՝ համախմբելով ԱՄՆ պետական կառույցների ներկայացուցիչներին, դիվանագիտական համայնքի անդամներին, հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչներին և Հայաստանի բարեկամներին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

«Միջոցառումը նվիրված էր Հայաստանի անկախության տարեդարձին, հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը և երկու երկրների միջև խաղաղության, անվտանգության, տնտեսական զարգացման ու համագործակցության նոր հնարավորությունների ընդլայնմանը։
Ելույթներով հանդես եկան ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիբարիդյանը։

Իմ ելույթում ընդգծեցի Հայաստանի անկախության պատմական նշանակությունը և անդրադարձա Հայաստանի զարգացման ներկայիս ուղուն՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու պահպանումը՝ որպես տարածաշրջանային անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովուրդների միջև համագործակցության հիմնարար նախապայման։

Ընդգծեցի նաև ՀՀ–ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության խորացման կարևորությունը՝ առանձնահատուկ անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովին, «ԹՐԻՓՓ» նախաձեռնությանը։

Անդրադառնալով երկկողմ ոլորտային համագործակցությանը՝ մյուս բանախոսները խոսեցին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև սուպերբանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, ենթակառուցվածքների և հազվագյուտ հանքանյութերի ոլորտներում ընդլայնվող համագործակցության մասին՝ ընդգծելով, որ սա նոր հեռանկարներ է բացում երկու երկրների համար։

ՀՀ դեսպանության և Աստվածաշնչի թանգարանի միջև համագործակցության թեմայով հայտարարությունով հանդես եկանք թանգարանի գործադիր տնօրեն Մատիաս Պերտուլան։

Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակում ելույթ ունեցան Արթուր Հակոբյանը, Արաքսյա Ամիրխանյանը՝ մաեստրո Արմեն Մարտիրոսյանի և նրա նվագախմբի նվագակցությամբ, ինչպես նաև դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը՝ ներկայացնելով հայկական երաժշտական մշակույթը»,-նշել է նա։

Leave a Comment