Երեք հավանական պատերազմ՝ եթե իշխանության լիներ ընդդիմությունը․ Փաշինյանը՝ ԱԺ-ում

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին 47 պատգամավոր է հերթագրվել՝ վարչապետին հարցեր ուղղելու համար։ ԱԺ-ում այսօր քննարկման հիմնական թեմաներից մեկը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելն ու ձերբակալությունն էր։ Փաշինյանը խոսել է նաև նրա հետագա ճակատագրի, իսկ պաշտպանության նախարարը՝ ձերբակալության հանգամանքների մասին։

Ընդդիմությունն էլ դեպքը դիտարկում է Սյունիքի անվտանգության ավելի լայն համատեքստում։ Օրվա խորհրդարանական քննարկումները, սակայն, միայն Շաքիով չեն սահմանափակվել․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել նաև TRIPP-ի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հաջորդ քայլերի մասին։

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքով կալանավորված ադրբեջանցի զինծառայողի հետագա ճակատագրում Հայաստանի մասնակցության չափը որոշակիորեն պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ամբիոնից։

«Նախ գործը պետք է քննվի, ուղարկվի դատարան, դատարանը պետք է որոշում կայացնի, վճիռ կայացնի, որևէ վճիռը պետք է մտնի օրինական ուժի մեջ և պատժի կրումը առնվազն մի մասը պետք է տեղի ունենա ՀՀ–ում։ Իմ ունեցած տեղեկություններով` Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցված այդ փաստի առիթով, և Ադրբեջանի դատախազությունը արդեն հաղորդագրություն է տարածել այդ մասին` արձանագրելով, որ իրենց զինվորը ինքնակամ լքել է ծառայության վայրը»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրացուցիչ մանրամասներ է հայտնել ադրբեջանցի զինծառայողի ձերբակալման պահից, բայց գործի առնչությամբ հանրությանը հետաքրքրող այլ հարցերի, մասնավորապես՝ ուժային կառույցների մեղքի չափի մասին, դեռ ձեռնպահ է մնում մանրամասներ հաղորդելուց։

«Իրականում հարցի առնչությամբ մանրամասն տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել թե՛ ծառայողական քննությունների անցկացումից և թե՛ քննչական գործողությունների անցկացումից հետո։ Տվյալ անձնավորության ձերբակալության ժամանակ նախ՝ նա դիմադրություն ցույց չի տվել, երբ ՀՀ պատկան մարմինները նրան ձերբակալելիս են եղել։ Դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր։ Երկրորդը՝ կարող եմ ասել, որ բնականաբար թերացումներ եղել են և այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ»։

Խորհրդարանական ընդդիմությունն իրավիճակն այլ տեսանկյունից է մեկնաբանում։ Ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի պնդմամբ՝ դեպքերից հետո Շաքիում վախի մթնոլորտ է։

«Եթե հավատանք ձեր այն արդարացումներին, որ դա դիվերսիա չէ, մենք ավելի աղետալի իրավիճակում ենք․ որ կարող է ադրբեջանցի զինվորը անցնել սահմանը, գալ, հասնել Հայաստանի խորքերը և կանգնել յուրաքանչյուր բնակավայրի, մեր յուրաքանչյուր քաղաքացու դռան առջև։ Այս դեպքում ինչպե՞ս եք բացատրում սյունեցուն, որ նա իր հողում անվտանգ է ապրում»։

Խորհրդարանական ընդդիմության հայտարարություններն ու պնդումները վարչապետին հիմք տվեցին հիշելու իր նախընտրական հայտարարություններից մեկը՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» պարտության դեպքում սեպտեմբերին պատերազմի հավանականության մասին։ Խորհրդարանի մեկ ամսվա աշխատանքից հետո վարչապետ Փաշինյանը հաշվել է առնվազն երեք դեպք, որոնք, նրա գնահատմամբ, կարող էին էսկալացիայի վերածվել, եթե իշխանության ղեկին լիներ ընդդիմությունը։

«Հիմա ես երբ տեսնում եմ ձեր արձագանքները տարբեր իրավիճակներին և պատկերացնում եմ, որ դուք ընտրությունների ժամանակ հաղթած կլինեիք, կոնկրետ Շաքիի դեպքի հետ կապված, հիմա ձեր արձագանքի արդյունքում Հայաստան–Ադրբեջան սահմանին լրջագույն փոխհրաձգություններ էին լինելու։ Չեք պատկերացնի` ինչքան շնորհակալ եմ, ձեր հարցերի համար, շարունակեք այդպես»։

Ամեն դեպքում իշխանությունը խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին և պատրաստվում է առաջիկայում խորհրդարանի վավերացմանը ներկայացնել TRIPP պայմանագիրը, որը, նախնական ծրագրերից բացի, ունի նաև ավելի հեռուն գնացող ծրագրեր։ Որպես առաջնային քայլ՝ կողմերը խոսում են խորհրդային ժամանակների երկաթգիծը վերականգնելու և շահագործելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ խոսելով նաև հետագա քայլերի մասին։

«Խաղաղության ինստիտուցիոնալացման և հաստատման՝ երբ կգանք, կհասնենք այն կետին, որ նաև սոցիալհոգեբանական մակարդակում էլ կլինի խաղաղություն, ես համոզված եմ, որ ապագայի ինչ–որ մի պահի մենք կանդրադառնանք նաև երկաթուղին մինչև Կապան հասցնելու թեմային, որովհետև դուք գիտեք, որ խորհրդային ժամանակներում գործել է, բայց Ադրբեջանի տարածքով։ Այսինքն` Մեղրիից մի հատ էլ մտել է նորից Ադրբեջան, նոր Ադրբեջանից մտել է Կապան։ Սա շատ կարևոր է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության տեսակետից, Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործունեության տեսակետից»։

TRIPP ծրագիրն իրականում հետաքրքիր է նաև մեկ այլ ուղղությամբ՝ Երասխ–Մեղրի կապի առումով, որը ևս պետք է ապահովվի Նախիջևանով։

«Երասխի հատվածում մենք մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի, եթե չեմ սխալվում, հունվարին էր նաև Ադրբեջանի և մեր պատվիրակությունները այդ հատվածում տեղատեսություն արեցին։ Այսինքն այդպիսի իրադարձություններ էլ են եղել»։

Ինչ է նախատեսվում TRIPP-ի գործարկման դեպքում՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճշտող հարցին վարչապետը տվեց հստակ պատասխան։

– Կարո՞ղ ենք ասել, որ այն պահից կամ զուգահեռաբար նրա հետ, երբ ապահովվի Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան տրանսպորտային կապը, որ զուգահեռաբար կապահովի Նախիջևանի տարածքով նաև կապը Մեղրիի և Հայաստանի մյուս տարածքների միջև։

—Միանշանակ և աներկբա։

Օգոստոսի 8-ի հռչակագրում հստակ նշված են պայմանները, որոնց համաձայն՝ անխոչընդոտ անցումն ապահովվում է միջազգային, տվյալ դեպքում՝ ամերիկյան ներդրումային և կառավարման երաշխիքներով՝ առանց Հայաստանի տարածքային ամբողջականության կամ մաքսային վերահսկողության իրավունքի զիջման։

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էլ անդրադարձավ նախօրեից սկսված այսպես ասած «ֆեյսբուքյան փոթորիկներին», որոնք նվիրված են Ալիևի նոր պահանջներին։ Իրականում անհետ կորածների որոնողական աշխատանքների հարցը հետաքրքրում է երկու կողմին էլ, հստակեցրել է նախարարը՝ հաստատելով, որ այդ հարցը որքան Ադրբեջանին է հետաքրքիր, այնքան էլ՝ Հայաստանին։ Հետևաբար, եթե դա պահանջ է, ուրեմն նաև Հայաստանի պահանջն է։

Նախարար Միրզոյանը հաստատեց, որ մարդասիրական հարցերը կողմերին մշտապես հետաքրքրել են և եղել են բանակցային օրակարգի մաս։
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին մտահոգում են իրեն հասած տեղեկությունները․ իր ձևակերպմամբ՝ խաղաղոթւթյան մասին հայտարարությունների համատեքստում զգոնությունն ու զգուշավորությունն էականորեն նվազել են։ Ասաց՝ հարգելով դիրքերում կանգնած տղաներին՝ չի բացահայտում իրեն հասծա բոլոր տեղեկությունները։
Վարչապետն արձագանքեց՝ պետք չէ լեզուն պահել ատամների տակ, կարող են և պետք է բաց խոսեն բանակի մասին։

«Առաջին գործարանային արտադրության D 30 հրանոթը ՀՀ–ն ստացել է 2024 թ.–ին։  Դրանից առաջ ԶՈՒ պատմության մեջ ՀՀ ոչ մի հատիկ նոր գործարանային արտադրության D 30 հրանոթ չի եղել։ Ուզում եք ճշմարտությո՞ւնը, սա է ճշմարտությունը։ Ուզո՞ւմ եք ճշմարտությունը բանակի մասին ուղիղ նստեք և նայեք դեպի աջ և կիմանաք ամբողջ ճշմարտությունը բանակի մասին, թե ոնց էր զինվորի սնունդը հայտնվում ոմանց արջերի սննդի համար նախատեսված պահեստում։ Ասե՛ք ճշմարտությունը՝ ուզում եք ճշմարտությունը բանակի մասին»։

Վերջին մի քանի անգամ կառավարության հետ հարցուպատասխանը տևել է մինչև ուշ երեկո։ Այս անգամ ևս հերթագրումների ու հարցերի պակաս չկա։

Leave a Comment