Աշխատանքային պայմանագիրը լուծվելիս գործատուն պարտավոր է կատարել լրիվ վերջնահաշվարկ հենց լուծման օրը, իսկ որոշ հիմքերով ազատելիս՝ վճարել նաև արձակման նպաստ՝ մինչև միջին օրական աշխատավարձի 44-ապատիկը։ Ծանուցման ժամանակահատվածում աշխատողին պետք է տրամադրվի նաև վճարվող ազատ ժամանակ՝ նոր աշխատանք փնտրելու համար։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումները սահմանված են Աշխատանքային օրենսգրքով։
Ե՞րբ պետք է վճարվի վերջնահաշվարկը
Օրենսգրքի 130-րդ հոդվածով գործատուն պարտավոր է կատարել լրիվ վերջնահաշվարկ պայմանագրի լուծման օրը, եթե օրենսգրքով, օրենքով կամ կողմերի համաձայնությամբ այլ կարգ նախատեսված չէ։
Հինգ աշխատանքային օրվա ժամկետը, որը հաճախ շփոթում են, ընդհանուր կանոն չէ. այն կիրառվում է միայն այն դեպքում, երբ վճարումը գործատուից անկախ պատճառներովհնարավոր չէ կատարել։ Մանրամասները՝ այս նյութում։
Վերջնահաշվարկի օրը վճարվում են աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, որոնց թվում է չօգտագործված արձակուրդի հատուցումը։ Մանրամասները՝ այստեղ։
Ե՞րբ է վճարվում արձակման նպաստը
Օրենսգրքի 129-րդ հոդվածով գործատուի լուծարման, հաստիքների կրճատման և աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքերում վճարվում է արձակման նպաստ՝ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։
Իսկ պաշտոնին չհամապատասխանելու, երկարատև անաշխատունակության, աշխատանքի էական պայմանների փոփոխության և զինվորական ծառայության զորակոչվելու դեպքերում նպաստը կախված է ստաժից՝
- մինչև մեկ տարի՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկ,
- մեկից հինգ տարի՝ քսանհինգապատիկ,
- հինգից տասը տարի՝ երեսնապատիկ,
- տասից տասնհինգ տարի՝ երեսունհինգապատիկ,
- տասնհինգ տարի և ավելի՝ քառասունչորսապատիկ։
Քանի՞ օր առաջ պետք է ծանուցի գործատուն
115-րդ հոդվածով լուծարման և հաստիքների կրճատման դեպքում ծանուցումը պետք է լինի ոչ ուշ, քան երկու ամիս առաջ։
Պաշտոնին չհամապատասխանելու և երկարատև անաշխատունակության դեպքերում ժամկետը կախված է ստաժից՝ մինչև մեկ տարի աշխատողին՝ 14 օր, մեկից հինգ տարի՝ 35 օր, հինգից տասը՝ 42 օր, տասից տասնհինգ՝ 49 օր, տասնհինգ տարուց ավելի՝ 60 օր առաջ։
Ժամկետը չպահպանելու դեպքում գործատուն վճարում է տուժանք՝ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով։
Կարևոր է նաև 5-րդ մասը. եթե ծանուցման ժամկետը լրանալուց հետո անցել է ավելի քան հինգ օր, և գործատուն չի լուծել պայմանագիրը, ծանուցումն ուժը կորցրած է ճանաչվում։
Ի՞նչ իրավունք ունեք ծանուցման ժամանակահատվածում
Սա քիչ հայտնի դրույթ է։ 115-րդ հոդվածի 4-րդ մասով ծանուցման ժամանակահատվածում գործատուն պետք է աշխատողին տրամադրի ազատ ժամանակ նոր աշխատանք փնտրելու համար՝ ոչ պակաս, քան այդ ժամանակահատվածի աշխատաժամանակի տասը տոկոսը։
Ազատ ժամանակը տրամադրվում է աշխատողի առաջարկած ժամանակացույցով, և այդ ընթացքում պահպանվում է նրա միջին աշխատավարձը։
Քանի՞ տարվա արձակուրդի համար է վճարվում հատուցում
170-րդ հոդվածով ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում, բացառությամբ աշխատանքային հարաբերությունների ավարտի։ Պայմանագիրը լուծելիս հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար, ոչ միայն ընթացիկ տարվա, և նույն կանոնը գործում է մինչև վեց ամիս աշխատածների նկատմամբ։
Ամենամյա նվազագույն արձակուրդը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է։ Մանրամասները՝ այս նյութում և այստեղ։
Որքա՞ն է տուժանքը ուշացման համար
Գործատուի մեղքով վճարումը ժամկետների խախտմամբ կատարելու դեպքում կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարվում է տուժանք՝ գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան բուն գումարը։ Մանրամասները՝ այս նյութում։
Որքա՞ն կարող է պահել գործատուն
213-րդ հոդվածով պահումները կատարվում են միայն օրենքով սահմանված հիմքերով, իսկ 214-րդ հոդվածով դրանց ընդհանուր չափը չի կարող գերազանցել մեկ ամսվա աշխատավարձի 50 տոկոսը, և մնացորդը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձից։
Օրենքի սխալ կիրառմամբ ավել վճարված աշխատավարձը պահել չի թույլատրվում, բացառությամբ հաշվարկային մեխանիկական սխալների։ Մանրամասները՝ այստեղ։
Քանի՞ օր առաջ պետք է ծանուցեք, եթե ինքներդ եք հեռանում
112-րդ հոդվածով աշխատողը պարտավոր է ծանուցել առնվազն 30 օր առաջ, իսկ եթե պատճառը հիվանդությունն է, աշխատանքային խեղումը կամ գործատուի կողմից օրենքի խախտումը՝ առնվազն հինգ օր առաջ։
Ծանուցումը կարելի է հետ վերցնել երեք աշխատանքային օրում։ Ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ եթե գործատուն ակտ չի ընդունում, պայմանագիրը համարվում է լուծված ժամկետի լրանալու հաջորդ օրվանից։
Ուշադրություն. ժամկետը չպահպանելու և գործատուի առարկության դեպքում աշխատողն է վճարում տուժանք՝ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը։ Մանրամասները՝ այս նյութում։
Աշխատավարձի հին պարտքը կարո՞ղ եք պահանջել
Այո։ 30-րդ հոդվածով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, սակայն վաղեմություն չի տարածվում աշխատավարձի պահանջների վրա, ինչպես նաև պատվի և արժանապատվության պաշտպանության և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների վրա։
Ամփոփում
Ամփոփելով՝ վերջնահաշվարկը կատարվում է պայմանագրի լուծման օրը, լուծարման և կրճատման դեպքում վճարվում է արձակման նպաստ՝ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, այլ հիմքերով՝ միջին օրական աշխատավարձի 10-ից 44-ապատիկը՝ ըստ ստաժի, ծանուցման ժամկետը կրճատման դեպքում երկու ամիս է, մյուս դեպքերում՝ 14-ից 60 օր, ծանուցման ժամանակահատվածում աշխատողին տրամադրվում է վճարվող ազատ ժամանակ՝ աշխատաժամանակի առնվազն տասը տոկոսի չափով, հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար, ուշացման համար գործատուն վճարում է 0,15 տոկոս տուժանք, իսկ աշխատավարձի պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածվում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։