Նվիրված Ռոբերտ Էլիբեկյանի 85 – ամյակին
Մատենադարանի սրահի եկեղեցական խորանների տեսքով ձեւավորված տարածքը ժամանակների հանդիպման խորհրդավոր զգացողություն է առաջացնում` վերածված հին ձեռագրարվեստի եւ ժամանակակից կերպարվեստի կամրջման վայրի, որպես վկայություն հոգեւոր ժառանգականության շարունակության: Ռոբերտ Էլիբեկյանի կտավների ցուցադրությունն այստեղ բոլորովին տարբեր էր, այն ինչ սովոր էինք տեսնել նկարչական սրահներում: Տարբեր էր մթնոլորտը: Բարձր, ուղղահայաց կամարաձեւ ցուցափեղկերում դրված հնագույն ձեռագիր մատյանները իրենց բնորոշ խորհրդավորությամբ գեղեցկորեն ներդաշնակված էին Էլիբեկյանական կտավների էսթետիկային, ասես ձուլված էին միմյանց: Շուրջը աղմուկ էր մարդկային, շատ էին այցելուները, բայց յուրաքանչյուր ցուցափեղկի հենց մոտենում, այդ ամենը վերանում էր. այնտեղ լռությունն էր իշխողը: Լռություն, որտեղից փորձում ես լսել հնից եկող եւ դրան արձագանքող ձայները, երկխոսությունը գրի ու գույնի միջեւ, ընդհանրություններ գտնել միջնադարի մեր ձեռագիր ծաղկողների եւ այսօր մեր կողքին ապրող, կյանքի թրթիռները նրբորեն զգացող նկարչի գեղարվեստական մտածողության, հոգեւոր կապ տեսնել ձեռագիր մատյանների ու կտավների միջեւ:
ժամանակային եւ տարածական տարբեր իրականությունների մշակութային երկու շերտերի միջեւ այսպիսի երկխոսության` ցուցահանդեսի համադրողներ Մատենադարանի թանգարանի ղեկավար Լիլիթ Սարգսյանի եւ արվեստաբան Իվեթ Թաջարյանի «Հավատի խաչվող գույները» բանաստեղծական անվանումը նույնպես խորհրդավոր – համահունչ է:
Այս շատ հաջողված, հուզականորեն հարուստ, միաժամանակ անսովոր էքսպոզիցիան հոգեւոր ժառանգության ձայն է, հնագույն մատյաններից եկած գույն` մեղմորեն իջած կտավներին : Ցուցադրությունը բացվում է նկարչի ինքնանկարով եւ կնոջ` Մարի Էլիբեկյան – Հայթայանի դիմանկարով, որպես համատեղ կյանքի ներդաշն ճանապարհ` սկզբի եւ շարունակության: Վարպետը ներկա չէր, դժվար էր գալը, սակայն խոսում էին նրա գույները, ծանոթ ձեռագիրը հոգու եւ մտքի: Կենտրոնի կամարազարդ պատի Աստվածամոր («Տիրամայր») պատկերի լույսը տարածվում էր շուրջը: Հոգեւոր զգացողություն է իհարկե, բայց շոշափելի. ջերմացնող է: Նկարից մի փոքր հեռավորությամբ աթոռին նստած է նկարչի կինը` աչքերի մեջ խորունկ բարությամբ. հայացքի այն նույն ջերմությունը , ինչ տեսել եմ տարիներ առաջ: Այդ ջերմությունը, նվիրումը անցել, հաղորդվել է ամուսնու արվեստին, խառնվել Էլիբեկյանական գույների այն տաք լուսավորությանը, որ հասնում, դիպչում է յուրաքանչյուր դիտողի սրտին:
Էլիբեկյանի նկարչության մեղմ տոնայնությունն ու մեղեդին, թատերային թեթեւ խաղերը, մեղմ անցումները երեւակայականի ու իրականի սահմաններին, նրա հարցերը կյանքի գաղտնիքներին ինչպե՞ս են բացվում այստեղ, այս նոր միջավայրում եւ ինչպե՞ս է համադրողներին հաջողվել նկարչի ապրած զգայական թրթիռները կապել հնագույն ժամանակներին:
Իհարկե այս երկու շերտերում նրանք տեսել ու զգացել են խաչվող հավատի նման գույներ, ասել է թե նույն գույները… Ցուցադրության համար երկար ուսումնասիրելուց հետո ընտրվել է ութ ձեռագիր մատյան: Աշխատանքի դժվարությունը նույն տարածքում մեկը մյուսին ներդաշնակեցնելը, կտավների գունագեղության, տրամադրությունների համադրումն է եղել ձեռագիր մատյանների նկարազարդումներին: Մասնագիտական փորձ ու հմտություն է պահանջվում իհարկե, հայ միջնադարյան նկարչության տարբեր դպրոցների ոճային առանձնահատկությունների` գունային, զարդագրային, լուսանցագրային նրբությունների իմացություն` համապատասխան ընտրություն կատարելու:
«Ես ինքս աշխատում եմ Մոնրեալի գեղեցիկ արվեստների թանգարանում: Սրահներով շրջելիս հաճախ մտքեր եմ ունեցել` երբ Հայաստանում կլինեն նման մակարդակի ցուցադրություններ: Այս ցուցադրությունը չի զիջում միջազգային մակարդակին»: Գեղանկարիչ Արեգ Էլիբեկյանի երախտիքի խոսքը համակարգողներ Լիլիթ Սարգսյանին, Իվեթ Թաջարյանին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին, ցուցադրության մասնակից աշխատակիցներին , գնահատական էր կատարված բարձրորակ գործի:
Ռոբերտ Էլիբեկյանի գեղանկարչությունը, որ ավելի հաճախ բնորոշվում է ընդգծված թատերայնությամբ, կանացի կերպարների արտիստիկ խաղերով, օդում սահող եթերային էակների մեղեդայնությամբ, խորապես նաեւ հոգեւոր է, եւ կրոնական , եկեղեցական թեման նրա արվեստի կարեւորագույն շերտն է: «Ողբ», «Խաչելություն», «Տիրամայր», «Եկեղեցու ավերակների մոտ», «Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության մոտիվներով», այս եւ մյուս կտավները Մատենադարանի ձեռագրերի հնաշունչ միջավայրում դիտվում էին որպես բնական շարունակություն:
Էքսպոզիցիոն այսպիսի մոտեցման անակնկալը դիտողի համար պահի մոռացությունն էր նաեւ, ժամանակից հեռանալու, տարածականության, էներգետիկ դաշտի փոփոխության զգացողությունները եւ իհարկե վայրի նշանակությունը` հայոց հոգեւոր մշակույթի, ազգային հիշողության գանձարանը եւ սրահը ճշգրտորեն ընտրված, կամարների լռության մեջ ամփոփված խոսքը, գույնը, հնչյունն անժամանակյա` մեր մշակութային ինքնության վկայությունը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ