Ինչո՞ւ է «Նռան գույնը» քրդական կինոփառատոնում

Բեռլինում սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ընթացավ քրդական ֆիլմերի 16-րդ կինոփառատոնը, որի ընթացքում ցուցադրվեցին ավելի քան 30 հին եւ նոր վավերագրական, գեղարվեստական եւ կարճամետրաժ ֆիլմեր տարբեր երկրներից (ԽՍՀՄ, Նորվեգիա, Իրան, եւ այլն):

Քրդական կինոփառատոներն ակնհայտորեն չեն կարող լինել առանց հայկական ֆիլմերի, այս մեկը եւս բացառություն չէր, ուստիեւ փառատոնի թրեյլերում երեւում էր նաեւ Մայր Հայաստանի արձանը: Հայտնի է, որ քրդական (եզդիական) թեմայով առաջին ֆիլմը՝ «Զարեն», նկարահանել է հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը 1926-ին: Ծրագրում ընդգրկված են նաեւ Ամասի Մարտիրոսյանի եւ Պատվական Բարխուդարյանի «Քրդեր-եզդիներ» (1932) խաղարկային եւ Յակով Քոչարյանի «Քրդերը Խորհրդային Հայաստանում» վավերագրական (1947) ֆիլմերը: Հայաստանին առնչվում են նաեւ ծրագրում տեղ գտած Ջելիլ Բադիքանլիի եւ Օզլեմ Դիլերի «Ջասըմե Ջելիլ. մի քուրդ մտավորականի կյանքը» փաստագրությունը (2021) Խորհրդային Հայաստանում բնակված քուրդ գրողի մասին եւ «Կարմիր Քրդստան» վավերագրական ֆիլմը 1923-1929 թթ. Արցախի տարածքում ստեղծված Կարմիր Քրդստան ինքնավար մարզի մասին:

Միայն թե անհասկանալի է, թե քրդական կինոփառատոնի ծրագրում ինչո՞ւ է հայտնվել նաեւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»: Հիշում ենք, որ 2014 թվականին Կաննի կինոփառատոնում ուկրաինական աղբյուրներն այն ներկայացրել էին որպես ուկրաինական ֆիլմ, իսկ հիմա, պարզվում է, քրդերը եւս նկրտումներ ունեն այդ ֆիլմի հանդեպ…

Ա. Բ.

Leave a Comment