Վերջին օրերին Երևանի և Բաքվի հարաբերությունների մասին Նյու Յորքում տարբեր հայտարարություններ հնչեցին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները խաղաղության գործընթացի մասին խոսեցին փոխկապակցված, բայց փոքր-ինչ տարբեր շեշտադրումներով։ Բաքուն շեշտեց երկու երկրների միջև «դե ֆակտո» հաստատված խաղաղությունը ու չլուծված հարցերը, Երևանը՝ այդ խաղաղությունն ամրապնդելու և ինստիտուցիոնալացնելու անհրաժեշտությունը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ տնտեսական կապերի հնարավորություններ է բացել։
«Միակողմանիորեն վերացնելով տարանցիկ սահմանափակումները՝ Ադրբեջանը նպաստում է դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների փոխադրմանը։ Մենք նաև երկկողմ առևտուր ենք հաստատել։ Ադրբեջանը կանոնավոր կերպով նավթամթերք է մատակարարում Հայաստանին՝ չնայած շուկաների անկայունության աճին և այդ ապրանքների նկատմամբ միջազգային պահանջարկի աճին»։
Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հռչակագրին և խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրին։ Բայրամովի խոսքով՝ դրանցով կողմերը հաստատել են հակամարտությունն ավարտելու և խաղաղ ապագա կառուցելու իրենց կամքը։
Բայրամովը խոսել է նաև TRIPP նախագծի մասին՝ այն կապելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով հաղորդակցության ու տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման հետ։
Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացն անշրջելի դարձնելու համար պետք է վերացնել «մնացած խոչընդոտները» և ստորագրել նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Թե որ խոչընդոտների մասին է խոսքը, Բայրամովը չի մանրամասնել, սակայն խոսել է նաև հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին․
Սեպտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել էին խաղաղության գործընթացի առաջընթացը։ Կողմերը, մասնավորապես, անդրադարձել էին տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը և պայմանավորվել շարունակել ուղիղ երկխոսությունը։
Իսկ ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր՝ խնդիրը ոչ միայն խաղաղությանը հասնելն է, այլև այն ամրապնդելն ու ինստիտուցիոնալացնելը։
«Խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելն ու ինստիտուցիոնալ դարձնելը Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական թեման պետք է լինի»։
Փաշինյանը հիշեցրել էր, որ վերջին երկու տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել՝ դա համարելով գործակցության կարևորագույն արդյունք։
Վարչապետի խոսքով՝ հաջորդ խոշոր քայլը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Միաժամանակ, հայկական կողմը շարունակում է բարձրաձայնել չլուծված հումանիտար հարցերը։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ականազերծման հարցում։ Եվ իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրներն արդեն բավարար արդյունքներ են արձանագրել, և դրանք, նրա գնահատմամբ, պետք է ավելի արժեքավոր լինեն, քան պատմության, պատմամշակութային հուշարձանների կամ այլ հարցերի շուրջ կոնֆլիկտային խոսույթը։
ՄԱԿ-ում խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին այս հայտարարություններին նախորդել էր Գանձասարի, այսպես ասենք, դիվանագիտական սկանդալը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օտարերկրյա դիվանագետների այցի ժամանակ Դադիվանքն ու Գանձասարը ներկայացրել էր որպես Աղվանքի քրիստոնեական ժառանգություն, նաև ձեռագիր գրքերի մասին խնդրահարույց մեկնաբանություններ էր արել։
Հաջիևի հայտարարությունները լայն արձագանք ստացան Հայաստանում։ Դրանց անդրադարձավ նաև Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ պարզաբանելով, որ Գանձասարում ցուցադրված մատյանները բնօրինակներ չեն, այլ հատուկ ցուցադրության համար պատրաստված բարձրակարգ կրկնօրինակներ, որոնց բնօրինակները պահվում են Երևանի Մատենադարանում։
Հաջիևի ցուցադրած գրքի դատարկ էջերին ծանոթանալուց հետո Բաքվից Երևան ժամանած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Մատենադարանում անձամբ ծանոթացավ հայկական հնագույն ձեռագրերին ու դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին: