ՔՊ-ն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրների վերաբերյալ քննարկումը

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին խորհրդարանում արցախցիների սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրների վերաբերյալ քննարկումը:

Քննարկման մեկնարկին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ նիստին ներկա են Արցախի խմբակցությունները՝ ներկայացնելով նաև դրանց ղեկավարների անունները։

Քննարկման մեկնարկից մոտ 20-30 րոպե անց ՔՊ-ի պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը։ Որպես հեռանալու պատճառ նրանք նշեցին քննարկման ընթացքում հնչած ձևակերպումները՝ մասնավորապես «Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ», «Արցախի խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ» և նման այլ արտահայտություններ։

Աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի փոխնախագահ Մարիամ Պողոսյանը հայտարարեց, որ իրենք բազմիցս ասել են, որ Հայաստանում երկրորդ պետություն չեն հանդուրժի, հետևաբար հայտարարությունները, թե՝ «ներկա են Արցախի պաշտոնյաները», իրենց համար անընդունելի է:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նշեց՝ այս միջադեպն իրեն հիշեցրեց միջազգային կառույցներում ադրբեջանցիների վարքը։

«16 տարի է Ադրբեջանի դեմ վարույթներում եմ, հենց առաջին գործերից Ադրբեջանը պահանջում էր Եվրոպական դատարանից չօգտագործել Արցախի հայկական անվանումները, պետական, հանրային մարմինների փաստաթղթերը։ Հենց առաջին օրվանից Եվրոպական դատարանը մերժել է, որովհետև գործում էր հանրային իրավունքը, Եվրոպական դատարանը նույնիսկ Արցախի դատարանների որոշումներն է ճանաչել լեգիտիմ ակտեր և դրա հիման վրա որոշումներ կայացրել։ Գուցե ստուգատես տեղին չէր, բայց կարծում եմ՝ կան աղերսներ», – ասաց Ղազարյանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment