Ռոբերտ Քոչարյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել․ Օրբելյան – armeniatoday.am

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել և ներկայում նույնպես չի զբաղվում, հայտարարել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Սևակ Խաչատրյանի և Օրբելյանի ասուլիսը՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։

«Քոչարյանն իր ամբողջ կյանքի ընթացքում զբաղվել է հասարակական գործունեությամբ»,- ասել է փաստաբանը։

Օրբելյանի խոսքով՝ խորհրդային տարիներին Քոչարյանն զբաղեցրել է հասարակական-քաղաքական պաշտոններ, հետագայում զբաղեցրել Արցախի և Հայաստանի նախագահ, ՀՀ վարչապետ, իսկ պաշտոնավարումից հետո աշխատել է բարձր վարձատրվող ղեկավար պաշտոններում, այդ թվում՝ որպես տնօրենների խորհրդի անդամ, ապա կրկին վերադարձել քաղաքական գործունեության։

Փաստաբանը պնդել է, որ Քոչարյանն ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի այն ընկերություններին, որոնց հետ կարող են կապված լինել նրա որդիները կամ դուստրը։

«Մեկը թող ասի՝ մի անգամ Քոչարյանին տեսե՞լ է այդ կազմակերպություններն ուղղակի կամ անուղղակի ղեկավարելիս։ Մեկը թող պնդի, որ այդ ձեռնարկությունների գործունեության հետ կապված Քոչարյանի հետ քննարկել է որևէ դետալ, որևէ համատեղ ծրագիր, որևէ բան»,- նշել է Օրբելյանը։

Նա նաև անդրադարձել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքին՝ այն տարանջատելով նախկին նախագահի ընտանիքի անդամների ձեռնարկատիրական գործունեությունից։ Օրբելյանի խոսքով՝ Քոչարյանին վերագրվող ենթադրյալ կոռուպցիոն արարքը վերաբերում է կառավարության որոշումների՝ այլ նպատակներով ենթադրյալ վավերացմանը։

«Բացի նրանից, որ Քոչարյանը վավերացրել է այդ կառավարության որոշումները, որևէ այլ առնչություն չենք տեսնում»,- հայտարարել է փաստաբանը։

Քոչարյանների բնակարաններում, ինչպես նաև նրանց պատկանող և փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ի խուզարկություններից հետո Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի և ևս 3 անձի նկատմամբ կալանք էր կիրառվել։ Նախկին նախագահին մեղադրում են պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով, Սեդրակ Քոչարյանին՝ նույն տարիներին նշված ենթադրյալ արարքներին օժանդակելու հոդվածներով։

 

Leave a Comment