Ֆյոդորովն ընդամենը կես տարի է պաշտոնավարել
Ավելի քան մեկ ամիս է Ուկրաինայում բողոքի ցույցեր են: Այս տարվա հունվարի 14-ին պաշտպանության նախարար է նշանակվել Միխայլո Ֆյոդորովը, որն ավելի վաղ զբաղեցրել է փոխվարչապետի, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների նախարարի պաշտոնները:
Որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար նա աշխատել է ընդամենը կես տարի և հուլիսի 15-ին հեռացվել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով:
Հիմնական պատճառը Միխայլո Ֆյոդորովի վեճն էր զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ, որը նույնպես ազատվել է պաշտոնից:
Խաղաղ ցույցեր ռմբահարվող և հրթիռակոծվող երկրում
Եվ ահա հուլիսի կեսերից Կիևում բողոքի ակցիաներ են: Դրանք խաղաղ են, մարդիկ երգում են, վանկարկում են կարգախոսներ, պահանջում են վերադարձնել Ֆյոդորովին:
Պատերազմող և ամեն օր օդային հարվածների ենթարկվող երկրում զարմանալին բողոքների բուն փաստն է: Դենիս Պոդհորնին ասել է, թե առաջին անգամ ինքնաբուխ է եկել, հետո հարցը քննարկել է զինվորական ընկերների հետ:
«Իմ և ուրիշ մարդկանց կարծիքով, որոնց ես հեղինակություն եմ համարում, իմ ընկերները, որոնք ծառայում են բանակում, նրանք շատ դրական բաներ են նշել Ֆյոդորովի աշխատանքում»,- ասել է ցուցարարը։
Հարյուրավոր մարդիկ Կիևում հավաքվել են Ուկրաինայի ժողովրդի ազատության կամարի մոտ, որտեղից քայլերթով շարժվել են դեպի նախագահի նստավայր:
Այս շաբաթասկզբին Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, վերադարձել է արձակուրդից: Ցուցարարները պնդում են, որ կկանգնեն միչև վերջ և կհասնեն ուզածին: Նրանք խորհրդարանի միջամտություն են պահանջում:
Հանրության մի մասի համոզմամբ, Ֆյոդորովը լավ է աշխատել, բացահայտել է կոռուպցիոն գործարքներ, սկսել է բարեփոխումներ: Նրան սատարում են երիտասարդները: Գուցե նախագահ Զելենսկու համար անսպասելի էր այդ պաշտոնանկությանը հաջորդած բողոքի ակցիաների ծավալը:
Ֆյոդորովը մի քանի շաբաթ լռել է, բայց երեկ Յություբում տեղադրել է ուղերձ, որն անմիջապես հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում:
Ժողովրդավարությունը չդառնա Ռուսաստանի պատանդը
Նախկին նախարարն առաջարկում է անտեսել պատերազմի հանգամանքը և անցկացնել ընտրություններ, քանի որ միայն դա թույլ կտա վերականգնել ներքին քաղաքական կայունությունը:
«Մենք պետք է պատասխանենք մի հիմնարար հարցի. ինչպե՞ս պետք է գործի պետությունը, եթե պատերազմը շարունակվի։ Ի՞նչ կլինի, եթե պատերազմը տևի ևս մեկ, երկու կամ երեք տարի»,- ասել է նախկին նախարարը։
Ֆյոդորովի համոզմամբ, չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը որոշի, թե երբ ուկրաինացիներն ընտրություններ կանցնակցնեն: Նա ասել է, որ ժողովրդավարությունը չպետք է դառնա Ռուսաստանի պատանդը:
«Հետևաբար, պետք է գտնենք օրինական, անվտանգ և իրատեսական մեխանիզմ, որը թույլ կտա Ուկրաինային վերականգնել լիարժեք ժողովրդավարական գործընթացը նույնիսկ երկարատև պատերազմի պայմաններում.,- ասել է Ֆյոդորովը:
Ռազմական դրության պայմաններում չեն ընտրում
Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչն արձագանքել է, թե «ոչ ոք դեմ չէ ընտրություններին, բայց հարկ է հաշվի առնել անվտանգությունը», ապա Ֆյոդորովին ոչ առանց հեգնանքի առաջարկել է «ընտրություններ անել բալիստիկ հրթիռների գրոհների արանքում»:
Գերագույն ռադան Եվգենի Խմարային այսօր հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնում: Նրա թեկնածությունն օրենսդիրներին Զելենսկին է ներկայացրել:
Ուկրաինայի օրենքն արգելում է ընտրությունների անցկացում ռազմական դրության պայմաններում:
Մոսկվան Զելենսկում անվանում է «ոչ լեգիտիմ նախագահ, քանի որ նրա լիազորությունների ժամկետը սպառվել է 2024 թվականի մայիսի 20-ին»:
Միխայլո Ֆյոդորովի գործոնը կարող է քաղաքական լուրջ ճգնաժամ ստեղծել Զելենսկու համար: