Վերջին մեկ օրվա ընթացքում Լարս անցակետով Վրաստան է մուտք գործել տարբեր երկրների 7880 քաղաքացի, իսկ 20 հազար մարդու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Rustavi 2-ը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։
Նույն ժամանակահատվածում այդ անցակետով Վրաստանից հեռացել է տարբեր երկրների 8406 քաղաքացի, հստակեցրել է գերատեսչությունը և կոչ արել չտարածել չստուգված տեղեկություններ ու չաղավաղել վիճակագրական տվյալները։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ) հայտնել էր Լարսի անցակետով ռեկորդային հոսքի մասին։ Գերատեսչության՝ օգոստոսի 18-ի տվյալներով՝ մեկ օրում ռուսական անցակետով անցել է ավելի քան 20 հազար ուղևոր։
Անցակետն օգոստոսի 13-ին տարհանվել էր տագնապի ազդանշանի պատճառով։ Վաղ նախազգուշացման համակարգը փոփոխություններ էր արձանագրել Դևդորակի կիրճի գետի հունում։ Տագնապի ազդանշանի միացումից անմիջապես հետո Դարիալի անցակետում (որը Լարսի անցակետի վրացական կողմն է) գտնվող բոլոր անձինք տարհանվել էին անվտանգ վայր։
Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետով անցնող ճանապարհը ներկայումս Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է։
