«Վստահ եմ՝ հարաբերություններ զարգացնելու առումով կարող եմ հաջողել». Ալեն Սիմոնյան

«Քաղաքական պրոցեսների մասնակից եմ, այս աշխատանքը ինձ հետաքրիր է: Վստահ եմ, որ հարաբերություններ զարգացնելու, խորացնելու առումով կարող եմ հաջողել», – այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու որոշեց զբաղեցնել այդ պաշտոնը:

Այն բանից հետո, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը Ալեն Սիմոնյանի համար անակնկալ ձևով Ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում ընտրեց Ռուբեն Ռուբինյանին, 8-րդ գումարման Ազգային ժողովի խոսնակը հրաժարվեց պատգամավորական մանդատից: Հուլիսի 2-ին հրաժեշտի ասուլիսում Սիմոնյանը հայտարարեց, թե ցանկանում է «մի քիչ հանգստանալ»:

Ինչո՞ւ պլանները փոխվեցին: ԱԽ նորանշանակ քարտուղարն այսօր ասաց, թե արդեն շուրջ մեկ ամիս հանգստացել է: Ինչ վերաբերում է նոր պաշտոնի առաջարկին, ապա այն ստացել է վարչապետից, քննարկել և ընդունել է:

Ի՞նչ առաջնահերթություններ են Նիկոլ Փաշինյանի կողմից դրվել իր առջև այս պաշտոնում, արդյո՞ք դրանք ներառելու են նաև հայ-ռուսական սրված հարաբերությունները:

Սիմոնյանն ասաց, որ այդ հարցերն առաջիկայում քննարկելու է վարչապետի հետ: Ամեն դեպքում վստահեցրեց, որ ինչպես ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինքը նույնպես ներգրավված է լինելու նաև հայ-ադրբեջանական բանակցություններում:

Պաշտոնավարման անցած ութ տարիներին և հատկապես 2021-ից հետո Արմեն Գրիգորյանն ակտիվորեն ներգրավված էր հայ – ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացներում:

Ոչ վաղ անցյալում՝ 2022-ին, Գրիգորյանն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ բանակցություններում փորձում էր առաջ տանել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությանը և նրանց իրավունքներին վերաբերող հարցերը:

Բաքուն, սակայն, այդպես էլ միջազգային մեխանիզմ ստեղծելու հայկական կողմի առաջարկին չհամաձայնեց:

Մեկ տարի անց՝ 2023-ին, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախը հայաթափվեց:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment