62 կողմ, 27 դեմ ձայներով ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընտրվել է ԱԺ փոխնախագահ։ Մինչև քվեարկությունը նորընտիր պատգամավորներից 46-ը գրանցվել են ելույթների համար։ Քաղաքական հայտարարությունները, սակայն, միայն թեկնածուին առնչվող դիտարկումներով չեն սահմանափակվել։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբկացության անդամ Արուսյակ Ջուլհակյանը խմբակցության անունից ԱԺ նախագահի երկրորդ տեղակալի պաշտոնին առաջադրեց Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը․
«Տաղանդավոր քաղաքական գործիչ, պերճախոս, հռետոր, պարկեշտ, սկզբունքային, աշխատասեր մարդ»։
Ալեքսանյանի 33–ամյակը լրանում է հենց այն օրը, երբ խորհրդարանը քննարկում է նրա թեկնածությունը։ Ծառայել է զինված ուժերում, ավարտել մայր բուհը՝ արաբագետի որակավորմամբ, այնուհետև համակարգել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերը, 2021-ից պատգամավոր է, 2022-ից՝ ՔՊ վարչության անդամ․
«Եղել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի և ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ։ Ամուսնացած չէ, դեռ»։
ԱԺ փոխնախագահի թեկնածուի կարգավիճակում Վահագն Ալեքսանյանը խոսեց ոչ այնքան իր, որքան կառավարության կատարած բարեփոխումների մասին․ կենսաթոշակի բարձրացում, բանակի սպառազինության ավելացում, նոր մանկապարտեզների ու դպրոցների կառուցում․
«Սիրելի քաղաքացիներ, բայց էդ ամեն ինչից էլ ավելի վեր ու էլ ավելի կարևոր է միանշանակ օգոստոսի 8-ի նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, որը իմ կարծիքով, մեր ձեռքբերումների թագն է ու հենց նաև դրա ու առհասարակ խաղաղության գործընթացի շնորհիվ է, որ էսօր էս ամբիոնից կարող ենք հայտարարել, որ 2 օրացուցցային տարուց ավելի է արդեն, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին հակառակորդի կրակոցից զինվոր չի զոհվում»։
Ալեքսանյանին հարցեր ուղղեցին միայն ընդդիմադիր պատգամավորները։ Լևոն Քոչարյանն օգտագործեց առիթը՝ Ալեքսանյանին հիշեցնելու նրա ավելի վաղ արած հայտարարություններից մեկը․
«Դուք մի անգամ ելույթ ունեցաք, խոսում էիք ձեր ինչ-որ մանկությունից, որ դուք կռիվ եք արել, եղել է, որ ձեզ ծեծեն, դուք ծեծեք, ու այս համեմատության մեջ կարծես իմ հետ էիք ուզում համեմատվել ու ասում էիք` այ իսկ Լևոն Քոչարյանը իր երիտասարդ տարիքում, երբ հարց էր ունենում, ԱԱԾ-ի ալֆան էր այդ հարցերը լուծում»։
Վահագն Ալեքսանյան․
«Այո, ձեր երիտասարդության տարիներին ձեզ թույլատրված է եղել ամեն ինչ, ձեզ, ձեր ընկերներին, ձեր շրջապատին, ձեր հոր կողմից նշանակված մյուս պաշտոնյաների որդիներին, դրա մասին բոլորը գիտեն։ Ընտանիքներ են եղել, կլաններ են եղել, պարոն Քոչարյան, որոնց զավակները, երբ մտել են սրճարաններ Երևանում, իմ պես տղերքը, սովորական ուսանող տղերքը իրենց ընկերուհիների հետ են եղել, դուրս են եկել այդտեղից արագ, որ հանկարծ մի պատմության մեջ չընկնեն»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը ընդդիմությանն առաջարկ ուներ․
«Ես կոչ եմ անում մեր ընդդիմադիր գործընկերներին որևէ պարագայում չընտրել պարոն Ալեքսանյանին, որովհետև այդ դեպքում դուք առանց այն էլ ուժեղացնելու եք մեր շատ ավելի ուժեղ թիմը» ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար կարևոր էր Ալեքսանյանի մասնակցությունն օրենսդրական աշխատանքին․
«Նա եղել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական պատվիրակության անդամ, և մենք Արուսյակ Ջուլհակյանի և Ալեքսանյանի հետ բազմաթիվ ճանապարհներ ենք անցել, և այդ ճանապարհը մեզ ոչ միայն մտերմացրել է, այլ նաև մարդկային որակները ավելի ցայտուն է դարձրել, ուստի ես ուզում եմ, պարոն Ալեքսանյան, Ձեզ հաջողություն մաղթել»։
Ընդդիմությունը ևս վստահ է՝ Վահագն Ալեքսանյանը կընտրվի ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ «Հայաստան» խմբակցության անդամ Սևակ Խաչատրյան․
«Պարոն Ալեքսանյանը մի քանի ժամից կընտրվի, կզբաղեցնի իր տեղը, բայց այս բարեկրթության, նախորդ խորհրդարանի ոչ այնքան բարեկիրթ լինելու համար, օրինակ, պարոն Ալեքսյան, դուք եղել եք այդ ոչ բարեկիրթ միջավայրի կիզակետում, ազնիվ ասենք, որովհետև դրա տեսանյութերը կա և ամեն ինչը կա»։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ խորհրդարանն ավելի բարեկիրթ դարձնելու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հորդորը կախված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից։ Վահագն Ալեքսանյանը միանում է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ավելի բարեկիրթ լինելու կոչին․
«Ոչ ոք չի ասում՝ չքննադատենք կամ մեղադրանքներ չհնչեցնենք։ Ես, օրինակ, համարում եմ, որ դուք այստեղ եք հայտնվել, որովհետև ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել։ Բայց ձեզ դիմելիս ասելու եմ «պարոն», «տիկին» և «հարգելի գործընկերներ»։ Քանի դեռ հակառակը չեմ տեսել կամ լսել, ձեզ հետ խոսելու եմ հարգալից»։
Վաղը խորհրդարանը կընտրի երրորդ փոխնախագահին։ Ըստ օրենքի՝ նա պետք է ընդդիմության ներկայացուցիչ լինի։ Առաջադրված միակ թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն է։