ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները հաջող ընթացք ունեն, և կողմերը երեքշաբթի անցկացրել են «շատ լավ քննարկումներ»։
Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի հետ բանակցությունները տևել են ամբողջ օրը՝ հավելելով, որ Հորմուզի նեղուցը «շատ շուտով կբացվի»։
«Նրանք ամբողջ օրվա ընթացքում բանակցություններ են անցկացրել։ Հորմուզի նեղուցը շատ շուտով բաց կլինի։ Եթե նրանք կրկին հրաժարվեն պայմանավորվածությունից, ապա շատ ծանր հարված կստանան»,– ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի հայտարարությունից հետո միջազգային շուկաներում արձագանք է եղել․ նավթի գները նվազել են, իսկ ասիական բորսաներում գրանցվել է աճ՝ ներդրողների սպասումների ֆոնին, որ հնարավոր է համաձայնություն ձեռք բերվի և վերականգնվի Հորմուզի նեղուցով նավագնացությունը։
Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն և Իրանը մոտենում են միջանկյալ համաձայնության շուրջ պայմանավորվածությանը, որը կարող է հնարավորություն տալ վերաբացել նեղուցը՝ Օմանի մասնակցությամբ։ Սակայն Իրանի պետական լրատվամիջոցները, հղում անելով իրազեկ աղբյուրի, հայտնել են, որ համաձայնությունը կարող է հետաձգվել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Թեհրանի հասցեին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Օմանի հետ Հորմուզի նեղուցով անցումների շուրջ բանակցությունները շարունակվում են և ունեն «դրական ընթացք»։ Նրա խոսքով՝ քննարկումները վերաբերում են անվտանգ նավային երթուղիների ստեղծմանը՝ հաշվի առնելով Իրանի և Օմանի ինքնիշխան իրավունքներն ու ազգային անվտանգությունը։
Ավելի վաղ նաև Քաթարը հայտարարել էր, որ միջնորդական ջանքերի շրջանակում առաջընթաց կա Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։ Քաթարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին և Թրամփը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով կողմերի միջև տարաձայնությունների նվազեցման հնարավորությունները։
Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն ուղիներից մեկը․ դրա միջոցով սովորաբար անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Անի Վարդանյան