Խոստումներ, ներողություններ, խաղաղության կոչեր, առաջին սուր հարցուպատասխաններն ու նույնիսկ «քաղաքական վենդետայի» մասին հայտարարությունը․ այսպիսի մթնոլորտում մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Թեև օրը հիմնականում արարողակարգային էր, հենց առաջին նիստում արդեն նշմարվեցին այն կարմիր գծերն ու հակասությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղեկցելու են նոր խորհրդարանի աշխատանքը։
Առաջին քաղաքական սուր հարցադրումը հնչեց դեռ մինչև հիմնական օրակարգին անցնելը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Ռուբեն Ռուբինյանին կարճ հարց ուղղեց՝ «Վենդետա լինելո՞ւ է»։ Պատասխանն էլ նույնքան կարճ էր. «Քաղաքական վենդետա լինելու է»։ Այս կարճ երկխոսությունը դարձավ օրվա ամենաքննարկված դրվագներից մեկը։
ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն իր 17-րոպեանոց ելույթում, սակայն, փորձեց նաև այլ տրամադրություն ձևավորել։ Ողջունելով բոլոր պատգամավորներին, այդ թվում՝ ընդդիմությանը, ասաց, որ եկել է խաղաղության ժամանակը։ «Իմ երկու տարեկան տղան պատերազմ չի տեսել, և ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի երբեք էլ չտեսնի»,- նշեց նա։
Ընդդիմությանն ուղղված նրա գլխավոր առաջարկը խորհրդարանական հարաբերությունները «զրոյական կետից» սկսելն էր։ Միաժամանակ նա հստակեցրեց նաև իր պայմանը.
«Ես ձեզ կոչ չեմ անում լինել համերաշխ, որովհետև ես ձեզ հետ համերաշխ չեմ։ Բայց կոչ եմ անում լինել բարեկիրթ»։ Իսկ ելույթի ավարտին հավելեց. «Մենք ձեզ սիրում ենք, նույնիսկ եթե դուք մեզ տեղ-տեղ չեք սիրում»։
Ռուբինյանն ընդդիմադիրներին առաջարկում է նոր խորհրդարանում հարաբերությունները սկսել զրոյական կետից։
«Եթե դուք ընդունում եք իմ առաջարկը, ապա ես երաշխավորում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից կլինի համապատասխան վերաբերմունք։ Եթե դուք չենք ընդունում իմ առաջարկը և ունեք այլ առաջարկներ կամ կարծում եք, որ պետք է շարունակել գնալ արդեն վաղուց հնացած, բազմիցս ծեծված ու տրորված ճանապարհով, ապա ՔՊ-ն առավել քան պատրաստ է դրան՝ բառիս ամենակոշտ իմաստով»։
Ընդդիմությունն էլ իր հերթին հասկացրեց, որ «զրոյական կետը» չի նշանակում հրաժարվել քաղաքական պայքարից։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը պարզաբանեց, որ մանդատները վերցրել են բացառապես քաղաքական պայքարը խորհրդարանում շարունակելու համար, իսկ ընդդիմադիր մյուս պատգամավորները հայտարարեցին, որ իրենց օրակարգից չեն հրաժարվելու, և իշխանության քայլերին պատասխանները լինելու են կտրուկ։
Բայց գանք սկզբից։ Ժամը 10:00-ին մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։ Անդրանիկ նիստին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ մինչև ԱԺ նախագահի ընտրությունը նիստը վարել է տարիքով ամենաավագ պատգամավորը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կնյազ Հասանովը, որը նախագահել է նաև 6-րդ, 7-րդ և 8-րդ գումարումների առաջին նիստերը։
Հասանովի անունը նիստի ընթացքում հնչեց նաև մեկ այլ առիթով։ Օրվա սկզբում նա ներողություն խնդրեց նախկինում հնչեցրած որոշ արտահայտությունների համար՝ ընդգծելով, որ խորհրդարանում պատրաստ է աշխատել փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
Իր ելույթում Վահագն Խաչատուրյանն ընդգծեց՝ խորհրդարանի աշխատանքը պետք է գնահատվի ոչ թե ընդունված օրենքների քանակով, այլ դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը նպաստելով։
Առաջին վիճահարույց թեման դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությունը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչու Վեհափառը ներկա չէ նիստին։ Նույն հարցը բարձրացրեց նաև Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ օրենքով Կաթողիկոսն իրավունք ունի ողջույնի խոսքով հանդես գալու խորհրդարանի անդրանիկ նիստում։ Նիստը նախագահող Կնյազ Հասանովը պատասխանեց, որ նման պարզաբանում տալու լիազորություն չունի՝ հավելելով.
«Կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ մեկը նրա դեմը չէր կարող առնել։ ԱԺ նախագահը կընտրվի ժամեր անց, նրան կտաք այդ հարցը»։
Հաջորդեց պատգամավորների երդումը, որի տեքստը արդեն նախորդ խորհրդարանն իր վերջին նիստում հասցրել էր փոփոխել։ Երդումից հետո Հանրապետության նախագահը հեռացավ նիստերի դահլիճից։
Հատկանշական է, որ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նոր գումարման խորհրդարանի աշխատանքները մեկնարկում են առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության։ Ներկա չէր նաև ԱԺ արդեն նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հրաժարվել է պատգամավորական մանդատից, իսկ մինչև այդ էլ քաղաքական թիմից չէր ստացել անհրաժեշտ թվով ձայներ՝ ղեկավարելու նորակազմ խորհրդարանը։
Օրակարգային առաջին հարցը հաշվիչ հանձնաժողովի ձևավորումն էր։ Օրակարգի գլխավոր հարցերից մեկը ԱԺ նախագահի ընտրությունն է։ Իշխանությունն այս պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը, ընդդիմությունը՝ որպես փոխնախագահ՝ Արամ Վարդևանյանին։
Նիստի ընթացքում պատգամավորների հարցերը հիմնականում վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, սահմանների բացմանը և անվտանգության խնդիրներին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ 2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունների չիրականացման մասին, Ռուբինյանը պատասխանեց, որ Հայաստանը շարունակում է սպասել Թուրքիայի հետ սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը։
«Հայաստանը և Թուրքիան ստեղծել են աշխատանքային խումբ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման տեխնիկական հարցերը քննարկելու համար, իսկ թուրքական կողմն արդեն սկսել է իր հատվածի վերականգնման աշխատանքները»։
Ինչ կարգավիճակ ու պատկանելություն կունենա Տիգրանաշենը։ Իշխան Սաղաթելյանի՝ հարցին Ռուբինյանն արձագանքեց՝
«Հայաստանի միջազգայնորեն ճանաչված՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքը «լիակատար և անքննարկելի կարմիր գիծ է», և այդ դիրքորոշումն իշխանության համար փոփոխության ենթակա չէ»։
ԱԺ-ն ղեկավարելուն հավակնող Ռուբինյանն անդրադարձավ նաև իր կենսագրության շուրջ հնչող ակնարկներին։ «Հրանտ Դինք» հիմնադրամում աշխատելու վերաբերյալ հարցադրումներին նա արձագանքեց կարճ.
«Ուղիղ հարցրեք՝ ասեմ. ես հավաքագրված չեմ եղել»։
Մինչ խորհրդարանում ձևավորվում էր նոր ղեկավար կազմը, Սահմանադրությամբ նախատեսված կարգով հրաժարական ներկայացրեց կառավարությունը։ Հանրապետության նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը, իսկ խորհրդարանում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիրը» վարչապետի պաշտոնում կրկին առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Նախագահն արդեն ստորագրել է նրան վարչապետ նշանակելու հրամանագիրը։ Արդեն ժամեր անց Փաշինյանն ու Խաչատուրյանը նախագահականում այս առիթով միմյանց ձեռք սեղմեցին։
Նոր խորհրդարանի առաջին օրը ոչ այնքան ընդունված որոշումների, որքան քաղաքական ազդակների օր էր։ «Զրոյական կետից» սկսելու առաջարկ, խաղաղության կոչեր, ներողություններ և ընդդիմության կոշտ հայտարարություններ․ առաջին նիստն արդեն հուշեց, որ առաջիկա հինգ տարիներին խորհրդարանական բանավեճերը դժվար թե լինեն հանդարտ։