Վերջին 30 տարում՝ առաջին անգամ, Հայաստանի օրհներգը հնչեց Ադրբեջանի մայրաքաղաքում: Ջանես Նազարյանը մինչև 17 տարեկանների՝ ըմբշամարտի կրկնակի չեմպիոն դարձավ՝ եզրափակիչ գոտեմարտում 4։3 հաշվով հաղթելով Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ձուևին։ Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից ու եզրափակիչի ճանապարհին հաղթել նորվեգացի, թուրք, հունգարացի և բուլղարացի մրցակիցներին: Հաղթանակից հետո Նազարյանն իր մարզիչների հետ մրցագորգին չեմպիոնական շրջան կատարեց Հայաստանի դրոշով: Ու թեև հաղթական այդ րոպեները ուղեկցվեցին դահլիճի բարձր սուլոցներով, հայ մարզիկը, վստահ, ձեռքը սրտին, հայացքն ուղղեց ցուցատախտակի ամենավերևում բարձրացող դրոշին․ Հայաստանի օրհներգը խլացրեցին սուլոցները։
Սպորտային այս դրվագը դարձավ ոչ միայն հայկական սպորտի փայլուն էջերից մեկը, այլև ստացավ քաղաքական ենթատեքստ։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սպորտի ուժն էլ հենց սա է` հաղթել ու Հայաստանի օրհներգը հնչեցնել Բաքվում։ Ու սա զուտ սպորտային հաղթանակ չէ, Ջանես Նազարյանը հաղթեց ռուս մասնակից Ձուևին ու դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն տարիքային այդ խմբում»։
Ջանեզ Նազարյանը Բաքու մեկնելուց առաջ ասել էր՝ այս առաջնությունը միայն սպորտի մասին չի լինելու․
«Պետք է ավելի լավ մարզվեմ՝ իմ մաքսիմալի չափով, քանի որ մեծ պատասխանատվություն կա այդ ամենի մեջ ,ու միայն աշխարհի առաջնություն չէ սա, նաև ազգի պատվի հարցն է։ Աստված առաջ, եթե մասնակցեմ, կփորձեմ լավագույնս ներկայանալ»։

Հաղթանակից հետո Նազարյանը պատասխանել է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին։ Դրանց փոխանցմամբ՝ նա ասել է, որ գոհ է սպորտային մթնոլորտից․
«Մենք շատ լավ տրամադրություն ունենք։ Մեզ այստեղ շատ ջերմորեն են դիմավորել։ Մրցաշարը լավ է կազմակերպված, բարձր մակարդակով, իսկ մասնակիցները բավական ուժեղ էին։ Ուրախ եմ, որ հաղթեցի»։
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Գարիկ Խաչատրյանը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ առաջնությունը լավ է կազմակերպված։
«Ես Բաքվում եղել եմ, երբ 20 տարեկան էի։ Այստեղ մրցել եմ որպես ըմբիշ։ Բայց այդ ժամանակ բոլորովին այլ էր։ Բաքուն այժմ զգալիորեն զարգացել է։ Այս սպորտային պալատը նույնպես շատ գեղեցիկ է»։
Ընդհանուր հաշվարկով՝ հայ երիտասարդ ըմբիշները Բաքվում 3 մեդալ նվաճեցին՝ 1 ոսկե և 2 բրոնզե։ Նրանք Ադրբեջան էին գնացել Թբիլիսի-Բաքու չվերթով և կվերադառնան նույն ճանապարհով՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արմեն Գարամյանը։
Վերջին անգամ 11 տարի առաջ՝ 2015 թ․ հունիսին էին Հայաստանից մարզիկներ մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպական առաջին ամառային խաղերին։ Հայաստանի անկախացումից ի վեր հայ մարզիկները պաշտոնական խոշոր մրցաշարերի շրջանակում Ադրբեջան են մեկնել չորս անգամ, ադրբեջանցի մարզիկները Հայաստան են եկել երեք անգամ։ Դրանցից մեկի՝ 2009-ի ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, ի պատիվ ադրբեջանցի մարզիկ Էլմար Գասիմովի, որը 100 կգ քաշային կարգում նվաճել էր ոսկե մեդալ, Հայաստանում հնչել էր Ադրբեջանի օրհներգը։