«Նվիրատվության նոր մշակույթ», թե՞ «յուրայիններին ֆինանսավորելու մեխանիզմ». կառավարության նոր նախաձեռնությունը

Կառավարությունը մտադիր է ներդնել մի նոր մեխանիզմ, որով քաղաքացիները կարող են իրենց ուզած չափով գումար նվիրել լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին կամ կուսակցություններին, և այդ գումարի մի մասը հետ ստանալ հայտարարագիր ներկայացնելիս:

Կա մի պայման՝ գումարը հետ կգա քաղաքացուն, եթե նա եկամտահարկ է վճարում: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նշված նպատակը հենց ոչ առևտրային կազմակերպություններին և լրատվամիջոցներին հատկացումներ անելու մեխանիզմ ձևավորելն է: Կառավարության վերջին նիստում վարչապետը նաև կուսակցություններին էր մատնանշել ու ընդգծել՝ սկզբում կընտրեն այս երեքից մեկին, հետո, կախված արդյունքից, կզարգացնեն գաղափարը

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, սակայն, առերևույթ դրական թվացող այս գաղափարը կասկածի տակ է դնում:

«Էլի մի խորամանկ ու իր խութերով օրենքի նախագիծ են անցկացնելու, որից ոչ ոք չի օգտվելու բացի իրենց յուրային «սիվիկներից», «Հայկական ժամանակ»-ից կամ Հանրային հեռուստատեսությունից», – ասաց Արմինե Օհանյանը:

Փաշինյանի իշխանությանը քննադատող Արմինե Օհանյանի կարծիքով, սա կարող է իշխանության ձեռքին զտում անելու մի նոր գործիք դառնալ: «Հրապարակի» խմբագիրն ընդգծում է՝ հիմա էլ ով ցանկանա, կարող է նվիրատվություն անել ԶԼՄ -ին: Բայց եթե այս մեխանիզմի ներդրումից հետո նվիրատվություն ստացողները իշխանամերձ լրատվամիջոցները լինեն, հետո նույն իշխանականները կարող են հայտարարել, թե հանրությունը մյուսներին չի վստահում ու կարևորում, իր կասկածներն է թվարկում Օհանյանը:

Մինչ խմբագիրը պնդում է, որ իր ղեկավարած լրատվամիջոցը թափանցիկ ֆինանսավորում ունի, վարչապետ Փաշինյանն ու նրա թիմը մեկ անգամ չեն կասկածի տակ դրել իրենց քննադատող մեդիայի, այդ թվում՝ «Հրապարակ»-ի ֆինանսական աղբյուրները: Հենց այս նոր նախաձեռնության մասին խոսելիս էլ Փաշինյանն ընդգծել էր. «Մենք պետք է լրատվամիջոցների թափանցիկության հարցը լուծենք»:

Օրերս նվիրատվության այս գաղափարը քննարկվել էր կառավարությունում: Ըստ հաղորդագրության՝ պաշտոնյաները համարում են, որ այս մեխանիզմով կբարձրանա քաղհասարակության և ԶԼՄ-ների գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

«Թրանսփարենսի ինթերնեյշընլ»-ի չափիչ ծրագրի համակարգող Տաթևիկ Մարգարյանի խոսքով, քաղաքացիներից նվեր փող ստացողներն այս դեպքում կսկսեն ավելի թափանցիկ ու հաշվետու լինել, որ մարդկանց վստահությունը բարձրանա ու իրենց գումար նվիրեն:

Մարգարյանը հերքում է կասկածները, որ այս նախաձեռնության նպատակը իշխանամերձ մեդիային, ՀԿ-ներին կամ կուսակցությանը լրացուցիչ եկամուտներ ապահովելն է: Կզարգանա նվիրելու մշակույթը, այլընտրանքային ֆինանսավորումը՝ նկատում է մասնագետը:

Այս գաղափարը կառավարությունում առաջ մղող ՀԿ կենտրոնի ղեկավար Արփինե Հակոբյանի խոսքով, մի մտահոգություն ունեն՝ այնպես անել, որ նվիրատվության գումարի հետ վերադարձը չներառվի այն 100 հազարի մեջ, որը վերադարձվում է քաղաքացուն կրթական կամ առողջական ծառայություններից օգտվելիս: Եկամտահարկ վճարող և հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներն իրավունքն ունեն մինչև 100 հազար դրամ ստանալ՝ երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց:

Արփինե Հակոբյանի թիմն ուսումնասիրել է աշխարհի փորձը, պարզել, որ նման մեխանիզմներ գործում են Հունգարիայում, Մոլդովայում, Լեհաստանում: Ըստ Հակոբյանի, նվիրատվություն արված գումարի մեկից երկու տոկոսը քաղաքացին հետ է ստանում:

Կառավարությունը մտադիր է 2027 թվականի հունվարից ներդնել այս մեխանիզմը: Հարկային օրենսգրքում արված փոփոխությունները դեռ գործադիրի սեղանին են: Փաշինյանը հանձնարարել է նախագիծը բերել վերջնական տեսքի, կառավարության հաստատումից հետո այն կուղարկվի խորհրդարան: ԶԼՄ-ների ու կուսակցությունների մեծամասնությունը տեղյակ չէր այս նորամուծությունից, այն առավել ակտիվ քննարկվում է քաղհասարակության շրջանում:

Leave a Comment