Վարորդական իրավունքից զրկված անձինք մեկ տարի անց կարող են դիմել վերականգնման համար. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը հայտնել է, որ վարորդական իրավունքից զրկման ժամկետը պարտադիր պետք է լրանա, որից հետո մեկ տարի անց քաղաքացիները կարող են դիմել և վճարովի հիմունքներով վերականգնել այն։

«Եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր պոտենցիալ կրկնելու են այն արարքը, որի համար զրկվել են վարորդական իրավունքից, վստահեցնում եմ, որ իրենց համար 6 տուգանային միավորը 2 օրվա սպառելու հարց է լինելու: Սա հնարավորություն է բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են ընդառաջ գնալ պետության կողմից մեկնած ձեռքին, փոխել իրենց վարքագիծը, դրսևորել պատշաճ վարորդի վարքագիծ, հետո ստանալ 13 միավորը:

Բոլոր այն մարդիկ, ովքեր չեն գնա ընդառաջ այս նախաձեռնությանը ու կդրսևորեն հակառակ վարքագիծ, 6 տուգանային միավորը վստահաբար շատ արագ կսպառեն: Սա հնարավորություն է տալ այն մարդկանց, ովքեր իրենց կարծիքով պատահականության կամ եզակի արարքի պատճառով են զրկվել, նրանք 1 անգամ կարող են օգտվել հնարավորությունից ու վերադառնալ պատշաճ վարորդի կյանքին»,- նշել է Չիլինգարյանը:

ՆԳՆ ներկայացուցիչները հավելեցին՝ այս պահին վարորդական իրավունքից զրկված 18,000 անձ կա, ու նրանց ևս մեկ անգամ հնարավորություն է տրված:

Leave a Comment