Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին: Այս մասին հայտնել է Ynet Global-ը:
«Ես այն չեմ արգելափակել: Ես երբեք չեմ խուսափել ճանաչումից և միանշանակ աջակցում եմ նախագծին»,-ասել է Իսրայելի վարչապետը՝ պատասխանելով Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության մասին հարցին։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարը X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է։
«Իսրայելի կառավարության հաջորդ նիստին ես կներկայացնեմ Հայոց ցեղասպանության Իսրայելի կառավարության կողմից պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձևի առաջարկ: Մենք պետք է վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում: Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթի քվեարկությանը»,- գրել է Գիդեոն Սաարը: