
Ընտրություններում ընդդիմության շարքերում ամենաշատ ձայները ստացած և խորհրդարան անցած 2 ուժերը մինչև այս պահը չեն հայտարարել՝ արդյոք ընդունո՞ւմ են քվեարկության արդյունքները և արդյոք վերցնելո՞ւ են իրենց բաժին հասած մանդատները:
Նախնական արդյունքներով՝ ավելի քան 340 հազար ձայն ստացած «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը այսօր խոստացավ առաջիկայում ներկայացնել իրենց գնահատականներն ու անելիքները:
«Մենք էլ հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ որ իրապես ավարտված լինեն հաշվետվությունները և հաշվարկները», – ասաց նա:
Այս գիշեր, սակայն, իր առանձնատնից արված հայտարարության մեջ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը երեկ տեղի ունեցած ընտրությունները «խայտառակություն» որակեց, նշելով, որ անցած մեկ ամսում ենթարկվել են հալածանքների և բռնությունների: Կարապետյանը նշեց, որ իր թիմակիցներից 70-ը կալանավորված է, 700-ից ավելի մարդ ձերբակալված:
«Որոշեցին ընտրություն օրը անհասկանալի գործերով զբաղվել, նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են՝ մենք առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները: Տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները ամեն րոպե նվազում են, կանգնեցրին հաշվարկը», – ընդգծեց Սամվել Կարապետյանը:
Նա մեղադրեց իշխանություններին ընտրակեղծիքներ անելու մեջ, բայց այդպես էլ չհստակեցրեց, թե կոնկրետ որտեղ և ինչ խախտումներ են արձանագրել. «Հենց սկսվեց քաղաքների արդյունքները, իրենք սկսեցին շատ մեծ թափով նվազել, դրա համար անցան հատուկ գործողությունների: Մենք նույնիսկ պատկերացում չունենք՝ ինչ գործողությունների, դրա համար ես ուզեցի տեղյակ պահեմ, որ ապօրինությունները շարունակվում են»:
«Ուժեղ Հայաստանից» հետո ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայները ստացել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը, ավելի քան 145 հազար ձայն:
Քոչարյանի թիմն էլ առ այս պահը չի հստակեցրել՝ արդյոք վերցնելու են իրենց մադնատները, թե այլ ծրագրեր ունեն: «Հայաստան» դաշինքից «Ազատությանը» փոխանցեցին, թե քննարկումների մեջ են և իրենց անելիքների ու մոտեցումների վերաբերյալ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Առավել վիճահարույց իրավիճակում է հայտնվել ամենաշատ ձայն ստացած 3 -րդ ընդդիմադիր ուժը՝ ԲՀԿ -ն: Գագիկ Ծառուկյանի ուժը թեև ԿԸՀ տվյալներով դեռ առավոտյան հաղթահարում էր անցողիկ 4 տոկոսանոց շեմը, սակայն ժամեր անց ընտրական հանձնաժողովը հայտարարեց, թե ԲՀԿ ձայները նվազել են՝ կազմելով 3,996 տոկոս:
Գագիկ Ծառուկյանի խոսնակը թվերի այս փոփոխությունն արդեն «աճպարարություն» է որակել, տեղեկացնելով, որ պատրաստվում է վերահաշվարկ պահանջել. «Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած»։
Վերահաշվարկ պահանջելուց բացի Իվետա Տոնոյանը չի բացառել նաև ընտրությունների ընտրությունների արդյունքների բողոքարկումը, ինչպես նա է նշել՝ «հաշվի առնելով ընտրախախտումների հսկայական ծավալը»։
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 11:00-ն: