«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ․ Մարիաննա Ղահրամանյան




«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. 


«Սիրելի՛ հայրենակիցներ,


 


Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում 


«Ուժեղ Հայաստան» դաշինքը  գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում։


Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, թեկնածուների, համակիրների և թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամարտահայտության վրա։


 


Բուն քվեարկության օրը  լայնորեն կիրառվել է  վարչական ռեսուրսը՝ պետական և համայնքային լծակների ներգրավմամբ, փորձելով կանխորոշել ընտրությունների արդյունքը։ Քվեարկության օրն արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգերը ստացվել են ամբողջ օրվա ընթացքում` հանրապետության ամբողջ տարածքից։


 


Նշված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի և դրա արդյունքների վրա։


 


Բացի այս, տեղի է ունեցել աննախադեպ երևույթ. մինչև   ԿԸՀ-ի կողմից բոլոր ընտրատեղամասերի արդյունքների մշակումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է  «հաղթանակի և միանձնյա իշխանություն ձևավորելու» մասին, ինչն ուղիղ հրահանգ ու ազդակ էր ԿԸՀ-ին։


 


Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և  ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի։ 


 


«Ուժեղ Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ և ընտրողների կամարտահայտության իրական պատկերը ճշգրտելու աշխատանքներով, որի ավարտից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումն ու հետագա քայլերը»։


 


 


 



 


 

Leave a Comment