Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն Էդմոն Մարուքյանն է։ Հաջորդում են լրագրող–հրապարակախոս Կարպիս Փաշոյանը և հակակոռուպցիոն փորձագետ Շուշան Ավագյանը։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Պաշտպանի՛ր ինքնությունդ» կարգախոսով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի առանցքում հայ մարդու ինքնության, պատմության և ազգային մշակույթի պաշտպանությունն է՝ «Ռադիոլուր»–ին փոխանցում են քաղաքական այս ուժից։
Ընտրացուցակում վերջին համարի ուժի առաջին նպատակը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը ձևակերպում է այսպես․
«Այս ընտրություններում մեր նպատակը մեկն է պաշտպանել հայ մարդու ինքնությունը, պատմությունը, հիշողությունը, մշակույթը և հայկական պետականության բովանդակությունը»:
«Լուսավոր Հայաստան»-ը կոչ է անում՝ հունիսի 7-ին քվեարկելու հանուն երկրի ինքնության ու հայկական բովանդակության պաշտպանության։ «Չենք կարող հանդուրժել նվաստացած Հայաստան, որտեղ հարևան պետությունը խոչընդոտում է մեր ինքնիշխան ու միջազգայնորեն ճանաչված տարածքում գործարան կառուցել»,— ասում է քաղաքական ուժի ներկայացուցիչը․
«Իմացեք, եթե ինքնիշխան, անկախ, հայկական պետականություն չունեցանք, մենք բացարձակապես որևէ ձևով, որպես ազգ չենք կարող պաշտպանված լինել ապագա ցեղասպանություններից և ապագա արհավիրքներից։ Ահա սա է մեր այսօրվա ուղերձը»։
Քաղաքացիներին սին խոստումներ տալու, խաբելու օրակարգը «Լուսավոր Հայաստան»–ի հետ կապ չունի՝ վստահեցնում է Մարուքյանը։ Իսկ խոստումների մակարդակում առաջարկում է Հայաստանը դարձնել եվրոպական մոդելի ազգային պետություն․
«Թող պատմություն ուսումնասիրեն և տեսնեն, որ ազգային պետությունները ծնվել են Եվրոպայում։ Մենք ուզում ենք եվրոպական մոդելի պետություն ունենալ, որտեղ ոչ թե մանկապղծության գործերն են կոծկում, այլ բացահայտում են, կանխում ու պատժում։ Մեր խոստումն այն է, որ առաջին հերթին երիտասարդ մարդն իր պապերի ժառանգած այս հանրապետությունը պաշտպանի որպես հայկական պետականություն»։
Էդմոն Մարուքյանն առաջնային է համարում վիզաների ազատականացման հարցը՝ դիտարկում անելով, որ վերջին 8 տարվա ընթացքում տապալվել է գործընթացը․
«Բարեփոխումներ չեն արվել կամ էլ թղթի վրա ձևական են արվել, ինչը Եվրոպական միությունում տեսնում են։ Այս ամենի արդյունքում մենք բարեփոխումների հարցում 4 տարով հետ ենք ընկել։ Մեր՝ խորհրդարանում հայտնվելը կբերի նրան, որ մենք արագացնելու ենք այդ ռեֆորմները, և մեր ժողովուրդն անպայման ունենալու է վիզաների ազատականացում։ Մարդիկ այլևս ամիսներով չեն դեգերելու դեսպանատներում կամ վիզաների կենտրոններում ու չեն ընկնելու անվերջանալի հերթերի մեջ»։
«Մարզերն էլ են Հայաստան». այս արտահայտությունն Էդմոն Մարուքյանը մի քանի անգամ հնչեցրել է ԱԺ ամբիոնից։ Նրա գնահատմամբ՝ մարզերն այսօր բարձիթողի վիճակում են, և այնտեղի բնակիչներն անգամ իրենց ծնունդը նշելու համար ստիպված են լինում գալու Երևան․
«Անհրաժեշտ է համաչափ զարգացնել տարածքները և վերջապես ընդունել, որ Հայաստանի Հանրապետությունը միայն Երևանը չէ. մարզերը նույնպես Հայաստան են: Մենք պետք է մարզերում կյանքն այնպիսի մակարդակի բերենք, որ երիտասարդը, ինչ էլ որոնի՝ լինի ծառայություն, ժամանց, կրթություն, թե բուհ, այդ ամենը կազմակերպվի մարզային մակարդակով։ Տպավորություն է, որ այս պետությունը պարփակվել է միայն Երևան քաղաքում»։
«Լուսավոր Հայաստան»-ի ընտրական ցուցակի երկրորդ համար Կարպիս Փաշոյանը այս ընտրությունները սովորական չի համարում, ոչ էլ նախորդների հետ համեմատելի։ Նրա ձևակերպմամբ՝ սա Հայաստանի ինքնիշխան պետություն լինել-չլինելու ընտրությունն է։
«Սրանք ընտրություններ են Հայաստանի՝ որպես հայկական պետություն լինել-չլինելու մասին։ Մենք առաջ ենք մղում առաջնային հարցերը, թեև դրանք հիմա հարվածների են ենթարկվում իշխանության, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք առանձնացնում ենք առաջին հերթին Ցեղասպանության հարցը, Ղարաբաղյան շարժումը, Հայ առաքելական եկեղեցին, որն այսօր դիվերսիայի է ենթարկվում իշխանությունների կողմից։ Մենք փորձում ենք պաշտպանել այն կառույցները, որոնք հային դարձնում են քաղաքական հայ և անհրաժեշտություն են ստեղծում ձևավորել պետություն և ունենալ Հայաստանի Հանրապետություն։
«Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչու պետք է քաղաքացին հենց իրենց օգտին քվեարկի, Մարուքյանն արձագանքում է․
«Մեզ տրված ձայնը չի կարող գնալ և կորչել, որովհետև մենք խորհրդարանում ներկայացնելու ենք ընտրողի շահերը ներպետական ատյաններում, ՀՀ ներսում։ Բայց նաև մենք հայտնի ենք ՀՀ շահերը արտաքին աշխարհում ներկայացնելու մեր անցած փորձով, մեր կուտակած փորձով և արած լավ գործով։ Հիմա ընտրողը նայում է, չէ՞, ասենք, ինչ-որ մեկը երեկ է կուսակցությունը գրանցել, մեկը թղթեր է առել, բերել է, գրանցել է, այդ թղթերով է մասնակցում, այն մյուսն այլ կերպ, այն մյուսն՝ այլ կերպ։ Մենք ընտրողին ասում ենք` դու ունենալու ես կոմպետենտ խմբակցություն, որը քո շահերը պաշտպանելու է։ Քեզ Ադրբեջանը չի կարողանալու պարտադրել, որ դու քո գյուղում, քո համայնքում, ՀՀ ինքնիշխան տարածքում չկարողանաս քո տարրական բազային կենսագործունեությունը խաթարել, այսինքն` պետք է դու կարողանա՞ս սա ի՞նչ է, բազային բան է, չեն ուզեցել անել, մեր տարածքում գործարան են ուզեցել կառուցել, չէ, վաղը ասելու են` հավ մի պահեք, մյուս օրն ուրիշ բան են ասելու»։
Քաղաքական այս ուժը վստահեցնում է՝ կեղծ խոստումներ չեն տալու և իրենց նպատակն է՝ պաշտպանել Հայաստանը և հայկական բովանդակությունը, քանի որ, Մարուքյանի ձևակերպմամբ, «փափուկ ուժի» միջոցով ազդում են մարդկանց մտածողության վրա՝ թիրախավորելով մեր պատմությունը, անցած ճանապարհն ու ստեղծած արժեքները։