Ովքե՞ր են վարչապետի «քիչ հայտնի» թեկնածուներն ու ի՞նչ են հայտարարագրել

Հանրությանը հայտնի, շատ քննարկվող կամ քննադատվող գործիչներին զուգահեռ ընտրապայքարի մեջ են մտել մարդիկ, որոնց քաղաքական գործունեության մասին հանրությունը քիչ է տեղեկացված կամ  որոնց անուններն առաջին անգամ են շրջանառվում ընտրական գործընթացներում։ Ովքեր են նրանք, ինչով են զբաղվել և ինչ են հատարարագրել։

Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հետազոտության արդյունքներով հարցվածների 1-ական տոկոսն է պատրաստ իր ձայնը տալու «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանին, «Բոլորին դեմ եմ» կուսակցության առաջնորդ Նինա Կարապետյանցին և «ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանին, որ կալանավորված է ԱՄՆ-ում։ 2 տոկոսը նշել է, որ ունի այլ թեկնածու։ Ինստիտուտը չի թվարկել 1 տոկոսից ցածր ձայներ հավաքած ուժերի անունները։

Այսպես, իրավաբան, մարդու իրավունքների նախկին պաշտպան և արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը քաղաքականությամբ զբաղվելու որոշում ընդունեց նախորդ տարի՝ 2025-ին։ Նույն թվականին հիմնադրեց «Միասնության թևեր» կուսակցությունը, որով էլ ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց։ Ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով․  

«Ես մեր քաղաքացիներին խնդրում եմ՝ ժողովուրդ ջան, մենք առաջարկում ենք այլընտրանք, ես ուրիշ մարդ եմ, ես ուրիշ պատմության մասին եմ, ես այն պատմության մասին եմ, որ մեր ժողովուրդը պետք է առաջ գնա, ոչ մի այլ բան չի հետաքրքրում, քան իմ քաղաքացու ապահովությունը, վստահությունը, երիտասարդի համար ապահով ապագա ունենալը, դրա համար եմ ասում, որ ընտրություն կա, այլընտրանքը կա, իրական ծրագրերը կան»։

Թաթոյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ մոտ 184 քառ․մ․ մակերեսով բնակարան, 25,5 քմ բնակելի կառուցապատման տարածք և մոտ 26 քառ․մ․մակերեսով ավտոկայանատեղի:

2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում Թաթոյանի եկամուտները կազմել են մոտ 39 մլն 929 հազ. դրամ: Նա ամենաշատ եկամուտը ստացել է Ամերիկյան համալսարանից՝ մոտ 33 մլն 445 հազար դրամ:

Հայտարարագիրը ներկայացնելու պահին Թաթոյանն ունեցել է 80 մլն դրամ և 55․ 700 ԱՄՆ դոլար:

«Բոլորին դեմ եմ» կուսակցության՝ վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը ևս մասնագիտությամբ իրավաբան է։ Երկար տարիներ զբաղվել է իրավապշտպան գործունեությամբ։ Սա ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որը լուծարվելու է ընտրություններից հետո։ Ըստ նախընտրական ծրագրի՝ հաղթելու դեպքում ձևավորելու է 100 օրվա կառավարություն՝ Նինա Կարապետյանցի վարչապետությամբ, փոխելու է Ընտրական օրենսգիրքը՝ խորհրդարան անցնելու շեմը դարձնելով 1 տոկոս․

«Մեր ընտրողներն այն մարդիկ են, ովքեր սկզբունքորեն չեն ուզում գնալ ընտրություններին»։

Կարապետյանցը համեմատաբար համեստ հայտարարագիր է ներկայացրել, ունի մեկ բնակարան և ավտոմեքենա, չի աշխատում։ Հայտարարգիրը ներկայացնելու պահին չի ունեցել դրամական միջոցներ և կայուն եկամուտ։ 

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը թեև առաջին անգամ չէ ընտրությունների մասնակցում և հանրային քննարկումներում հաճախ հիշատակվող գործիչ է, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, չի կարող լինել վարչապետի թեկնածու, քանի որ ԱՄՆ բանտում է, հետևաբար հանձնաժողովը կարմիրով ջնջնել է նրա անունը ցուցակում և բաց թողել հայտարարագրի հատվածը։

Ղուկասյանը, ի դեպ միակ «մերժվածը» չէ։ ԿԸՀ-ն չի ընդունել նաև «Ալյանս» կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը, քանի որ ներկայացված փաստաթղթերում բացակայել է «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին» տեղեկանքը:  Ուրիխանյանը, տարբեր տեղեկությունների համաձայն, այժմ ապաստանում է Ռուսաստանում։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, և հայտարարվել է հետախուզում՝ իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Ուրիխանյանը հեռավար՝ սոցցանցերով է շփվում ընտրողների հետ ու ներկայացնում նախընտրական ծրագիրը․

«Համաժողովրդական հանրաքվեով վկերականգնվի մահապատիժը պետական դավաճանության և առանձնապես խոշոր չափի պետական թալանի համար։ Սա է իմ նպատակը, սա է մեր թիմի նպատակը։ Սրա համար ենք մենք մասնակցում ընտրություններին։ Իմ ոսկի տարիները ես նվիրեցի Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես, աշխատելով խորհրդարանում։ Երեք գումարման խորհրդարանի պատգամավոր եմ եղել, ոչ մի կերպ չեմ առնչվել «կուլուարի», թալանի ու նմանատիպ այլանդակությունների հետ»։

Մահապատժի վերականգնումը ոչ միայն նախընտրական խոստում է, այլև՝ ընտրությունների կարգախոս։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հանրությանն առավել հայտնի դարձավ 2024-ին։ Նա Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առանցքային դեմքերից էր։ Պետրոսյանն առաջին անգամ է վարչապետ դառնալու քաղաքական հայտ ներկայացնում, կուսակցությունը, սակայն մասնակցել էր նաև 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին և չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Այս ընտրություններին կուսակցության կարգախոսն է «Անենք անհրաժեշտը, հետո հնարավորը և հանկարծ կտեսնենք, թե ինչպես ենք իրականացնում անհնարինը»։ Պետրոսյանը սոցցանցերում կարճ հոլովակներով է ամփոփում ընթացիկ քարոզարշավը․

«Շատ հետաքրքիր փաստ արձանագրենք, և կարևոր, որ գորիսեցիների մեծամասնությունը, ում հետ հասցրեցինք շփվել, իսկ մենք այսօր շփվել ենք շատ- շատերի հետ, բոլորը անխտիր կողմ են խորքային և կտրուկ փոփոխությունների, և այդ փոփոխությունները տեսնում են բացառապես նոր ուժերի միջոցով։ Եվ ի՞նչն է նաև շատ կարևոր, որ նրանց համար միայն նոր լինելը ամենևին բավարար չէ, նրանք շատ կարևորում են գաղափարական հենքը և տեսլականը, որը շատ կարևոր և ուրախալի փաստ է»։

Պետրոսյանը հայտարարագրել է երկու բնակարան, մեկ հողամաս, երկու ավտոմեքենա։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 4 մլն 758 հազար դրամ։

Ընտրապայքարին մասնակցող հաջորդ երիտասարդ ուժը «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունն է։ Այս կուսակցությունը հիմնադրվել է 2025 թվականն, պետական գրանցում ստացել 2026-ի մարտին։ Կուսկացության ղեկավարը և վերչապետի թեկնածուն Արտակ Սարգսյանն է, փոխնախագահը՝ եղբայրը ՝ Արման Սարգսյանը։ Նրանք առավել հայտնի են «Արթուր Բրադերզ» անունով։  2000-ականների սկզբին ակտիվ տնտեսական ու քաղաքական գործունեություն են ծավալել Քենիայում։

 «Մենք միակ ուժն ենք այսօր, որ հանդես ենք գալիս հայկական օրակարգով՝ Հայաստանի շահերից, հայ ազգի շահերից, մենք միակ ուժն ենք, որ կապված չենք կոռուպցիայի հետ, մենք միակ ուժն ենք, որ մեր ունեցվածքի համար դուրս չենք եկել պայքարի, այլ դուրս ենք եկել հայրենիքի համար։ Էս մյուսներում նայում ենք՝ կամ ունեցվածքն է դուրս եկել պաշտպանելու կամ մտածում է՝ աթոռ վերցնի և մի բան գողանա։ Ազգի մասին ոչ ոք չի մտածում։ Ես էսքանը կասեի, ժողովուրդ ջան, շուտ- շուտ հանդիպելու ենք»։

Արտակ Սարգսյանը բնակարան և ավտոմեքենա չի հայտարարագրել, ունի մեկ հողատարածք։ Եկամուտների դաշտում նշել է «Սարգսյան ֆիշ» ՍՊԸ-ից ստացած 1 մլն 5000 հազար դրամը և «Artur brothers legacy» ընկերությունից ստացած 6 հազար Քուվեյթի դինարը։

Leave a Comment