«Կկնքվի «Դարի գործարքը», կիրագործվի ՏՐԻՓՓ+ԲՐԻԿՍ մոդելը»․ ինչո՞ւ ընտրել ՀԱԿ-ին — Հայաստանի Հանրային Ռադիո

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում 10-րդ համարի ներքո «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը շեշտը դնում է արտաքին քաղաքականության, երկարաժամկետ խաղաղության, տնտեսական նոր կապերի և ենթակառուցվածքային զարգացման վրա։

«Խելամիտ ուղի Հայաստանի համար» կարգախոսով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժը վստահեցնում է՝ Հայաստանին անհրաժեշտ է ռազմավարական նոր ուղղություն։ Հայաստանն այսօր պետք է ընտրի խելամիտ ուղին՝ խաղաղության, զարգացման և մրցունակ տնտեսության ճանապարհը, ինչը առաջարկում է կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։  

ՀԱԿ-ի հնաբնակներից Ալեքսան Հակոբյանը, խորհրդարանական ընտրություններին առաջադրված լինելով որպես պատգամավորի թեկնածու, մեկ հիմնական նպատակ ունի.

«Շատ երազում են, որ հասնենք հաղթանակի և իրագործենք էս 90%-անոց բարի հասարակությունը այսօրվա, ցավոք սրտի, 90 %-անոց չար հասարակության փոխարեն»։

Դա կլինի, եթե իրականացվեն ՀԱԿ-ի առաջարկած ռազմավարական-ծրագրային մոտեցումները՝ համոզված են կուսակցությունում։ Քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը քաղաքացիների հետ հանդիպումներում  ընդգծում է՝ առանց խաղաղության հնարավոր չէ տնտեսական զարգացում ապահովել։ Բոլոր կուսակցություններն էլ գեղեցիկ ծրագրեր են ներկայացրել, բայց երբեք չեն տվել  լուծումը՝ ինչպես այդ ամենին հասնել, այսինքն՝ չունեն ռազմավարություն։ Սա ՀԱԿ-ի առանցքային տարբերությունն է մնացածներից, ինչը կզգան բոլորը, երբ իշխանության գանք՝ վստահեցնում է Զուրաբյանը։

«Սրանք վերացական խոսակցություններ չեն, ամեն մեկը Հայաստանում կզգա իր մաշկի վրա՝ ինչքան իր կյանքը լավանում է, ինչքան է ակտիվանում տնտեսությունը Հայաստանում, և ի՞նչ կարևոր դերակատարություն է սկսում ստանձնել Հայաստանը տնտեսական աշխատանքի միջազգային բաժանման մեջ»։

Կուսակցությունը պնդում է՝ Հայաստանին անհրաժեշտ է դուրս գալ մեկուսացումից և դառնալ տարանցիկ ու տնտեսական կարևոր հանգույց։ Քաղաքացիներին քարոզարշավի ընթացքում Զուրաբյանը հորդորում ծանոթանալ իրենց ծրագրին ու քվեարկել իրենց օգտին.  

«- Դուք հաստատ մտավորական եք։

— Այո։

— Խնդրում եմ՝ ծանոթանաք մեր ծրագրին և քվեարկեք մեր օգտին։

— Մեծ սիրով։

— Ճանաչում եմ ձեզ։ Ընդունում եմ Ձեր խոսքերը՝ խելամիտ բաներ եք ասում։ Դրա կարիքը շատ կա այսօր։

— Դրա համար մենք ներկայացրել ենք խելամիտ ծրագիր։ Մեր կարգախոսն է՝ «Խելամիտ ուղի Հայաստանի համար»»։  

Ի՞նչ է առաջարկում Հայ ազգային կոնգրեսը.  առաջնային նպատակը երկարաժամկետ խաղաղության հաստատումն է։ Հայաստանը կկնքի դարի գործարքը, կյանքի կկոչվի ԹՐԻՓ գումարած ԲՐԻԿՍ ծրագիրը։ Ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ հանգույց պետք է լինի՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք՝ ասում է ՀԱԿ վարչապետի թեկնածուն՝ կարևորելով Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը։ Դա է ինքնիշխան խաղաղության մեխը՝  ասում է։ 

«Հայաստանը մեկ երկրի՝ Իրանի միջոցով, ելք կստանա դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիստները։ Արդյունքում էապես կզարգանան Հայաստանի առևտրատնտեսական կապերը գլոբալ հարավի երկրների հետ՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Վիետնամի»։

ՀԱԿ-ի ծրագիրը բավականին ընդգրկուն է, որպես շահառու դիտարկվել են հասարակության բոլոր շերտերը՝ գործարարներից մինչև սովորական աշխատող ու գյուղացի։   

«Ասեմ՝ մենք այստեղ հեղափոխական լուծումներ ենք առաջարկում մեր գյուղացու համար, որը երաշխավորված եկամտաբերություն կբերի մեր գյուղացուն»։

Այդուամենայնիվ, կուսակցության ծրագրում առանձնակի տեղ է հատկացվում երիտասարդությանը։ Լևոն Զուրաբյանը հայտարարում է՝ իրենց ծրագրի գլխավոր ուղղություններից մեկը հենց երիտասարդների համար հնարավորությունների ստեղծումն է՝ կրթության, աշխատանքի և նորարարության ոլորտներում։

«Պետք է խոստովանեմ, որ այնուամենայնիվ, չնայած  բոլոր ուղղություններով մենք ինչ-որ բան առաջարկում ենք, մենք էսպես ենք մտածում, որ մեր ծրագրի գլխավոր ուղղությունը պետք է լինի երիտասարդությունը։ Ինչո՞ւ, որովհետև, եթե մենք ցանկանում ենք փոխել Հայաստանի տեսլականը դեպի այն իդեալը, որ մենք ուզում ենք ներկայացնենք, մենք առաջին հերթին պետք է աշխատենք մեր ապագայի հետ։ Ապագան կերտելու բանալին ապագայի հետ աշխատելն է, և մեր ծրագրի գլխավոր ուղղությունը ապագան է։ Դա շեշտվում է և՛ մեր թիրախային լսարաններով, դա շեշտվում է նաև այն տեխնոլոգիական հեղափոխության նախագծով, որը մենք ներկայացնում ենք մեր ծրագրում»։

Կարճ անդրադարձ ՀԱԿ-ին՝ որպես ուժի։ 2008-ի նախագահական ընտրություններից և մարտի 1-ի իրադարձություններից հետո ձևավորված ընդդիմադիր շարժման հիմքի վրա հետագայում ձևավորվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը։ Սկզբում այն բազմակուսակցական դաշինք էր՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ հավաքված մոտ երկու տասնյակ քաղաքական ուժերով, իսկ 2013-ին արդեն վերածվեց առանձին կուսակցության։

Տարբեր ձևաչափերով մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ 2017-ին ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը չհաղթահարեց անցողիկ շեմը՝ ստանալով մոտ 1,65 տոկոս ձայն, իսկ 2021-ի արտահերթ ընտրություններին արդեն առանձին մասնակցող կուսակցությունը հավաքեց 1,54 տոկոս և կրկին չանցավ խորհրդարան։ Այդուհանդերձ, կուսակցությունը շարունակում է շեշտել, որ իր գլխավոր առավելությունը քաղաքական փորձն ու արտաքին քաղաքականության ոլորտում կուտակված գիտելիքն են։ 

ՀԱԿ ցուցակով առաջադրված Արամ Մանուկյանը վստահեցնում է, որ իրենց առաջարկած լուծումները գիտական վերլուծությունների արդյունք են։ Սա նույնպես կուսակցության առավելություններից է։

«Երկար տարիների գիտական ուսումնասիրության, էքսպերտների եզրակացությունների արդյունքում կազմված ծրագրեր են։ Մեր նախընտրական ծրագիրը ես բացարձակ չեմ էլ անվանում նախընտրական ծրագիր. այս ծրագիրը կարող է դառնալ Հայաստանի զարգացման ծրագիր ցանկացած իշխանության համար։ Եվ մենք այդ խնդիրը ընտրություններից հետո էլ, ընտրություններից առաջ էլ հետամուտ ենք եղել։ Ինչ արդյունք ենք գրանցել, դա կարևոր չէ։ Մեր ծրագրերը դառնալու են Հայաստանի համար ուսումնասիրված, հաշվարկված, պրագմատիկ քաղաքական ծրագրեր։ Իհարկե, բնական է, որ այն ավելի լավ կարող է իրականացնել այն քաղաքական ուժը, որը տերն է սրա, որը կազմել է այն, որի մեջ հոգի է դրված, որի մեջ գիտելիք է դրված, որի մեջ փորձ է դրված»։

Ուշագրավ է, որ այս ընտրություններին քաղաքական ուժը ներկայանում է նորացված կազմով։ Ցուցակում ընդգրկվել են ՀԱԿ-ի հին և փորձառու դեմքերը՝ Արամ Մանուկյանը, Սամվել Աբրահամյանը, Ալեքսան Հակոբյանը, միաժամանակ նաև՝ երիտասարդ ներկայացուցիչներ՝ Եվա Ադամյան, Լիլիկ Թառլամազյան, Արամ Բարեղամյան և ուրիշներ։ Կուսակցությունում նշում են՝ փորձառու մի շարք գործիչներ նույնիսկ ցուցակի հետին տեղերում են՝ առաջնային դիրքերը զիջելով երիտասարդներին։ Ուժը գլխավորող 81-ամյա Տեր-Պետրոսյանն առաջադրված չէ։

Leave a Comment