Տավուշում Ծառուկյանը խոսեց առողջապահությունից, գյուղատնտեսությունից ու կրթությունից

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը երեկվանից Տավուշի մարզում է, որտեղ 2024-ին մասնակի սահմանազատում եղավ, չորս գյուղ վերադարձվեց Ադրբեջանին:

Խոշորացված Նոյեմբերյանում Գագիկ Ծառուկյանին լսելու էր եկել նաև ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ համայնքապետը, որը դեմ էր սահմանազատման՝ իշխանության ընտրած ձևաչափին՝ այն համարելով միակողմանի զիջում:

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդն այսօր էլ չբացահայտեց վարչապետի իրենց թեկնածուին, ասաց՝ որ չկարծեն, թե վարչապետ դառնալու համար է գյուղից գյուղ գնում: Բայց տարատեսակ օգնության հարցերով իրեն դիմողներին հորդորեց՝ ձայն տալ, հետո պահանջել: Առաջինը մի տղամարդ մոտեցավ, Ծառուկյանը հիշեցրեց՝ այն, ինչ խնդրում է չի կարող անել, կբռնեն:

«Հիմա հենց օգնեմ ընտրակաշառք կհամարեն, քեզ էլ կբռնեն, ինձ էլ», – ասաց Ծառուկյանը:

Թեև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախորդ ամիս հայտարարել էր, թե ապահովագրության ներդրումից հետո առաջին երեք ամիսներին շուրջ 67 հազար վիրահատություն է իրականացվել, որոնց համար ծրագրի շրջանակում վճարվել է մոտ 40 մլրդ դրամ, այսօր Գագիկ Ծառուկյանն այս արդյունքները բավարար չհամարեց:

«Էդքան գումար դրվում է առողջապահության համար, նայում ենք, չի արդարացնում: Մարդիկ դժգոհ են. հերթագրվելուց ասում են՝ «մի ամիս հետո արի», մի ամիս հետո ասում են՝ «էլ հերթ չկա»: Կամ գնում ես, ասում է՝ «պետպատվերի մեջ այդ հիվանդությունը չկա», – նշեց Գագիկ Ծառուկյանը:

Հզոր տնտեսություն խոստացող Ծառուկյանը կարծում է՝ խնդիրներն ավելի արագ կլուծվեն, եթե գյուղնախարարություն լինի, որն այս իշխանությունը միացրել է Էկոնոմիկայի նախարարությանը: Գյուղացիներին հորդորեց բենզալցակայանների փոխարեն մթերքը պահելու համար մեծ սառնարաններ կառուցել, բերքն արտահանելու երկու ուղղություն ցույց տվեց, եվրոպական շուկան չկար այդ ցանկում:

Ոտքի վրա հաշվարկներ արեց, թե ինչ կշահի գյուղացին. «Բանկից փողը վերցրու սառնարան դիր, երկու տարում փողը կփակես, կընդունես 100-150 դրամ, դեկտեմբերից հետ կվաճառես 200 դրամ, 300, 400 դրամ: Կարտահանես Ռուսաստան, արաբական երկրներ»:

Ծառուկյանը չմանրամասնեց, թե օրինակ՝ ի՞նչ միջոցներով է խոստանում ուսանողների կրթաթոշակը բարձրացնել, կամ մարդկանց վարկերը ներել: Դպրոցական կրթության ոլորտում առաջինն, ասաց, 12 տարին կկրճատի: Ինչո՞ւ, ի՞նչ ուսումնասիրություն կա դրա հիմքում, որ 10-ամյա կրթությունն ավելի անհրաժեշտ է հիմա դպրոցականներին՝ չասաց: Դժգոհ էր նաև դասագրքերի բովանդակությունից:

«Բոլոնիայի ծրագիրը պետք է չեղյալ արվի, մեր դպրոցականները Սովետական միության ժամանակ 10 տարի էր, ամենախելացի, բանիմաց, գիտակից երեխաները… սարքել են 12 տարի. էսօր գրքերն այնպես են գրում, որ ուսուցիչներին, դասախոսներին հարցնես, կասեն, որ իրենք չեն հասկանում, թե էս ով է գրել», – նշեց ԲՀԿ առաջնորդը:

Գագիկ Ծառուկյանը քննադատներին հորդորեց շատ չընկնել իր խոսքի հետևից, կարծում է՝ մարդիկ արագ-արագ խոսելիս կարող է մի բառ ավել, մի բառ պակաս ասեն:

Leave a Comment