Տավուշում Գագիկ Ծառուկյանը առաջարկում է սպասել կարևոր փոփոխության՝ առջևում Հիսուսի արձանի բացումն է

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը քարոզարշավի 6-րդ օրը Տավուշի մարզում է: Մինչև այժմ վարչապետի թեկնածուի անունը գաղտնի պահող Գագիկ Ծառուկյանը Աչաջուր համայնքում հավաքված բնակիչներին հավաստիացնում է՝ ունեն լավ թիմ, խոստումնալից ծրագիր, որպեսզի երկիրը հանեն, իր բնորոշմամբ, ծանր վիճակից:

Շատ են խնդիրները Աչաջուրում, նեղսրտում է մի տղամարդ ու կենտրոնանում գյուղատնտեսության վրա. «Տարիներ առաջ ունեինք մինչև 250, 300 հա ցորեն, այս տարվա կտրվածքով ընդամենը կարող է լինի 1-2 հա։ Սա ցավալիորեն եմ նշում, որովհետև Դուք նաև շեշտեցիք, որ գյուղնախարարություն չունենք, եթե գյուղնախարարություն չունենք, ինչի՞ մասին ենք մենք մտածում»։

Գյուղատնտեսության մասին ծավալված զրույցը Ծառուկյանը երկար չի շարունակում, առաջարկում է մարդկանց քայլ անել, որ փոփոխություն լինի: Դժգոհ է, իր տպավորությամբ շուրջբոլորը միմյանց վիրավորում են: Նա նկատի ունի նաև վարչապետին:

Նիկոլ Փաշինյանը, որ պարբերաբար պնդում է, թե ինքն իրավապահների աշխատանքին չի միջամտում, երեկ հետախուզման մեջ գտնվող Գագիկ Ծառուկյանի որդուն անվանել էր «լակոտ» և սպառնացել «վզից բռնած» Բելառուսից բերել և ենթարկեն պատասխանատվության:

«Էսօր ժողովուրդն արդեն զզվում է. ո՛չ ուզում է հայհոյանք լսի, ո՛չ վիրավորանք։ Ցանկանում են, որ կարողանան իրենց մասին մտածեն, մի քայլ կատարեն, մարդու մատից մի փուշ հանեն, մարդուն հնարավորություն տան, էս կյանքում կարողանա ապրի, վայելի, դեմքին ժպիտ գա, իսկ էդ դատարկ խոսացողները, որ կյանքում քարը չեն դրել քարին, նրանք ո՞նց կարան»,- ասում է Գագիկ Ծառուկյանը։

Հայաստանում խնդիրներ շատ կան՝ սոցիալականից մինչև անվտանգային, շարունակում է Ծառուկյանն ու առաջարկում է զինվել համաբերությամբ, ամենակարևոր փոփոխության համար, ասում է՝ քայլն արված է:

«Կառուցում եմ Հիսուս Քրիստոսի արձանը, որ գոնե մեր հայությունն աշխարհին ասելու բան ունենա, որ ոչ թե պարտվել ես, ոչ մի բան չկա, այլ մենք աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք, որ որ մենք ասելու բան ունենանք, նաև թող պահապան լինի մեր ազգին, մեր ժողովրդին, Աստծո կամոք 27 թվականին կբացենք, ամեն ինչ կփոխվի, կզարգանա, շարժ կլինի, ասում եմ՝ միլիոնավոր տուրիստներ են գալու»,- նշեց ԲՀԿ առաջնորդը։


Աչաջուրցի մեկ այլ տղամարդ բառեր չի խնայում, որ շնորհակալություն հայտնի Գագիկ Ծառուկյանին Կոտայքի մարզում Փրկչի արձանը տեղադրելու համար, ասաց.- «Դա Ձեզ աստվածացրել է, երկրային կյանքում Դուք նույն Քրիստոսն եք, երկնայինում մեր Հիսուս Քրիստոսը»։

Գագիկ Ծառուկյանը չի առարկում, կիսվում է իր նոր գաղափարով. «Բացի դա, դրա կողքը՝ մյուս ծառի տակ էլ, Նոյյան տապանն եմ կառուցելու, որ ամբողջ աշխարհը թնդացնենք, որ բոլորը գան տեսնեն՝ մենք ձեռագիր ունեցող, պատմություն ունեցող ժողովուրդ ենք»։

ԲՀԿ առաջնորդն այսօր պնդեց, թե իշխանությունը նախընտրական այս փուլում ապօրինությունների է դիմում, ասաց՝ իր հայրենի Աբովյանում 52 պարեկի են գործից հանել, որոնց հարազատները իր բիզնեսներում են աշխատում կամ իր համակիրներն են.

Ծառուկյանի խոսքով.- «52 հատ պարեկի գործից հանել են, որ մարդը քննություններն անցել է…որ հերը իմ աշխատողն է, որ աներն իմ իմ կողմնակից է, եղբայրն իմ կողմնակիցն է, հանել են։

Ներքին գործերի նախարարությունից հայտարարեցին, թե Ծառուկյանի ասածը ապատեղեկատվություն է:

Leave a Comment