Թոշակները պետք է բարձրացնել ևս 12,000 դրամով. Նարեկ Կարապետյան – armeniatoday.am

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը մայիսի 13-ին Իջևանում կայացած քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ նվազագույն կարիքները հոգալու համար անհրաժեշտ է կենսաթոշակներն ավելացնել ևս 12,000 դրամով։ 

Դաշինքի առաջնորդը խոստացել է, որ իշխանափոխությունից հետո՝ առաջին վեց ամսվա ընթացքում, կիրականացվի թոշակների հավելյալ բարձրացում։ 

Կարապետյանն ընդգծել է, որ բյուջետային հնարավոր խնդիրների դեպքում իրենք կգտնեն իրատեսական լուծումներ նշված գումարն ապահովելու համար.

Նրա խոսքով՝ թեև իշխող ուժի կողմից կենսաթոշակների վերջին՝ 10,000 դրամով բարձրացումը դրական է ընդունվել քաղաքացիների կողմից, դա վկայում է ավագ սերնդի սոցիալական ծանր կացության մասին։

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիճակի են հասցրել մեր ավագ սերնդին, որ մարդիկ թոշակի ամսական ընդամենը 10,000 դրամի համար այդքան ուրախանում են։ Ուրիշ երկրներում թոշակները հարյուրավոր դոլարներ են, իսկ մեզ մոտ այդ 10,000 դրամի համար մարդիկ որքա՜ն են օրհնում ու շնորհակալություն հայտնում»,-հայտարարել է Կարապետյանը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է նաև ծայրահեղ աղքատության հաղթահարման իրենց ծրագրի մասին, ըստ որի՝ դաշինքի առաջ է քաշում ծայրահեղ աղքատության հաղթահարման հիմնադրամ ստեղծելու ծրագիր։ Հիմնադրամի ֆինանսավորման մեծ մասը՝ 70%-ը, կապահովեն Սփյուռքի հայ գործարարները և հայկական կառույցները, իսկ փոքր մասը՝ 30%-ը, կհատկացնի պետությունը, նշել է նա։

Հիմնադրամն, ըստ Կարապետյանի, ամսական կենսաթոշակ և նպաստ կնշանակի այն մարդկանց համար, ովքեր գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ։ «Օրինակ՝ 5 հոգանոց ընտանիքին կհատկացվի 150,000 դրամ, որպեսզի մարդիկ կարողանան երեխաներին լավ կրթություն տալ, կահավորել իրենց տունը և հոգալ ապրուստի ծախսերը։ Եթե անգամ մարդն աշխատանք ունի, բայց դեռևս համարվում է ծայրահեղ աղքատ, մենք շարունակելու ենք աջակցել նրան»,- հայտարարել է Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը շեշտել է, որ այս ծրագիրը կորղ իրագործել միայն Կարապետյանը։ «Ոչ ոք չի կարող նման ծրագիր առաջարկել, քանի որ այլ պարագայում գործարարները նման մեծ գումարներ չեն ներդնի. նրանք դա անում են միայն նրա խոսքին վստահելով։ Այսպիսով, մենք շատ կարճ ժամանակում կհաղթահարենք ծայրահեղ աղքատությունը»,-նշել է Կարապետյանը։

Կարապետյանը, մայիսի 1-ին պատասխանելով Armenia Today-ի հարցին, նշել էր, որ դաշինքն ունի 6 ամսյա ժամկետում ծայրահեղ աղքատության հաղթարման փուլային ծրագիր։

Կարդացեք նաև՝

10 հազար կենսաթոշակի «գինը»

«Կարողա խաբեն», «Աստված օրհնի մեր ղեկավարությանը» և «իրանց ռեյտինգն են ապահովում». հարցում՝ թոշակների բարձրացման մասին

«Մեզ շան տեղ դնող չկա», «փառք Աստծո, լավ է» և «Լառնակա ՞. ծաղրում եք»․ թոշակառուները՝ Փաշինյանի հայտարարության մասին

Leave a Comment