«Պետք է ուրախանալ 29 հազար 743 քառակուսի կմ-ով». Փաշինյանի քարոզարշավը Էրեբունի վարչական շրջանում

Քարոզարշավի չորրորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի փողոցներով շարժվեց դեպի Էրեբունի վարչական շրջան: Թեև նրան ուղեկցում են մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, բայց քարտեզ, բուկլետ ու թխվածքաբլիթ բաժանելու գործը հիմնականում Նիկոլ Փաշինյանինն է: Մեկ բուկլետը վերցնում են լուռ, մեկ շնորհակալական խոսքեր ասում:

Էրեբունի վարչական շրջանում վարչապետին հանդիպածներից մի կին հուզված էր՝ վերջին անգամ Նիկոլ Փաշինյանին տեսել է 2018 թվականին: Այս տարիներին հանդիպելու հնարավորություն չի ունեցել, բայց դրանից սերը չի պակասել:

Մեկ այլ կին էլ նախ վերցնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքից քարտեզը, հետո վերադարձնում՝ այնտեղ չկա Արցախը, Ամարասը: Հայաստանի եկեղեցիներից մեկում մոմ վառելու առաջարկից հետո Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ զրույցն արագ է ավարտում:

Պակաս վրդովված չէր մեկ այլ քաղաքացի: «Մի բուռ էինք, դարձանք կես բուռ, – ասում է ու հետո ձևակերպում իր առաջարկը Նիկոլ Փաշինյանին. – մենակ հող մի տվեք, թե չէ Ձեզանից բողոք չկա»:

Այստեղ Նիկոլ Փաշինյանը փորձում է բացատրել՝ պետություն չենք ունեցել մինչև 1918 թվականը, պետք է ուրախանալ 29 հազար 743 քառակուսի կմ-ով և չմտնել պատմական արդարության դաշտ: Ի պատասխան կինը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է՝ Ջերմուկի դիրքերում նստած են ադրբեջանցիները: Ինչո՞ւ վարչապետը չի պահանջում Իլհամ Ալիևից, որ ադրբեջանական զորքը դուրս բերի այնտեղից:

Սահմանազատման կանոնակարգը կա, վարչապետը քաղաքացուն հիշեցնում է այդ փաստաթղթի ընդունման ու վավերացման մասին: Հենց դրանով էլ կլուծվի հարցը շարունակում է Փաշինյանը, որից հետո քաղաքացին կրկնում է հորդորը. «Մենակ հող մի տվեք»:

Վարչապետի քարոզչական օրը մերթընդմերթ ընդմիջվում է կուսակցական երգ ու պարով: Նվագախումբը Նիկոլ Փաշինյանից մի ոտք շուտ է հասնում շենքերի բակ, որ նրան դիմավորի՝ ծափերով և Նիկոլ վարչապետ վանկարկումներով:

Վարչապետին ծափահարողները երբեմն էլ դժգոհում են, օրինակ, այստեղ մի կին ներկայացավ որպես կազմակերպիչ և ասաց՝ սցենարով վարչապետը պետք է բարձրանար խաղահրապարակի աստիճաններին, ինչո՞ւ շեղվեց:

Էրեբունու այգիներից մեկում Նիկոլ Փաշինյանը նաև լրագրողների հարցերին պատասխանեց: Պնդեց՝ իր տպավորությամբ՝ անգամ 2021 թվականին նման աջակցություն չունեին. «21-ի հետ որ զուգահեռ անցկացնենք, մեր ընտրական գործերի վիճակը էականորեն ավելի լավ է, շատ ավելի լավ է, անհամեմատելիորեն ավելի լավ է»:

Ճեպազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի հետ նկարվելու համար սպասում էր մոտ 20 երեխա:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Leave a Comment