Ո՞ր պահից են սկսվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասությունները, ի՞նչ պիտի անի կուսակցությունը, որ ԿԸՀ–ն չգրանցի հայտը, ո՞վ պետք է պայքարի բարեգործության անվան տակ կատարվող ընտրախախտումների դեմ։ ԱԺ-ում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի և պատգամավորների քննարկումը վերածվել է բանավեճի՝ վարչական ռեսուրսի չարաշահման, իրավապահների և քաղաքական ուժերի գործողությունների շուրջ։ Ընդդիմադիրները խոսել են ընտրական գործընթացում երկակի ստանդարտների կիրառման, իշխող ուժի ներկայացուցիչները՝ քաղաքական ուժերի հակաօրինական քայլերի մասին։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն Ազգային ժողով է գնացել՝ ներկայացնելու իր ղեկավարած կառույցի 2024-2025 թվականների գործունեության հաղորդումը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը վստահեցնում է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր իրավասությունները լիարժեքորեն կիրառելու հնարավորություն է ստանում այն դեպքում, երբ կուսակցությունները պաշտոնապես ընտրապայքարի մասնակից են, երբ դիմել են ԿԸՀ և գրանցել թեկնածուներ․
«Կունենանք թեկնածուներ, նոր այդ թեկնածուների գործունեությունն էլ կկարողանանք գնահատել»։
Վահագն Հովակիմյանի խոսքով՝ վարչական ռեսուրսի չարաշահման և Ընտրական օրենսգրքով նախատեսված բարեգործության արգելքի կիրառման դեպքերին գնահատական տալը հնարավոր չէ, քանի դեռ պաշտոնապես գրանցված թեկնածուներ չկան։
ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը հակադարձում է՝ եթե թեկնածուները դեռ գրանցված չեն, այդ դեպքում իրավական ինչ հիմքով է կիրառվում բարեգործության արգելքը․
«Պարոն Հովակիմյան, շատ լավ ասեցիք, չկան թեկնածուներ․ ո՛չ քաղաքական ուժը կա, ո՛չ ֆիզիկական անձ թեկնածուն կա, բայց նույն հոդվածի շրջանակում կիրառում է, ու Դուք ճիշտ եք նշում․ եթե չկա թեկնածու, վարչական ռեսուրս ինչի՞ վրա ես գործադրեմ»։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ իր ղեկավարած կառույցը լիազորված չէ ընտրական ամբողջ գործընթացին համապարփակ գնահատական տալու։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի գործառույթները սահմանափակվում են օրենքով նախատեսված շրջանակով․ ԿԸՀ–ն կարող է արձագանքել միայն կոնկրետ իրավական հիմքերով առաջացած դեպքերին․
«ԿԸՀ-ն չի կարող ընդհանուր գնահատական տալ, այսինքն՝ այդ սահմանափակմանն ու երևույթներին, և միակ տարբերակը, որ կարող է ԿԸՀ-ն օգտագործել, յուրաքանչյուր երևույթ ունենալու դեպքում ԸՕ առանձին կարգավորման ներքո գնահատելն է»։
Ընդդիմադիր պատգամավորները ԿԸՀ նախագահին հիշեցնում են նախօրեին արձանագրված դեպքի՝ բարեգործության արգելքի շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեի գործողության մասին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ձերբակալվել էր, ապա նրա նկատմամբ տնային կալանք էր կիրառվել․ հաշվի էր առնվել անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը։
«Այս ո՞նց է լինում, որ Հակաոռուպցիոն կոմիտեն մարդկանց ձերբակալում է, քիչ էր մնում՝ տաներ կալանքի այն դեպքում, երբ չկան գրանցված թեկանծուները»։
Վահագն Հովակիմյանն ընդդիմադիր պատգամավորին առաջարկեում է Հակակոռուպցիոն կոմիտեին առնչվող հարցերով դիմել այդ կառույցին՝ ընդգծելով, որ այդ հարցերը դուրս են ԿԸՀ լիազորությունների շրջանակից։
Ընդդիմադիր պատգամավորները, սակայն, շարունակում են քննարկել թեման։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյան․
«Դուք վախենում եք հայ կնոջից, նորածին երեխա ունեցող հայ մայրերից, դուք վախենում եք հայ մայրերից, որովհետև հայ մայրը վաղվա երեխա ունեցողն է, վաղվա ձեր դեմ, ձեր այս քաղաքականության դեմ պայքարողն է, որովհետև հայ մայրը ընտրողների 52 %-ից ավելին է, և հայ կինը, հայ մայրը ոտքի կանգնեց, դուք այլևս իշխանության չեք լինի»։
Արմենուհի Կյուրեղյանի հայտարարությանն արձագանքում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը՝ հիշեցնելով իր նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը և ընդդիմադիր պատգամավորների դիրքորոշումը երեսպաշտություն որակելով․
«Տիկին Կյուրեղյան, մի հայ մայր էլ ես եմ, որի վրա ֆիզիկական հարձակում էր գործել ձեր կուսակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, կերակրող պատգամավոր կին մայր էի, որի վրա հարձակում էր գործել, և չեմ հիշում, որ մինչև այս պահը Դուք դատապարտող խոսքով հանդես եկած, ներողություն խնդրած լինեք։ Երեսպաշտություն է Ձեր արածը»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԿԸՀ նախագահին հետաքրքվում է, թե ինչ իրավական հիմքեր կամ նախադրյալներ պետք է առկա լինեն, որպեսզի հանձնաժողովը կարողանա մերժել որևէ քաղաքական ուժի գրանցումը․
«Ի՞նչ ծավալների պետք է հասնեն այս գործողությունները, ի՞նչ պետք է տեղի ունենա, դեռ ինչքա՞ն պետք է մարդիկ շարունակեն քաբաբ, տելեվիզոր և էպիլիատոր բաժանել, տարբեր ծառայությունների դիմաց մարդկանց շահագրգռել, որ իրենց ընտրեն, որ տվյալ քաղաքական ուժը չգրանցվի»։
Այս գործելաոճը Արթուր Հովհաննիսյանը քաղաքական գործունեություն չի համարում, հիշեցնում է, որ եղել են դեպքեր, երբ ընտրութուններից հետո են ի հայտ եկել ընտրակաշառք բաժանելու դեպքերը․
«Ընտրություններից դուրս կուսակցության գործունեությունը, որքան էլ տվյալ քաղաքական ուժի անդամներն ու ներկայացուցիչները հայտնվեն իրավապահների տիրույթում, քանի դեռ քաղաքակն ուժի, կուսակցության գրանցումը կասեցված չէ, այսինքն՝ որպես կուսակցություն գործում է, ոչ միայն ԿԸՀ այլ նաև ՏԻՄ ընտրություններում տարածքային հանձնաժողովները իրավունք չունեն չգրանցելու, եթե անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունը ներկայացնում է»։
Վահագն Հովակիմյանը բացատրում է, որ առանձին դեպքերում, երբ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժը թույլ է տալիս համակարգային ընտրախախտումներ, ԿԸՀ-ն օրենքով սահմանված կարգով տվյալ քաղաքական ուժի գրանցման կասեցման պահանջով կարող է դիմել դատարան․
«Մեր ԸՕ-ն, ըստ էության, այնպես է կառուցված, որ մասնակից կուսակցությունները հնարավորինս պաշտպանված լինեն, որպեսզի մասնակից կուսակցությանը, քաղաքակն ուժին ընտրապայքարից, այսպես ասենք, դուրս թողնելը շատ դժվար լինի»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը վստահեցնում է նաև, որ առաջիկա ընտրական գործընթացում քաղաքական ուժերի ֆինանսական հոսքերի վերահսկողությունը կուժեղացվի, իսկ հայտարարագրման պահանջները խստորեն կիրականացվեն։ Միևնույն ժամանակ Հովակիմյանն ընդգծում է, որ ընտրություններից դուրս քաղաքական ուժերի ֆինանսական գործունեության վերահսկողությունը ԿԸՀ լիազորությունների շրջանակում չէ։
Վահագն Հովակիմյանը խորհրդարան էր եկել՝ իր ղեկավարած կառույցի 2024-2025 թվականների գործունեության հաղորդումը ներկայացնելու։ Այդ ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների չորս ընտրություն, և դրանցից որևէ մեկի դեպքում ընտրությունների արդյունքների բողոքարկում չի եղել։