Փաշինյան․ Սպառազինության հանդեսին այն, ինչ ուզում ենք քողարկել, կքողարկենք

Փաշինյան․ Սպառազինության հանդեսին այն, ինչ ուզում ենք քողարկել, կքողարկենք

15 ապրիլի 2026 – 18:03 AMT

PanARMENIAN.NetՄայիսի 28–ին` Առաջին հանրապետության օրը, Երևանի Հանրապետության հրապարակում կներկայացվի ոչ միայն 2022-ից հետո ձեռք բերված, այլև հայկական արտադրության սպառազինությունը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում` ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի` 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Նա նշել է, որ չի ցանկանում մանրամասն անդրադառնալ սպառազինության թեմային, հաշվի առնելով դրա գաղտնի բնույթը, և հավելել է, որ «սպառազինության հանդեսին այն, ինչ ուզում են քողարկել, կքողարկեն», հայտնում է Sputnik Արմենիան:

Փաշինյանը հիշեցրել է, որ միջազգային մամուլում արդեն շրջանառվել են որոշ տեղեկություններ Հայաստանի ձեռքբերումների մասին։

«Մենք ուզում ենք մեր ժողովրդի առաջ հաշվետու լինել, թե ինչ սպառազինություն ենք ձեռք բերել միայն 2022 թվականից հետո, ինչպես նաև արտադրել։ Հիշեցնեմ, որ նախորդ 3 տարվա ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի համար 170 մլրդ դրամի պատվեր ենք արել։ Սպառազինության հանդեսին այն, ինչ ուզում ենք քողարկել, կքողարկենք, իսկ այն, ինչ ուզում ենք, որ մարդիկ չտեսնեն, կնայեն, կնայեն ու չեն տեսնի։ Հույս ունենք, որ սպառազինության առումով այսքանով հարցերը կփակվեն»,– հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետի ելույթը տևել է մոտ մեկուկես ժամ։ Նա առաջարկել է պատգամավորներին ընդմիջում վերցնել, մինչդեռ ինքը շարունակելու է շփումը՝ ներկայացնելով ելույթը։ Սակայն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է ընդմիջում չհայտարարել, և Փաշինյանը շարունակել է իր խոսքը։

Ելույթի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները դահլիճում չեն եղել, և վարչապետը ելույթ է ունեցել միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայությամբ։

2025 թվականին Կապանում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր իր մտադրության մասին՝ հանրությանը բաց ձևաչափով ներկայացնել Հայաստանի ձեռք բերած սպառազինությունը։

Leave a Comment