Քաղաքական դաշտը «տաքանում»  է․ նախընտրական հանդիպումներ հանրապետության տարբեր բնակավայրերում

Հայաստանում նախընտրական տրամադրությունները գնալով ակտիվանում են՝ թեև մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը դեռ ժամանակ կա։ Քաղաքական ուժերը տարբեր ձևաչափերով ակտիվորեն շփվում են քաղաքացիների հետ՝ փորձելով ամրապնդել իրենց դիրքն ու ազդեցությունը։ Միևնույն ժամանակ, ակտիվ գործընթացներ են կուսակցությունների ներսում։ Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդեն երկրորդ փուլով ներկուսակցական ընտրութուններ է անցկացնում՝ ձևավորելու ընտրական ցուցակն ու որոշելու վարչապետի իր թեկնածուին։

Չնայած քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, քաղաքական ուժերը, որոնք մտադիր են մասնակցելու հունիսի 7-ի  խորհրդարանական ընտրություններին, ավելի ակտիվ են շփվում ընտրողների հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը շարունակում են հանգստյան օրերին այցելել հանրապետության տարբեր բնակավայրեր։ Այս անգամ նրանք հանրային տրանսպորտով գնացել են Երևանի վարչական շրջաններից մեկը։

«Գալի՞ս եք Հարավարևմտյան թաղամաս»։

Նիկոլ Փաշինյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Մալաթիա» տոնավաճառում շրջելիս մոտեցել մի քանի վաճառակետերի։ Տնտեսվարողներից մի քանիսը վարչապետին են ներկայացրել իրենց հուզող որոշ խնդիրներ։

Քաղաքացի․ «Աղբն է, ջուրն է։ Այս փոքրիկ տեղի համար ամիսը 3000 դրամ եմ վճարում աղբի համար, 2-3 օրը մեկ աղբ չեմ թափում»։

Նիկոլ Փաշինյան․ «Օրինակ մի տեղ՝ Աշտարակում, այդպես դեպք եղավ։ Ես հետո խնդրեցի, որ գնան կոնսուլտացիա անեն, և գնացին կոնսուլտացիա արեցին և հետո ինձ ՊԵԿ-ից ասեցի, որ իրենք ավելի շատ են վճարում, քան ունեն նվազեցնելու հնարավորություն»։

Վարչապետին հանդիպած մեկ այլ քաղաքացի էլ չէր կողմնորոշվում, թե իր ո՞ր խնդրի մասին բարձրաձայնի։

Նիկոլ Փաշինյան. «Ամենակարևորը, որն է»։

Քաղաքացի․ «Ամենակարևորը՝ խաղաղություն եմ ուզում»։

Նիկոլ Փաշինյան․ «Ըհը, լուծվեց այդ հարցը։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ խաղաղությունն ավելի հեշտ  է։ Մենակ մի խնդրանք ունենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամաս և տեր կանգնեք խաղաղությանը։ Տեսեք, խաղաղությունը հիմա այստեղ է»։

Քաղաքական մյուս ուժի՝ «Հայաստան» դաշինքի անդամները վարչապետի իրենց թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հետ Կոտայքի մարզում էին։ Նրանք Ծաղկաձորում այցելել են Կեչառիսի վանք, Հրազդանում հանդիպում են ունեցել քաղաքացիների հետ։ Հանդիպումից հետո Քոչարյանը շփվել է քաղաքացիների հետ, պատասխանել նրանց հարցերին։

 «Հիմա մտած ենք պայքարի մեջ և դիմում ու խնդրում ենք ձեզ, որ կանգեք մեր կողքը»։

 Խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն էլ Սյունիքի մարզում էին։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Մեղրիում որոշ մանրամասներ է ներկայացրել, թե ինչ ձևաչափով են պատրաստվում մասնակցել ընտրություններին․

«Այսօր «Ուժեղ Հայաստանը»-ը հայտարարում է՝, որ մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանակնում են ստեղծել ուժեղ Հայաստան։ Մենք կստեղծենք դաշշինք «Ուժեղ Հայաստանը» Սամել Կարապետյանի հետ»։

Ընդդիմադիր դաշտի մեկ այլ դերակատար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց այդ պաշտոնում արդեն չորս թեկնածու ունի, հայտարարել է, որ ցանկանում է քաղաքական «նոյան տապան» կառուցել։ Իսկ քաղաքացիների ներկայացրած խնդիրները Ծառուկյանը համադրում է իր ձևակերպած ընդհանուր քաղաքական նպատակի հետ։

«Իմ նպատակը՝ որ իմ ժողովուրդը լավ ապրի, երաշխավորված խաղաղություն լինի, տնտեսություն զարգանա, որ մարդն ընտանիք մտնելուց երջանիկ լինի, գլուխը չկախի։  Մեր ազգն աշխատող է, միայն պետք է պայման ու հնարավորություն ստեղծվի»։

Ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերի քանակն ավելանում է։  Օրերս ընտրապայքարին միացավ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունը, որի վարչապետի թեկնածուն հենց ինքը՝ Մարությանն է:

«Մեր պետությանը պետք է նոր ուժ, որը կփոխի այս ամենը, որը կփոխի պետական կառավարումը, որը կփոխի այս քաղաքական դաշտը, որը ոտքի կկանգնեցնի Հայաստանը, նոր ուժ, որը սկզբունքներից չի հեռանալու: Եվ այդ նոր ուժը մենք ենք»:

Քաղաքական ուժերն այս փուլում ձգտում են հնարավորինս շուտ ձևավորել իրենց ընտրազանգվածը, քանի որ ընտրողների որոշ մասը դեռ չի կողմնորոշվել ընտրության հարցում։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) մեկ ամիս առաջ հրապարակած տվյալների՝ չկոմնորոշված ընտրողների թիվը մոտ 30 տոկոս է։

Leave a Comment