
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին հերթական անգամ պնդեց՝ ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը:
«Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում», – նշեց Փաշինյանը:
Փաշինյանը, սակայն, այսօր կոնկրետացրեց, նշելով, որ հունիսի 7- ին հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ շարունակել ղարաբաղյան շարժումը, թե ոչ:
«Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է՝ «որոշել ենք, որ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում»: Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են ղարաբաղյան շարժումը, և ժողովուրդը դա պետք է որոշի: Եթե որոշում է, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև ղարաբաղյան շարժումը պատերազմ է: Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, շատ պարզ ընտրություն է», – նշեց նա:
Ոչ միայն ղարաբաղյան շարժումը շարունակելը, այլև Հայաստանի մայր օրենքի՝ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագիրը ևս, ըստ Փաշինյանի, կոնֆլիկտ է հրահրում:
Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին : Բաքուն սա որակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ՝ պահանջելով Հայաստանից Մայր օրենքից հանել այդ հիշատակում: