Իշխող ռեժիմը հանրությանը պատերազմով է սպառնում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

«Մեր հասարակությունը հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից, անարժանապատիվ կեցվածքից, չավարտվող  դժբախտություններից և ստի անսահման չափաբաժնից». ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պատերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է։ «Իշխանությունն ի սկզբանե առաջնորդվում է ոչ թե խաղաղության երաշխիքների առկայության, այլ հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով:

Իշխող ռեժիմն իր երկարակեցության ապահովման հիմքում դնում է իր՝ ամեն գնով զիջումներով, պարտությամբ և հպատակությամբ, թվացյալ՝ կարճաժամկետ խաղաղություն ապահովելու սկզբունքը: Սակայն հանրային ցուցիչի և պրագմատիկ մոտեցման տեսանկյունից, քաղաքական ուժը, որի պաշտոնավարման օրոք երկիրը 5-6 անգամ ագրեսիայի և հարձակումների է ենթարկվել, ակնհայտորեն խաղաղություն բերողի ռեպուտացիա չի կարող ունենալ:

Երկրորդ, իշխանության պնդումը, թե իրենց՝ պետության ղեկին չմնալու պարագայում երկիրը պատերազմի հորձանուտ կմտնի, ևս մեկ հիմնավորումն է առ այն, որ սահմանին առկա ստատուս քվոն ոչ այնքան խաղաղություն է, որքան չկառավարվող հրադադար:

Երրորդ, Ադրբեջանի պահանջներն ու հավակնությունները վերջին 5 տարվա ընթացքում կայուն աճել են, և չկա որևէ երաշխիք, որ դրանք ընտրություններից հետո՝ գործողների վերարտադրման պարագայում, չեն ավելանա, ինչը կամ նոր զիջումների կբերի, կամ նոր պատերազմի:

Չորրորդ, պատերազմում հաջողություն ունենալու հարցում ի սկզբանե տապալված են այն երկրները, որտեղ հասարակության շրջանում խոր բաժանարար գծեր կան, տարբեր խմբերի միջև թշնամություն և ատելություն է սերմանված, իսկ կառավարող ռեժիմը այն սնուցում է և օգտագործում ներքաղաքական շահերի ապահովման համար»,- նշեց Աբրահամյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment