Կալիֆորնիայում ծաղկել է Մահվան հովիտը – Live News

Վայրի ծաղիկների տպավորիչ ծաղկումը գունավորել է Մահվան հովիտ ազգային պարկի սովորաբար անպտուղ և խիստ չոր լանդշաֆտը։ Այն համարվում է մոլորակի ամենածայրահեղ վայրերից մեկը, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի ամենաշոգ և ամենաչոր տարածաշրջանը։ Այժմ այդ տարածքը ծածկվել է գեղեցիկ վարդագույն, մանուշակագույն և դեղին երանգներով։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, վկայակոչելով Ազգային պարկերի ծառայության տվյալները, նշում է, այս տարվա ծաղկումը վերջին տասը տարվա ընթացքում ամենատպավորիչն է։ Դա պայմանավորված է տարածաշրջանում անցած աշնանն ու ձմռան սկզբին դիտված սովորականից ավելի խոնավ եղանակային պայմաններով։ Միջին հաշվով Մահվան հովտում տարեկան թափվում է ընդամենը մոտ 5 մմ տեղում։ Սակայն նոյեմբերից մինչև հունվարի սկիզբ ընկած ժամանակահատվածում տեղումների քանակը կազմել է մոտ 6 մմ՝ այսինքն՝ ընդամենը 2,5 ամսում ավելի շատ, քան սովորաբար ամբողջ տարվա ընթացքում։

Պարկում որոշ վայրի ծաղիկներ սովորաբար հայտնվում են ամեն գարուն, սակայն այսպես կոչված «սուպեր ծաղկումը» (որը պաշտոնական բուսաբանական տերմին չէ) տեղի է ունենում միայն այն տարիներին, երբ աշնանը և ձմռանը դիտվում են առատ տեղումներ։

Անապատում ծաղկող վայրի ծաղիկները հիմնականում միամյա բույսեր են։ Ի տարբերություն կակտուսների, որոնք ջուր են կուտակում՝ շոգ և չոր պայմաններում գոյատևելու համար, այս բույսերի սերմերը կարող են երկար ժամանակ պահպանվել հողի մեջ։ Երբ պայմանները դառնում են բարենպաստ, սերմերը սկսում են ծլել։ Այնուհետև, ծաղիկների փոշոտումից հետո, դրանք կրկին վերածվում են սերմերի, և բնական ցիկլը սկսվում է նորից։ Եթե հաջորդ տարի, կամ նույնիսկ դրանից հետո մի քանի տարի շարունակ բավարար տեղումներ չլինեն, այդ սերմերը շարունակում են մնալ հողի մեջ՝ «սպասելով» խոնավ շրջանին։

Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքը, առաջիկա մի քանի շաբաթները կլինեն ծաղկման գագաթնակետը։ Պարկի վարչակազմը նաև հիշեցնում է, որ տարածքում վայրի ծաղիկներ հավաքելը խստիվ արգելված է և կոչ է անում այցելուներին պահպանել այս եզակի բնական երևույթի և շրջակա միջավայրի անխաթար վիճակը։

Leave a Comment