30 միլիարդ 341 միլիոն դրամ վնասի վերականգնում. Գլխավոր դատախազությունը ամփոփել է 2025-ի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ քննվող քրեական վարույթներով վերականգնվել է 30 միլիարդ 341 միլիոն 581 հազար դրամի վնաս: Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 15 միլիարդ 463 միլիոն 560 հազար դրամ:

Արամ Արամյանի տեղեկացմամբ, ՀՀ ողջ տարածքում նվազել են պաշտոնատար անձանց օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու դեպքերը:

«Նշված հանցատեսակի նվազումը տարեցտարի կրում է շարունակական բնույթ: Մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է 141 դեպք, 2024 թվականին՝ 111 դեպք, իսկ 2025 թվականին՝ 87 դեպք: Բացահայտումը, ինչպես և 2024 թվականին, կազմել է 100 տոկոս»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Ներկայացնելով Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության 2025 թվականին կատարած աշխատանքները՝ Արամ Արամյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել համացանցի, տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգերի օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 24 անձի վերաբերյալ 11 քրեական վարույթ: 11 քրեական վարույթներով հանցավոր գործունեության շրջանակում արձանագրված ընդհանուր դրամաշրջանառությունը կազմել է շուրջ 5 միլիարդ 108 միլիոն 634 հազար դրամ:

Leave a Comment