
Վրաստանը չի կիրառում հակառուսական պատժամիջոցներ, քանի որ դրանք կպարունակեն հսկայական ռիսկեր Վրաստանի համար՝ գործնականում որևէ ազդեցություն չունենալով Ռուսաստանի վրա։ Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
«Մենք չենք կարող և չենք կիրառում պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ դրանք գործնականում ոչ մի ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի վրա, մինչդեռ դրանց ազդեցությունը Վրաստանի վրա կարող է լուրջ լինել։ Մենք նաև չգիտենք, թե նման քայլը ինչ անվտանգային սպառնալիքներ կստեղծի մեր երկրի համար, և մենք որևէ անվտանգության երաշխիք չունենք»,- ասել է Բոճորիշվիլին։
Նա հիշեցրել է, որ Վրաստանը որևէ ռազմական կամ քաղաքական դաշինքի անդամ չէ, հետևաբար որևէ տեսակի անվտանգության հովանոց չունի։ «Այս պայմաններում ցանկացած քայլ, որը նույնիսկ աննշան հարցականի տակ է դնում մեր երկրի անվտանգությունը, անպատասխանատվության դրսևորում է։
Վրաստանը չի կարող և չունի անպատասխանատու կառավարություն։ Մենք չենք ձեռնարկի որևէ քայլ, որը, թեկուզև աննշան, կվտանգի այս երկրի անվտանգությունը»,- ասել է ԱԳ նախարարը։
2022 թվականի փետրվարին Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ իր երկիրը չի միանա Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի կողմից անցկացված հատուկ գործողության։ Վրացական ընդդիմության անդամները բազմիցս մեղադրել են իշխանություններին Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում օգնելու մեջ։