ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն Փորձնակը կամ Աշխատանքային պրակտիկա անցնող անձը այն քաղաքացին է, որը նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության մակարդակներով կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով, որի դեպքում վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ:
Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին փորձնակի պայմանագիրը կնքվում է գրավոր, որով սահմանվում են աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված՝ կողմերի իրավունքները և պարտականությունները, դրանց փոփոխման և դադարման հիմքերն ու կարգը, փորձնակի երաշխիքները, կողմերի համաձայնությամբ վարձատրություն նախատեսված լինելու դեպքում՝ վարձատրության չափը, ինչպես նաև աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված այլ հարաբերություններ:
Փորձնակին տրվում է աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին հավաստագիր, որում նշվում են որպես փորձնակ ներգրավվելու ժամանակահատվածը, մասնագիտական և որակավորման կամ պաշտոնի անվանմանը համապատասխան ձեռք բերված գիտելիքների, կարողությունների կամ հմտությունների վերաբերյալ տեղեկատվությունը: