Աբովյանցին ձերբակալվել է՝ մեքենայում ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանա հայտնաբերելուց հետո

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մի բնակիչ իրացման նպատակով ձեռք է բերելու մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված խոշոր չափերի թմրանյութ։

Տեղեկությունն իրացվել է փետրվարի 11-ին։ Համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ՝ քրեական ոստիկանները Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ձերբակալեցին 29-ամյա աբովյանցուն և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդը հայտնել է, որ իր վերցրած թմրամիջոցի փաթեթը մեքենայի մեջ է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում «Օպելի» խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ կիլոգրամ 150 գրամ մարիխուանա։ Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment