Ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում, ու դրա համար էլ նորերն են առաջանում. Հրանտ Մաթևոսյան

Այսօր հայ մեծ գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թ. փետրվարի 12-ին՝ Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի (Վանաձոր) մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թթ. աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։

Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Տափաստանում» ակնարկն է եղել` 1959 թվականին, բայց առավել հայտնի է դարձել 1961 թվականին` «Ահնիձոր» ակնարկով։ Նա բազմաթիվ ստեղծագործություններ է գրել, որոնք թարգմանվել և հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն և այլ լեզուներով։

Հրանտ Մաթևոսյանի սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը» կինոնկարները, նրա գործերի հիման վրա՝ «Օգոստոս» կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել «Մեծամոր» էսսեն և «Չեզոք գոտի» պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են «Աշնան արևը» և «Կայարանը»։

Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, որ ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:

The Guardian-ն անդրադարձել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին

«Հեռավոր սարերի լանջերին, 60-ականների «քաղաքակրթությունից» հեռու, իշխանության ու պետության մասին պատմող այդ գեղարվեստական գործում հովիվներն իրավապահներին կատաղության են հասցնում»։

Այս տողերով է գրող, սցենարիստ և առաջատար կինեմատոգրաֆիական մեկնաբան Փիթեր Բրեդշոուն The Guardian թերթի հերթական համարում սկսում իր գրախոսությունը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին։ Ֆիլմը նկարահանել է Հենրիկ Մալյանը` Հրանտ Մաթևոսյանի պատմվածքի հիման վրա:

««Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի գրախոսական. հայկական աբսուրդի երգիծանքը հեգնում է Խորհրդային Միությունը» խորագրով հոդվածում Բրեդշոուն հատուկ գեղարվեստական երանգներով է փոխանցում ֆիլմի սյուժեն:

«Այս ֆիլմում կա խորամանկ սրամտություն և փիլիսոփայական հումոր, որը յուրահատուկ սարկազմ է իրավակարգի ուժերի նկատմամբ»,- գրում է կինոքննադատը:

Հրանտ Մաթևոսյանը՝ հոր և Սարոյանի հուզիչ հանդիպման մասին

Վիլյամ Սարոյանը չորս անգամ է եղել Հայաստանում: 1978-ի այցի ժամանակ Սարոյանը ծանոթանում է Հրանտ Մաթևոսյանի հետ, որը աշխարհահռչակ գրողին տանում է իր ծննդավայրը՝ Ահնիձոր գյուղ։

«Վիլյամ Սարոյանի հետ հասանք մեր տուն: Ներքևի ճամփով մեր տուն հասնելն ու վերևի ճամփով հորս գալը մեկ եղավ: Էդքան մարդկանց մեջ հերս տեսավ Սարոյանին ու զարմացած ասաց՝ էս Սարոյա՞նն ա: Ձիու վրա գրկել էր ալյուրի պարկը: Պարկը մի կողմ թռավ, հերս մի կողմ, իսկ հաջորդ վայրկյանին իրար գրկի էին: Քիչ հետո ցնցվում էին երկուսի ուսերն էլ, թիկունքներում սրտի հուզմունքն էր: Բաժանվեցին մի քիչ հետո, հայրս նայեց Սարոյանին ու ասաց՝ բարով ես եկել, իմ տղին, էս ժողովրդին բարով ես բերել»: Երկուսի աչքերից էլ առատ արցունք էր հոսել, թրջել երես ու ծոց: Երկուսն էլ հասակակիցներ: Երկուսն էլ ութ թիվ (նկատի ունի՝ 1908թ․): Հիմա ինձ ասա՝ ինչո՞ւ լաց եղան․․․»։

Ըստ Հրանտ Մաթևոսյանի՝ Սարոյանը  երբեմն երազում էր այդպիսի խաղաղ, աշխարհից կտրված գյուղի մասին, որտեղ մոտ կլիներ իր արմատներին, իսկ իր հայրը մտածում էր այն մեծ կյանքի ու աշխարհի մասին, որի մի մասն էր Սարոյանը ու որից ինքն անմասն էր մնացել․ «Աշխարհը լեն ու շեն, ինքն աշխարհի կարոտ…»։

Վիլյամ Սարոյանը Հրանտ Մաթևոսյանի մասին

«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է»:

Leave a Comment