Որ ատելության ու գռեհիկ խոսքը եթերից չհոսի առօրյա․ ՀՌՀ նախագահը՝ անելիքների ու խնդիրների մասին

Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուր»

Օրերս խորհրդարանը հաստատեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Դրանով զգալի անելիքներ են նախանշվում՝ կարգավորելու հեռուստատեսությամբ և ռադիոյով մատուցվող բովանդակությունը, որը հասարակական և քաղաքական դաշտում երբեմն անթույլատրելի են համարում։ Նման խնդիրներ տեսել են նաև խորհրդարանում՝ քննարկելով անհրաժեշտ անելիքները; Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հանրային մուլտիպլեքսի ֆինանսական վիճակին և խնդիրներին՝ շեշտելով՝ օրենսդրական փոփոխություններով հանձնաժողովը նպատակ չունի սահմանափակել որևէ բովանդակություն, սակայն, ըստ նրա, իրավիճակներ ու երևույթներ կան, որոնք անթույլատրելի են։

«Վախով եմ մտածում, որ երեխաս կարող է միայնակ լինել հյուրասենյակում, որտեղ միացված է հեռուստացույցը։ Սերիալներից ու օրը ցերեկով եթեր գնացող հաղորդումներից հնչող գռեհիկ ձևակերպումները սահուն կարող են անցնել երեխայի բառապաշար, իսկ բռնության տեսարանները՝ սովորական թվալ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում մտահոգվում է 12-ամյա երեխայի ծնողը։
Իր շրջապատում նման մտահոգություններ ունեցողներ շատ կան։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում էլ պակաս մտահոգ չեն։ Ակնկալում են, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի փոփոխություններով, որոնցով ընդլայնվում են  հանձնաժողովի լիազորությունները, կկարողանան ավելի կառավարելի վիճակի բերել էկրանից մարդկանց կյանք հոսող ատելության ու բռնության խոսքը, գռեհկաբանությունը,  անթույլատրելի ձևակերպումները։
Ի՞նչ նոր անելիքներ է ակնկալում հանձնաժողովը, և ո՞ր խնդիրների լուծմանն են հետամուտ լինելու՝ ստանձնելով նոր լիազորություններ․ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան մանրամասնում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Մենք դեռ չգիտենք, հաշվարկը չկա, մինչև նոր օրենքն ուժի մեջ չմտնի, մեզ համար շատ դժվար է հաշվարկել  այն ռեսուրսը, որը հարկավոր է մեր աշխատանքը պատշաճ իրականացնելու համար, որովհետև մեր կարգավորման ներքո գործող ընկերությունների թիվը մեծանում է»։

Ստանձնած նոր գործառույթներն արդյունավետ կյանքի կոչելու համար հանձնաժողովն ունի տեխնիկական նոր լուծումների կարիք ևս։ ՀՌՀ նախագահն ասում է՝ մեդիամոնիտորինգի հարցում արհեստական բանականության գործիքները շատ պիտանի կլինեն, սակայն մարդուն փոխարինել չեն կարող․ հայացքից հոսող չարությունը կամ երկակի մտքերը ԱԲ-ն չի կարող ընկալել։

«Մեքենան չի կարող իմանալ ոչ վերբալ լեզուն։ Օրինակ՝ դու կարող ես չարության խոսքն այնպիսի ժպիտով ասել, սարկաստիկ, որը լրիվ ուրիշ իմաստ է ստանում»։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի առանցքային շեշտադրումներից է արտաքին միջամտությունների ու ատելության խոսքի կանխարգելումը։ Իսկ եթե, օրինակ, ուղիղ  եթերում է հնչում անթույլատրելի ձևակերպում  կամ եթե մեջբերել են Հայաստանի հասցեին արված թշնամական հայտարարություններ, լրատվամիջոցը կարո՞ղ է այս դեպքերում էլ պատժվել՝ Հակոբյանից հետաքրքրվում են լրագրողները։ Իրավիճակները տարբեր են, երբեմն մեզ համար էլ է դեռ բարդ պատկերացնել լուծումները՝ անկեղծանում է հանձնաժողովի նախագահը։ Նախ՝ զգոն լինել՝ գործընկերներին խորհուրդ է տալիս նա։

«Բնական է, որ ուղիղ եթերի ժամանակ շատ դժվար է վերահսկողության տակ պահել քո հյուրի փոխանցած բովանդակությունը։ Այստեղ արդեն լրագրողները պիտի պատրաստված լինեն։ Մեր օրենդրությունն ու նորմատիվ իրավական ակտերը պահանջում են, որ այդպիսի ժամանակ կամ վարողը կանգնեցնի եթերը, նկատողություն անի  առաջին անգամ, իսկ եթե հյուրը չլսի  ու շարունակի նույն բովանդակությունը, ապա հաղորդումը պետք է դրանով ավարտվի»։

Տիգրան Հակոբյանն ասում է՝ եթե դադարեցնել և ներողություն խնդրել հնարավոր չէ, ապա հեռարձակողը կարճ ժամկետում կամ  նույն հաղորդման եթերում պետք է ներողություն խնդրի, բացատրի իրավիճակն ու բացառի կրկնությունը։

«Այս ամբողջը նրա համար է, որ այդ խախտումները շարունակական բնույթ չկրեն»։

Եթե խախտումն անընդհատ է ու տվյալ լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությունը, դա արդեն կարող է հետևանք ենթադրել։  Եւ, այնուամենայնիվ, հանձնաժողովը հակված չէ սահմանափակել որևէ բովանդակություն, ավելին՝ հանձնառու է բավարարել հեռուստաընկերությունների պահանջմունքը։

«Օրենքի մեջ ցանկացած երկիմաստություն մենք միշտ փորձում ենք մեկնաբանել հօգուտ հեռուստաընկերությունների»։

Հանձնաժողովն այս տարի մեկ այլ, այսպես ասած, ծանր գործ էլ ունի։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մեդիամոնիտորինգը զգալի աշխատանք ու ռեսուրս է պահանջելու, ինչին և պատրաստվում են։
Հակոբյանը նախընտրական շրջանում հարկ է համարում խոսել «Ընտրական օրենսգրքում» իր դիտարկմամբ առկա որոշ բացերից։ Օրենքի պահանջն է, որ նախընտրական փուլում ամեն հեռարձակող առաջադրված բոլոր քաղաքական ուժերին տրամադրի անվճար եթերաժամանակ։ Հանրային հեռարձակողների դեպքում դա նորմալ է․ Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն օրենքով լիազորված են կատարել այդ պարտականությունը, քանի որ ֆինանսավորվում են հանրային միջոցներից։ Սակայն մասնավորից կամ բովանդակային նեղ ուղղվածություն ունեցող մեդիայից դա պահանջելը Հակոբյանն անտրամաբանական է համարում, նաև՝ խնդրահարույց այն առումով, որ այդ քաղաքական ուժերն այլևս վճարովի եթերի համար չեն դիմում, ինչը  ֆինանսական խնդիր է առաջացնում։ Առանց այդ էլ՝ 2025-ին հանրային մուլտիպլեքսում գործող որևէ հեռուստաընկերություն շահույթով չի աշխատել, իսկ   մուլտիպլեքսի սլոթերն այլևս այնքան գրավիչ չեն, որքան 10-15 տարի առաջ։ Գովազդային հոսքերը զգալիորեն տեղափոխվել են համացանց։ Միաժամանակ,   օրենսդրական մի շարք փոփոխություններ էականորեն կրճատել են մեդիայի եկամուտը՝ մանրամասնում է։ 

 «Դա նույնն է, որ ամեն բենզալցակայանի պարտադրեք, որ մեկ տոննա ամեն կուսակցությանը անվճար բենզին տա  նախընտական պայքարում։ Դուք ի՞նչ իրավունք ունեք անկախ տնտեսվարող սյուբեկտների վրա այդպիսի պարտավորություն դնել, որ տա անվճար ժամանակ իրենց գաղափարները տարածելու համար»։

ՀՌՀ նախագահը կողմ չէ նաև, որ հանրային հեռարձակողները գովազդով աշխատեն։ Դա նախ շուկայից դուրս է բերել հսկա գումար, բացի այդ՝ այս կամ այն կերպ փոխում է հեռարձակվող բովանդակության տրամաբանությունը։ 

«Աշխարհում այդպես է, պետությունը ֆինանսավորում հանրային հեռարձակողին՝ առանց թույլատրելու գովազդային շուկա մուտք գործել, որովհետև երբ նրանք մտնում են գովազդային շուկա, իրենց մոտ պահանջ է առաջանում այնպիսի հաղորդումներ ստեղծել, որոնք գումար կբերեն։ Բայց հանրային հեռարձակողը դրա համար չէ, շոուների համար չէ։ Հանրային հեռարձակողն այլ առաքելություն պիտի կատարի, ինքը չպիտի հետևի իր ռեյտինգին։ Այսինքն՝ ինքը միսիա ունի, փիլիսոփայություն ունի, որն այսօր, ցավոք, չի կատարում»։

Նախորդ տարի ՀՌՀ-ն նախաձեռնել է 84 վարույթ։  Վերջին տարիներին դրանք ավելացել են, արդյունքում մի շարք լրատվամիջոցներ պատիժներ են կրել ֆինանսականից մինչև հաղորդումների կասեցում։ Հեղինակային իրավունքի խախտում, բռնության տեսարաններ, հայհոյախոսություն, ապրանքատեսակի գովազդ, որը վնասում է ֆիզիկական և հոգևոր առողջությանը՝ սրանք այն հիմնական խնդիրներն են, որոնց դեմ պայքարի նպատակով և վարույթներ են հարուցվել։
Ի պատասխան հրապարակումների, թե արձագանքը կոշտ է, Հակոբյանն արձագանքեց՝ մենք դա կարող թույլ տալ։  Հենց այս տարակարծությունների հիմքով հանձնաժողովի նկատմամբ դատական հայցեր ևս եղել են, միայն անցյալ տարի՝ 14 դատական գործընթաց է եղել, որից վեցը արդեն ավարտվել է։    

«Այնպես չէ, որ հանձնաժողովը միշտ հաղթում է, մենք նաև պարտվում ենք, լինում է։ Ընդունում ենք մեր սխալը, փոխում ենք մեր որոշումները։ Բայց դա նաև մեզ նախադեպեր է տալիս, որպեսզի  հասկանանք՝ որտեղ ենք  սխալ որոշումներ ընդունել»։

Հակոբյանն այս համատեքստում խոսում է օրենսդրական բացերից էլ։   

««Տոսպա» ռադիոընկերությունը բողոքարկեց մեր որոշումը և հաղթեց արդեն առաջին ատյանի դատարանում։ Ի՞նչն է խնդիրը, որովհետև, ցավոք, մեր օրենսդրության մեջ դեռ հստակ սահմանումներ չկան ատելության խոսքի, մեր ներքի գործերին միջամտության և այլն։  Դա չի նշանակում, որ հանձնաժողովը սխալ որոշումներ է ընդունել մենք պետական անկախ մարմին ենք և պետք է  պաշտպանենք նաև Հայաստանի և Հայաստանի ժողովրդի  և իշխանությունների հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Բայց, ցավոք, մեր ներկա օրենդրությունը որոշ չափով թերի է և այդ գործիքները մեզ չի տալիս»։

Խնդիրներից Հակոբյանն առանձնացրեց նաև մեդիադաշտի վերլուծությամբ զբաղվող կենտրոնի բացակայությունը, որը մասնագիտական լուրջ դիտարկումներով կարող էր խիստ օգտակար լինել։    

Leave a Comment