Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու․ «ՀայաՔվեն»՝ Բաքվի «դատավճիռների» մասին

«ՀայաՔվե» քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ «դատավճիռների» առնչությամբ.

«Այսօր ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի կարգադրությամբ դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման։

Սա հերթական դառն ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու։ Հայաստանի և Ադրբեջանի բռնապետերի՝ Աբու-Դաբիում խաղաղության մրցանակ ստանալու երեկվա հանդիսության և հնչեցրած կեղծ ու շողոքորթ հայտարարությունների ֆոնին ազատազրկումների այսօրվա դատավճիռներն անարգանքի ցինիկ դրսևորումներ են հայության ու քաղաքակիրթ ողջ մարդկության հանդեպ։

Փաշինյանի գլխավորած վարչախումբը հանցակից է այս հանգրվանին հասնելու հարցում, քանի որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս քաղաքացիների պատանդառումն Արցախի դավաճանական հանձնման հետևանքով է եղել։

Պատանդառումից հետո մինչև օրս վարչախումբը ոչ մի գործուն քայլ չի կատարել մեր հայրենակիցներին ազատելու ուղղությամբ։ Ավելին՝ մենք համոզմունք ունենք, որ հայ պատանդներից ոմանց ազատազրկումը բխում է վարչախմբի քաղաքական շահերից։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը զորակցում է պատանդառված մեր հայրենակիցների ընտանիքներին և հայ ժողովրդին։ Մենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը, որպեսզի կարողանանք ազատել մեր հայրենակիցներին»։

 

Leave a Comment