Սկիզբը՝ այստեղ:
Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը չի վերացնում Իրանի կասկածները, կամ՝ փոքր պետությունների մանեւրելու դաշտը նեղանում է
ԱՄՆ-Իրան դիմակայության նոր փուլը
Անցյալ ամսվա վերջից կրկին սրվեցին ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ վերածվելով ոչ միայն երկկողմ հակասության, այլ նաեւ լայն տարածաշրջանային անվտանգության խնդրի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հասցեին հնչեցրած նոր, ավելի կոշտ զգուշացումները, ամերիկյան ռազմածովային խոշոր ուժերի շարժը դեպի Պարսից ծոց եւ միաժամանակ Թեհրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին հայտարարությունները ստեղծեցին երկիմաստ, բայց վտանգավոր ռազմաքաղաքական միջավայր։
Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը երկակի է. մի կողմից՝ Իրանի ղեկավարությունը հայտարարում է, որ պատերազմ չի ցանկանում եւ պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ, մյուս կողմից՝ զգուշացնում է, որ ցանկացած ագրեսիայի պատասխանն անհապաղ եւ կոշտ կլինի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բազմիցս շեշտել է, որ բանակցությունները կարող են լինել միայն «արդար եւ հավասար պայմաններում», իսկ Իրանի պաշտպանական կարողությունները երբեք չեն կարող դառնալ բանակցությունների առարկա։
Այս հակասական դինամիկան ցույց է տալիս, որ կողմերը միաժամանակ պատրաստվում են թե՛ բանակցությունների, թե՛ բախման սցենարներին՝ լարվածությունը պահելով վերահսկելի, բայց մշտապես պայթյունավտանգ մակարդակում։
Իսրայելը իր պահանջներն է ներկայացրել ԱՄՆ-ին եւ պնդում է երեք հիմնական պայմանի վրա՝
— Իրանի միջուկային ծրագիրը պետք է դադարեցվի միջազգային երաշխիքների ներքո՝ ոչ թե սառեցում կամ սահմանափակում, այլ լիակատար ապամոնտաժում։
— Իրանի բալիստիկ հրթիռների զինանոցի վերացում, որը համարվում է Իրանի զսպման ռազմավարության հիմնական տարր։
— Մերձավոր Արեւելքում Իսրայելի անվտանգությանը սպառնացող միջնորդ կառույցների եւ ռեժիմների աջակցության դադարեցում։
Ըստ էության, սա պահանջում է Իրանի ամբողջ ռազմաստրատեգիական եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապամոնտաժում, որը Երուսաղեմը համարում է գոյության սպառնալիք։
Ըստ արեւմտյան մամուլի, Սթիվեն Վիտկոֆը փետրվարի 3-ին լինելու է Իսրաելում՝ համաձայնեցնելու դերքորոշումները։
Մոսկվայի զսպվածության կոչը՝ թույլ ազդեցությամբ
Ռուսաստանի արձագանքը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին ձեւակերպվում է հիմնականում զսպվածության եւ բանակցությունների անհրաժեշտության շեշտադրմամբ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունները, թե «ուժի ցանկացած կիրառում կարող է քաոս ստեղծել ողջ տարածաշրջանում», արտահայտում են Մոսկվայի պաշտոնական գիծը՝ խուսափել ռազմական էսկալացիայից եւ պահպանել բանակցային գործընթացի հնարավորությունը։
Սակայն այս հռետորաբանության ֆոնին ակնհայտ է նաեւ Ռուսաստանի ազդեցության թուլացումը տարածաշրջանում։ Սիրիայից փաստացի դուրս մղվելը, որտեղ տարիներ շարունակ Ռուսաստանը եւ Իրանը հանդես էին գալիս որպես առանցքային դերակատարներ, էականորեն սահմանափակել է Մոսկվայի գործիքակազմը։ Այդ համատեքստում Վլադիմիր Պուտինի հանդիպումը Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ կարելի է դիտարկել որպես փորձ՝ պահպանելու ռազմավարական հաղորդակցությունը Թեհրանի հետ, թեեւ հանդիպման բովանդակության շուրջ հրապարակային մանրամասների բացակայությունը վկայում է բանակցությունների զգայուն բնույթի մասին։
Ռուսաստանը, միաժամանակ, հետաքրքրված է այն հարցով, թե արդյոք հնարավոր է ԱՄՆ-ի հետ որոշակի փոխըմբռնում Իրանի շուրջ։ Սակայն ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր լարվածությունը նման սցենարը դարձնում է առավել տեսական, քան գործնական։
Թուրքիան ակտիվ միջնորդական դեր է ստանձնել
Իրանի շուրջ սրվող լարվածության պայմաններում Թուրքիան փորձում է իրեն ներկայացնել որպես առանցքային միջնորդ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնորդի դեր ստանձնելու առաջարկը, ինչպես նաեւ արտգործնախարար Հաքան Ֆիդանի ակտիվ դիվանագիտական շփումները Վաշինգտոնի եւ Թեհրանի հետ, ցույց են տալիս Անկարայի հավակնությունները՝ դառնալ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության կարեւոր դերակատար։
Թուրքիայի դիրքորոշումն ընդգծում է մի քանի առանցքային տարրեր. Անկարան դեմ է ռազմական լուծմանը, կողմ է ԱՄՆ–Իրան բանակցությունների վերսկսմանը եւ միաժամանակ շեշտում է Իրանի ներքին գործերին արտաքին միջամտության անթույլատրելիությունը։ Ֆիդանի հայտարարությունները, որոնցում նա մեղադրում է Իսրայելին ԱՄՆ-ին ռազմական գործողությունների դրդելու փորձերի մեջ, ցույց են տալիս, որ Թուրքիան փորձում է ցույց տալ, որ հավասարակշռում է ինչպես Արեւմուտքի, այնպես էլ տարածաշրջանային դերակատարների հետ հարաբերությունները։
Ստամբուլ Իրանի արտգործնախարար Արաղչիի այցը եւ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսները վկայում են, որ Անկարան ոչ միայն հռետորաբանորեն, այլ նաեւ գործնականում է ձգտում միջնորդական դերակատարության։ Ի վերջո, փետրվարի 2-ին Reuters-ը հաղորդեց, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունները «հավանաբար» կկայանան Թուրքիայում առաջիկա օրերին։
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարող են փետրվարի 6-ին Ստամբուլում բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում՝ հղում անելով երկու աղբյուրների։ «Վիտկոֆը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում են հանդիպել Ստամբուլում ուրբաթ օրը՝ նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու համար»։ Հավանաբար, ըստ արեւմտյան մամուլի, կմասնակցեն նաեւ Թուրքիայի, Քաթարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ գուցե Պակիստանի եւ Օմանի ներկայացուցիչները։
Մշտական կասկածներ Ադրբեջանի շուրջ
Իրանի շուրջ սրվող լարվածության համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանանում Ադրբեջանի դերակատարումը, որը վերջին տարիներին հայտնվել է Թեհրանի կասկածների կենտրոնում։ Թեեւ Բաքուն պաշտոնապես բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա իր տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը Իրանի դեմ որեւէ ռազմական գործողության համար, այդ հայտարարությունները չեն կարողացել ամբողջությամբ փարատել իրանական կողմի մտահոգությունները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած «Ֆարս Նյուզ» գործակալությունը Ադրբեջանը բնութագրել է որպես «Իսրայելի էներգետիկ եւ լոգիստիկ վահանի» եւ «թշնամու անվտանգության ապահովման շղթայի մի մաս»։ Այս գնահատականը ոչ միայն մեդիա-հռետորաբանություն է, այլ արտացոլում է Իրանի անվտանգության շրջանակներում արմատացած ընկալումը, ըստ որի՝ Ադրբեջանը դիտարկվում է որպես Իսրայելի հետ ռազմավարական համագործակցության առանցքային օղակ։
Հիշեցնենք, որ կասկածներն առավել սրվեցին անցած տարվա հունիսին՝ Իսրայելի եւ Իրանի միջեւ տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ավարտից հետո։ Այդ օրերին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրապարակային կերպով դիմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ կոչ անելով մանրակրկիտ հետաքննել հաղորդումները, որոնց համաձայն իսրայելական անօդաչու թռչող սարքերը կարող էին Ադրբեջանից ներխուժել Իրանի օդային տարածք։ Թեհրանի համար սա ոչ միայն տեխնիկական, այլ խորապես քաղաքական հարց էր, քանի որ այն առնչվում էր Իրանի տարածքային անվտանգությանն ու տարածաշրջանային ուժերի հավասարակշռությանը։
Այս հայտարարությունը նոր թափ հաղորդեց նաեւ դեռեւս պատերազմից առաջ շրջանառվող քննարկումներին, որոնց ընթացքում իրանական եւ որոշ միջազգային աղբյուրներ պնդում էին, որ Ադրբեջանի տարածքը կամ ենթակառուցվածքները կարող էին օգտագործվել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար։ Չնայած Բաքվի կտրուկ հերքումներին, այդ թեման դարձավ տարածաշրջանային տեղեկատվական պատերազմի կարեւոր բաղադրիչ՝ խորացնելով անվստահությունը Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում։
Այս ֆոնին Ադրբեջանի իշխանությունների փորձերը՝ հանդես գալու որպես «չեզոք եւ հավասարակշռող դերակատար», վստահություն չեն ներշնչում։ Իսրայելի հետ սերտ ռազմատեխնիկական համագործակցությունը, խորը փոխկապակցվածությունը տարբեր ոլորտներում եւ Արեւմուտքի հետ անվտանգության ոլորտում խորացող կապերը Բաքվին դարձնում են միաժամանակ անհրաժեշտ գործընկեր, բայցեւ պոտենցիալ վտանգ ու իրական սպառնալիք Իրանի համար։
Հենց այս երկակիությունն է, որ Ադրբեջանի շուրջ ձեւավորում է մշտական կասկածի մթնոլորտ՝ անկախ պաշտոնական հավաստիացումներից, թեեւ պաշտոնական Բաքուն Իրանի շուրջ լարվածության պայմաններում որդեգրել է զգուշավոր դիրքորոշում։ Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը, միեւնույն է, չի վերացնում Իրանի կասկածները։ Միեւնույն ժամանակ, Բաքուն էլ ցույց է տալիս, թե բարդ իրավիճակում է հայտնվել. Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի խոսքերը, թե Ադրբեջանն իրեն «սեղմված է զգում երկու համաշխարհային պատերազմների միջեւ», արտացոլում են Բաքվի ռազմավարական երկընտրանքը՝ միաժամանակ պահպանել հարաբերությունները Արեւմուտքի, Ռուսաստանի, Իսրայելի եւ Իրանի հետ։
Մեծ խաղի մեջ փոքր պետությունների սահմանափակ ընտրությունը
Իրանի շուրջ սրվող զարգացումները բացահայտում են ոչ միայն ԱՄՆ–Իրան կամ Իրան–Իսրայել դիմակայության տրամաբանությունը, այլ նաեւ այն, թե որքան խոցելի են տարածաշրջանի երկրները մեծ տերությունների հակասությունների պայմաններում։ Ռուսաստանը, որի ազդեցությունը Մերձավոր Արեւելքում նկատելիորեն նվազել է, սահմանափակվում է զսպվածության կոչերով։ Թուրքիան փորձում է ամրապնդել միջնորդական դիրքը՝ միաժամանակ առաջ մղելով սեփական տարածաշրջանային շահն ու օրակարգը։ Ադրբեջանը հայտնվում է կոշտ հավասարակշռման դերում՝ մի կողմից հերքելով իր տարածքի օգտագործման հնարավորությունն ընդդեմ Իրանի, մյուս կողմից չկարողանալով լիովին չեզոքացնել Իրանում ձեւավորված խոր կասկածները։
Ակնհայտ է, որ Իրանի շուրջ ճգնաժամը վերածվել է ամբողջական տարածաշրջանային անվտանգության համակարգի համար փորձաքարի։ Ցանկացած ռազմական էսկալացիա, կամ ապացուցված մասնակցություն՝ ուղղակի, կամ՝ անուղղակի, կարող է արագորեն վերափոխել ուժերի հարաբերակցությունը եւ ներքաշել տարածաշրջանի երկրներին անվերահսկելի դիմակայության մեջ։
Հենց այս պատճառով Իրանի շուրջ ընթացող գործընթացները պետք է դիտարկել ոչ թե մեկուսացված, այլ՝ որպես լայն աշխարհաքաղաքական վերադասավորումների մաս, որտեղ փոքր պետությունների համար մանեւրելու դաշտը շարունակաբար նեղանում է։
Իրանի շուրջ սրվող իրավիճակը եւս մեկ անգամ ցույց է տալիս ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմնական հակասությունը. մեծ տերությունները գործում են ուժի եւ ճնշման լեզվով, իսկ տարածաշրջանային փոքր պետությունները ստիպված են մշտապես հավասարակշռել՝ խուսափելով ուղղակի ներգրավվածությունից։
Ռուսաստանը փորձում է պահպանել ազդեցությունը՝ զսպվածության կոչերով, Թուրքիան ձգտում է ամրապնդել իր միջնորդական դերը, Ադրբեջանը՝ չանցնել կարմիր գծերը, իսկ Իրանը հայտնվել է ճնշումների եւ բանակցությունների խաչմերուկում։
Այս համատեքստում տարածաշրջանի ապակայունացման ռիսկը մնում է բարձր, իսկ ցանկացած դիվանագիտական նախաձեռնության հաջողությունը կախված է ոչ միայն կողմերի հայտարարություններից, այլ նաեւ նրանց՝ փոխզիջումների գնալու իրական պատրաստակամությունից։ Իրանի շուրջ ճգնաժամը, հետեւաբար, դառնում է ոչ միայն մեկ երկրի, այլ՝ ամբողջ տարածաշրջանի անվտանգության լակմուսի թուղթը։
Տարածաշրջանային անվտանգային համակարգի փխրունությունը
Վերոհիշյալ զարգացումները վկայում են, որ Իրանի շուրջ լարվածությունը վաղուց դուրս է եկել միայն միջուկային ծրագրի շրջանակներից։ Այն վերածվել է տարածաշրջանային անվտանգության ամբողջ համակարգի կայունության հարցի։ ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճը, Իրանի ներսում շարունակվող բողոքի ցույցերի ճնշումը, ինչպես նաեւ արտաքին դերակատարների բազմաշերտ շահերը ստեղծում են մի իրավիճակ, որտեղ ցանկացած սխալ հաշվարկ կարող է հանգեցնել լայնամասշտաբ ճգնաժամի։
Հուսադրող է սակայն փաստը, որ Թեհրանը չի ձգտում իրավիճակի սրման։ Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրահանգել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, օրերս նախ հաղորդեց Fars գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա բանակցությունները նվիրված են լինելու բացառապես Իրանի միջուկային ծրագրին եւ դուրս չեն գալու այդ շրջանակից։ Այնուհետեւ տարածվեցին Փեզեշքիանի խոսքերը. «Հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքները՝ արձագանքելու ԱՄՆ նախագահի կողմից բանակցությունների առաջարկին, հանձնարարել եմ ԱԳ նախարարին անցկացնել արդար եւ հավասար բանակցություններ»։ Իսկ Թրամփը նույն օրը նշեց. «Եթե մեզ հաջողվի ինչ-որ բան պայմանավորվել, դա հիանալի կլինի։ Եթե ոչ, հավանական է, որ վատ բաներ տեղի կունենան»։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
