Թրամփը ճի՞շտ է հաշվարկել, հարվածելու դեպքում Իրանում իշխանափոխություն կլինի՞
Կհարվածի՞ Թրամփը Իրանին, թե ոչ։ Ի՞նչ կնշանակի չհարվածելը. արձանագրո՞ւմ, որ չհարվածելը որեւէ արդյունք չի տալու Իրանում իշխանության փոփոխության հարցում…
Այս հարցերն են վերջին օրերին առաջատար ԶԼՄ-ների հրապարակումներում, փորձագետների ելույթներում ու հոդվածներում։ Հայաստանի հարեւան Իրանին հարվածելը մեր տարածաշրջանի եւ, ոչ միայն մեր տարածաշրջանի համար, կարող է դառնալ ճակատագրական քայլ՝ հղի անկանխատեսելի հետեւանքներով։
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Մերձավոր Արեւելքում Թեհրանի դիրքերի թուլացման փաստին հաջորդող քայլն, իհարկե, վաղուց քննարկվում էր՝ Իրանին հարվածելը որպես «տրամաբանական» գործողությունների շարունակություն։ Սակայն վերջին օրերին ավելի հաճախ գերիշխում է կարծիքը, որ հազիվ թե Թրամփը հարվածի Իրանին։
«Ես չեմ մտահոգվում պատերազմի համար, ինձ մտահոգում են սխալ հաշվարկները։ Կարծում եմ՝ Թրամփը բավականաչափ իմաստուն է՝ ճիշտ որոշում կայացնելու համար», սրանք Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքերն են։ Իսկ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին օրերս զգուշացրել է՝ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, դա կվերածվի տարածաշրջանային հակամարտության։ Նա շեշտել է, որ ԱՄՆ նախագահի սպառնալիքները չեն անհանգստացնում Իրանի ժողովրդին, եւ որ Թեհրանը չի ցանկանում հարձակվել որեւէ երկրի վրա, բայց «Իրանի ժողովուրդը ուժեղ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա»։
Իսկապես, հարցը կարեւոր է՝ Թրամփի վարչակազմը ճի՞շտ է հաշվել. հնարավոր հարվածներով իշխանափոխություն կլինի՞ Իրանում… Թե՞ ԱՄՆ-ը այլ նպատակներ ունի։
Ռազմական ուժերի կուտակում, զորավարժություններ, Իրանին հարվածելու «շատ բարձր» հավանականություն
ԱՄՆ-ի կողմից ռազմական ուժերի տեղակայումը Մերձավոր Արեւելքում առիթ էր տալիս ենթադրությունների, որ զորավարժությունները կարող են քողարկել Իրանին հարվածելու նախապատրաստությունները։ Վերլուծաբանները մատնացույց էին անում ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում ռազմական տեխնիկայի եւ անձնակազմի տեղակայումը, լարվածության աճը։
«Սա կարող է Իրանին հասցեագրված ուղերձ լինել, որ մենք պատրաստ ենք, մեր հնարավորությունները տեղում են», – «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանն ասել էր Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆարզին Նադիմին՝ հավելելով, որ Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների հավանականությունը «շատ բարձր է»՝ մատնանշելով Պարսից ծոցում ամերիկյան «բացահայտ ագրեսիվ» ռազմական կուտակումները։
Օրեր առաջ հաղորդվեց, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը եւ երեք ուղեկցող կործանիչ նավերը շարժվել են դեպի Մերձավոր Արեւելք՝ տեղափոխելով ավելի քան 5 հազար զինվորական։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ տարածաշրջանում տեղակայվել են F-15E Strike Eagle կործանիչներ։ Զուգահեռաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունվարի 25-ին հայտարարեցին, որ պատրաստվում են Մերձավոր Արեւելքում ռազմական վարժանքներ սկսել՝ «ցույց տալու տարածաշրջանում մարտական օդուժ տեղակայելու, ցրելու եւ պահպանելու կարողությունը»։
Ամերիկյան լրատվամիջոցները գրում էին, որ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական մի շարք տարբերակներ՝ սկսած շաբաթներ կամ ամիսներ տեւող երկարատեւ օդային արշավից մինչեւ Իրանի անվտանգության ուժերին թիրախավորող համեստ եւ հիմնականում խորհրդանշական հարվածներ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ քննարկվել են նաեւ ոչ ռազմական, այդ թվում՝ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների տարբերակները։
Փորձագետները նաեւ նկատում էին, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն ռիսկային է եւ կարող է ազդել ամբողջ տարածաշրջանի վրա։ «ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածի դիմաց վճարվելիք գինը անկանխատեսելի է՝ ԱՄՆ դաշնակիցների դեմ հակահարվածից մինչեւ Պարսից ծոցի նավերի վրա հարձակումներ։ Տարածաշրջանային գործընկերները չեն ցանկանում վճարել այդ գինը», – «Ազատության» իրանական ծառայությանն ասել էր իրանցի նախկին դիվանագետ Մեհրդադ Խանսարին։
Նա պնդել էր, որ միայն օդային հարվածները՝ առանց ցամաքային ներխուժման, Իրանում չեն բերի ռեժիմի փոփոխություն, եթե դա է Վաշինգտոնի վերջնական նպատակը։ Իսկ ցամաքային ներխուժումն Իրան՝ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եւ ամենաշատ բնակչություն ունեցող երկիր, ի սկզբանե անհաջող մտահղացում է, ասում են ռազմական փորձագետներից շատերը։
Reuters-ը գրել էր, որ թեեւ միայն ավիահարվածներով հնարավոր չէ տապալել հոգեւորական իշխանությանը, Թրամփը դիտարկում է Իրանի անվտանգության ուժերին եւ ղեկավարությանը թիրախային հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ նոր ցույցեր հրահրելու համար։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարը կարծիք էր հայտնել, որ Իրանը հիմա ավելի թույլ է, քան երբեւէ, տնտեսությունն էլ փլուզման եզրին է։ Մարկո Ռուբիոն կանխատեսել էր, որ ցույցերը կվերսկսվեն երկրում, որի ազգային արժույթը օրերս հերթական անկումն է գրանցել՝ դոլարի նկատմամբ հասնելով պատմական նվազագույնի։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իր հերթին ասել է, որ ամերիկյան զինուժը պատրաստ է կատարել նախագահի ցանկացած որոշում։
«Իրանն ունի գործարք կնքելու բոլոր հնարավորությունները։ Նրանք չպետք է ձգտեն միջուկային կարողություններ ունենալ։ Մենք պատրաստ կլինենք կատարել այն ամենը, ինչ նախագահն ակնկալում է Պատերազմի նախարարությունից», նշել էր Հեգսեթը։
Միեւնույն ժամանակ, փորձագետների կարծիքով՝ Իրանը անպաշտպան չի մնա հակամարտության դեպքում։ Թեհրանն ունի թեւավոր հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Պարսից ծոցի սահմանափակ ջրերում գտնվող ամերիկյան ռազմանավերին, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հարվածել տարածաշրջանային ռազմաբազաներին։
Իրանը նույնիսկ ակնարկել է այս մասին՝ շաբաթավերջին Թեհրանի գլխավոր հրապարակում մեծ պաստառ տեղադրելով, որի վրա պատկերված է հրթիռների տարափի տակ հայտնված ամերիկյան ավիակիրը։ Նույնիսկ եթե Վաշինգտոնը դիմի հիմնականում խորհրդանշական բնույթ կրող հարվածի, Իրանը, հավանաբար, նույն կերպ կպատասխանի, ասել էր Նադիմին։
Անցյալ շաբաթ, երբ Թրամփը հայտնեց, որ Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան նավատորմն առաջնորդում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, ու այն «շարժվում է մեծ արագությամբ եւ հզոր ուժով»։ Նա նախազգուշացրել էր. «Ինչպես եւ Վենեսուելայի պարագայում, այս դեպքում եւս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն եւ, եթե պետք լինի, բռնության կիրառմամբ»։ Ապա հավելել էր. «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, դա լավ է բոլոր կողմերի համար։ Ժամանակը, սակայն, սպառվում է, սա կենսական խնդիր է։ Ես նախկինում էլ ասել եմ՝ Իրանը պետք է գնա համաձայնագրի կնքման։ Նրանք չլսեցին ինձ, ինչին հետեւեցին «Կեսգիշերային մուրճ» գործողությունը եւ Իրանի ահռելի կորուստները։ Հաջորդ հարվածը ավելի հզոր է լինելու»։ Նաեւ ընդգծել էր. «Մի ստիպեք ինձ գնալ այդ քայլին»։
Իրանի զինված ուժերը պատրաստ սպասում են՝ արձագանքելու ցանկացած ագրեսիայի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Վաշինգտոնից հնչող սպառնալիքներին ի պատասխան, թե՝ Թեհրանը պետք է շտապ բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ։ Նա սոցցանցում գրել էր, որ անցած տարվա 12-օրյա պատերազմից քաղած արժեքավոր դասերից հետո ավելի են ուժեղացրել իրենց ռազմական կարողությունները եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են «ավելի արագ ու հուժկու արձագանքել»։ Այդուհանդերձ, Իրանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը եւ չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, հավելել էր պաշտոնյան. «Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար եւ իրավահավասար միջուկային համաձայնագիրը՝ հավասար պայմաններով, առանց հարկադրանքի, սպառնալիքների կամ ահաբեկման, որը երաշխավորում է խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների կիրառման Իրանի իրավունքը եւ բացառում է միջուկային զենքի տիրապետումը»։
«Ռեժիմի փոփոխությունը լիակատար ֆանտազիա է», պնդում են Թեհրանից, նաեւ հավելում՝ համաձայն են վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ
Իրանն անհապաղ եւ վճռականորեն կարձագանքի «ցանկացած ագրեսիայի», հունվարի 30-ին Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդին էր հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա միեւնույն ժամանակ հավելել էր, որ Իրանը ողջունում է երկխոսությունը եւ չի ձգտում պատերազմի։
Մեկ օր անց Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին CNN Turk-ի հետ զրույցում նշեց, որ Իրանը բաց է բանակցությունների համար, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի սպառնալիքներից եւ հարկադրանքից։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունները՝ Արաղչին նշել է, որ ներկայումս Վաշինգտոնի հետ բանակցությունների համար լուրջ հիմքեր չկան։ Նա ընդգծել է, որ իրական եւ արդյունավետ բանակցությունների համար ԱՄՆ-ն պետք է երաշխավորի, որ նոր հարձակում կամ սպառնալիք չի լինի, եւ պետք է վերանա ճնշման մթնոլորտը։
CNN Turk-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարը եւս մեկ անգամ շեշտեց, որ Իրանի վրա ցանկացած հարձակման դեպքում պատասխանը «շատ կոշտ» կլինի։ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների սպառնալիքներին ի պատասխան՝ Արաղչին ասել է, որ Թեհրանը պատրաստ է կա՛մ բանակցությունների, կա՛մ պատերազմի, ինչպես նաեւ պատրաստ է համագործակցել տարածաշրջանային երկրների հետ՝ կայունությունն ու խաղաղությունը խթանելու համար։ «Ռեժիմի փոփոխությունը լիակատար ֆանտազիա է։ Ոմանք ընկել են այս պատրանքի թակարդը», պնդել էր Արաղչին։
Այսպես, չնայած կոշտ դիրքորոշմանը՝ Թեհրանը ցույց տվեց, որ բանակցությունների պատուհանը բաց է թողել։
Թրամփը փոքր-ինչ մեղմեց դիրքորոշումը
ԱՄՆ նախագահի կողմից նախազգուշական ու սպառնալից տոնայնությամբ հայտարարությունների ֆոնին որոշակի մեղմացում նկատվեց։ Շաբաթ օրը Դոնալդ Թրամփը նախ լրագրողներին հայտնեց, որ Իրանը լրջորեն բանակցում է Վաշինգտոնի հետ, ապա նշեց, թե կարծում է, որ Իրանը կփորձի բանակցել համաձայնագրի շուրջ՝ ամերիկյան ռազմական գործողություններին բախվելու փոխարեն, թեեւ Վաշինգտոնին ի պատասխան Թեհրանը զգուշացրել էր, որ պատրաստ է «անհապաղ արձագանքելու ցանկացած ագրեսիայի»։
«Հուսով եմ՝ մենք կկնքենք համաձայնագիր։ Եթե մենք համաձայնագիր կնքենք, դա լավ է։ Եթե համաձայնագիր չկնքենք, կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել էր Թրամփը։
ԱՄՆ նախագահը հստակ նշեց, որ ծրագրում է խոսել Իրանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելք է ուղարկել եւս մեկ ռազմանավ, իսկ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ զինվորականները պատրաստ են նախագահի ցանկացած որոշման։ Թրամփը չէր մանրամասնել Իրանի հետ երկխոսության բնույթի եւ ժամկետների մասին, ինչպես նաեւ չէր նշել, թե Վաշինգտոնից ո՞վ է ղեկավարելու բանակցությունները։ Ի դեպ, Թրամփը նաեւ ընդգծել էր, որ ԱՄՆ վարչակազմը տարածաշրջանում դաշնակիցներին չի տեղեկացրել հնարավոր ռազմական հարվածների մասին՝ վկայակոչելով անվտանգության նկատառումները։
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ արեց բանակցություններ սկսել՝ «տարածաշրջանում ավերիչ հետեւանքներ ունեցող ճգնաժամից խուսափելու համար»։
ԵՄ-Իրան լարվածության նոր առիթ
Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա Եվրամիության արտգործնախարարները նոր պատժամիջոցներ հաստատեցին իրանցի պաշտոնյաների դեմ։ ԵՄ արտաքին գործերի նախարարները Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչեցին որպես ահաբեկչական կազմակերպություն, հայտնեց ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ «Բռնաճնշումները չեն կարող անպատասխան մնալ։ Ցանկացած ռեժիմ, որը սպանում է իր սեփական քաղաքացիներին, գնում է դեպի իր սեփական փլուզումը», – գրել էր Կալլասը։ «Սա նրանց կդնի նույն մակարդակի վրա, ինչ «Ալ Քաիդա»-ն, «Համաս»-ը, «Դաեշ»-ը։ Եթե դու գործում ես որպես ահաբեկիչ, ապա քեզ նաեւ պետք է որպես ահաբեկչի վերաբերվեն», հավելել էր Կալլասը։
Ֆրանսիան հայտարարեց, որ կաջակցի նախաձեռնությանը։ Գերմանիայի ԱԳ նախարարը եւս ասել էր, որ դա անհրաժեշտ միջոց է՝ հաշվի առնելով, թե «ինչ դաժանություններ են գործել իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ»։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ այս որոշումից հետո հայտարարել է. «Սա վաղուց պետք է արվեր»։
Միեւնույն ժամանակ, դաշինքը նաեւ վիզային արգելքներ եւ ակտիվների սառեցում սահմանեց 21 պետական կառույցների եւ իրանցի պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի եւ ԻՀՊԿ տարածաշրջանային հրամանատարների նկատմամբ։ Ավելի վաղ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչվել ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի եւ Շվեդիայի կողմից։
Քննադատելով Եվրամիության կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը՝ Իրանի ԱԳ նախարարը պնդել է, որ այդ որոշումը «մեծ ռազմավարական սխալ» էր՝ նշելով, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարեւոր դեր է խաղում ISIS-ի եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, եւ Եվրոպայի դիրքորոշումը տարածաշրջանում լարվածությունը չի նվազեցնի։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանն «ահաբեկչական խմբավորումներ» է համարում ԵՄ երկրների բանակները, որոնք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել են դաշինքի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Անցյալ կիրակի այդ մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Կալիբաֆը, հավելելով, որ եվրոպացիները հերթական անգամ որոշում են կայացրել, որը հակասում է իրենց ժողովրդի շահերին՝ «կուրորեն հնազանդվելով ամերիկացիներին»։ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու դեմ հակաքայլերի մասին օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ եվրոպական երկրների բանակները համարվում են ահաբեկչական խմբավորումներ», – ասել է Կալիբաֆը՝ հավելելով, որ Ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովը կքննարկի ԵՄ երկրների ռազմական կցորդների արտաքսման հարցը։
Այսպիսով, Իրանի շուրջ ձեւավորված իրավիճակը ցույց է տալիս, որ ուժի կիրառումը ոչ միայն չի երաշխավորում իշխանափոխություն, այլ կարող է խորացնել տարածաշրջանային անկայունությունը՝ առանց ԱՄՆ-ի համար կանխատեսելի շահերի։ Թրամփի վարչակազմի կողմից ռազմական ճնշումը առավելապես, կարծես, բանակցային լծակ լինի, քան իրապես իրագործելի ռազմավարություն՝ հաշվի առնելով Իրանի ռազմական եւ քաղաքական դիմադրողականությունը։ Թեհրանի պահվածքը վկայում է, որ իշխանությունը չի գտնվում փլուզման եզրին եւ պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ կոշտ հակազդման։ Իսկ ԵՄ-ի պատժամիջոցային քաղաքականությունը, թեեւ ամրապնդում է միջազգային ճնշումը, սակայն չի լուծում հիմնախնդիրը եւ նպաստում է բեւեռացման խորացմանը։ Այս պայմաններում ցանկացած ռազմական սխալ հաշվարկ, այո’, կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ ներքաշելով ամբողջ տարածաշրջանը լայնածավալ հակամարտության մեջ։
Շարունակությունը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.02.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: