Ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանի՝ ԵԽԽՎ զեկույցը խայտառակ էր եւ այն ձեւակերպումներով, որոնք այնտեղ կան՝ այսինքն եկեղեցու հետ կապված, մի շարք այլ խնդիրների հետ կապված, եւ ավելի շատ այն ձեւակերպումների հետ կապված, որոնք այնտեղ չկան՝ քաղբանտարկյալներ, հակաժողովրդավարական գործընթացներ, դատական եւ իրավական համակարգի նկատմամբ ճնշումներ եւ այլն։
Ստրասբուրգում հունվարի 26-30-ն ընթացավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը։
Ընդունվեց «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձևը, որտեղ անդրադարձ կա նաև ՀՀ-ում իրավիճակին՝ որպես ամբողջական մոնիտորինգի տակ գտնվող երկիր։ Փաստաթղթում մասնավորապես ամրագրված է․ «Վեհաժողովը ցավում է Հայաստանում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման և խարանման համար՝ բոլոր կողմերից։ Այն խորապես մտահոգված է ՀՀ վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն պատկանող մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հայտարարություններով»։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանին խնդրեցինք մեկնաբանել այս խնդրահարույց արձանագրումները։ Նա արձագանքեց․ «Խնդրահարույց ձևակերպումը չափից ավելի մեղմ է։ Դա խայտառակ զեկույց էր ե՛ւ այն ձևակերպումներով պայմանավորված, որոնք այնտեղ կան՝ այսինքն եկեղեցու հետ կապված, մի շարք այլ խնդիրների հետ կապված, ե՛ւ ավելի շատ այն ձևակերպումների հետ կապված, որոնք այնտեղ չկան՝ քաղբանտարկյալներ, հակաժողովրդավարական գործընթացներ, դատական և իրավական համակարգի նկատմամբ ճնշումներ և այլն»։
Պատգամավորը վստահեցրեց՝ Հայաստանի հարցով համազեկուցողները տեղեկացված են եղել ՀՀ-ում կատարվողի մասին ամենատարբեր ձևերով՝ գրավոր նամակներ, հանդիպումներ, ելույթներ․ «Բոլոր հնարավոր և անհնար ձևերով տեղեկացված են եղել ՀՀ-ում տեղի ունեցող ցանկացած հակաժողովրդավարական գործընթացներից։ Այսինքն՝ այստեղ տեղյակ չլինելու տարբերակը բացառվում է։ Իսկ թե ինչո՞ւ են այդպես որոշել գրել՝ չէի ուզենա ենթադրություններ անել, բայց իմ վերլուծությամբ՝ խնդիրն աշխարհաքաղաքական շահերը մարդու իրավունքներին, ժողովրդավարական արժեքներին գերադասելն է, որն ինձ համար անընդունելի մոտեցում է»։
Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ երեկ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ընդդիմադիր պատգամավորները՝ ինքը, Արմեն Ռուստամյանն ու Արմեն Գևորգյանը, հանդիպել են համազեկուցողների հետ․ «Եվս մեկ անգամ ներկայացրել ենք ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր հակաժողովրդավարական գործընթացները, եկեղեցու դեմ ծավալվող պայքարը, քաղբանտարկյալներին, դատական համակարգը․ ամեն ինչ, ինչի մասին խոսում ենք ամեն օր, ներկայացրել ենք փաստերով, ներկայացրել ենք մեր դժգոհությունը զեկույցում տեղ գտած ձևակերպումների հետ կապված։ Իրենց արձագանքը հրապարակել չեմ կարող։ Բայց անկախ ամեն ինչից, դա չի նշանակում, որ այդ աշխատանքն անհրաժեշտ չէ տանել․ մենք շարունակելու ենք նույն կերպ՝ գրավոր, բանավոր, ֆորմալ, ոչ ֆորմալ խողովակներով բարձրաձայնել այդ խնդիրները»։
Մեր այն դիտարկմանը՝ երբ ԵԽԽՎ Պահպանողականների խմբի խոսնակ Էդվարդ Լեյը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ինքն է ուզում ղեկավարել Հայ առաքելական եկեղեցին և այն փոխել ազգային եկեղեցով, որը չի կարողանա խառնվել ազգային գործերին և հարցրեց՝ սա մի՞թե խախտում չէ ժողովրդավարության, կրոնական ազատությունների և խոսքի ազատության, որը ԵԽ յուրաքանչյուր անդամ ստանձնել է, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ դա բամբասանք է և նշեց՝ լսել ենք այս հայտարարությունները՝ բռնի կերպով հեռացնելու իշխանությունից ժողովրդավարության եղանակով ընտրված ղեկավարներին։ Արարատ Միրզոյանը վստահեցրել էր, որ ՀՀ-ում հոգևորականների նկատմամբ որևէ հալածանք չկա։ Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցինք՝ ՀՀ ԱԳ նախարարի հայտարարություններից հետո ձեր՝ որպես ընդդիմության ներկայացուցիչների, գործը չի՞ բարդանա ԵԽԽՎ պատվիրակներին ինչ-որ բան ապացուցելու հարցում, նա պատախանեց․ «Մեր գործը երբեք էլ հեշտ չի եղել։ Բացատրեցի, թե ինչու։ Խիստ կասկածում եմ, որ Արարատ Միրզոյանի խոսքն այն կշիռն ունի, որ դրանով պայմանավորված՝ որևէ բան բարդանա կամ հեշտանա՝ մանավանդ հաշվի առնելով, որ իր պատասխանը բավականին թույլ էր, նկատելի էր, որ դրանում մանիպուլյացիա կա»։
Մեր դիտարկմանը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ից եկող արտաքին ազդեցությունների հետ կապված՝ եվրոպացի պատվիրակների հարցերին ի պատասխան Արարատ Միրզոյանը կարծես իր պատասխաններում հստակ չանդրադարձավ Ռուսաստանին, սա ինչպե՞ս կմեկնաբանեք, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Չեք տեսել, որովհետև դա չի ասել։ Ոչ միայն այս Վեհաժողովում, այլ առհասարակ իմ միջազգային կապերից ու աշխատանքից, ոչ միայն դրանից հետևում է, որ առկա է որոշակի քարտ բլանշ Փաշինյանին, որն ինձ համար անընդունելի է։ Դրա պատճառներն ինձ համար գուցե ենթադրելի են, բայց ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ մեր եվրոպացի գործընկերները պատրաստ են այս կամ այն, ընդ որում սխալ ներկայացված քաղաքական շահի համար, զոհաբերել մարդու իրավունքների արժեքները, ժողովրդավարական արժեքները, այն բոլոր արժեքները, որոնք միշտ եղել են անկյունաքարային, որոնց բարձրացմամբ և պաշտպանությամբ իրենք միշտ աչքի են ընկել։ Դա ինձ համար անհասկանալի և անընդունելի աշխատելաոճ է»։
Փաստեցինք՝ կարծիքներ կան, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում ընդունված բանաձևը «Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալումն է և խայտառակությունը»՝ մասնավորապես այդպիսի գրառում էր կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։ Հայկ Մամիջանյանն արձագանքեց․ «Ես Նիկոլ Փաշինյան-2-ին արձագանքելու որևէ նպատակ չեմ տեսնում»։ Մեր հակադարձմանը, բայց փաստ է, որ բանաձևում կան այդ ձևակերպումները, Հայկ Մամիջանյանն արձագանքեց․ «Չեմ կարծում, որ աշխարհում կա որևէ մարդ, ով ավելի քննադատ ու պահանջկոտ է մոտենում իմ աշխատանքին, քան ես՝ ինքս»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.01.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: